ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ` «ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-ԻՆ. «ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ ՆՊԱՏԱԿՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵ
Արխիվ 12-16ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ` «ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-ԻՆ. «ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ ՆՊԱՏԱԿՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ ՉԷ»
Արցախում մայիսի երեքին տեղի են ունենալու խորհրդարական ընտրություններ: Սակայն արդեն հնչում են հայտարարություններ ընդդիմադիր քաղաքական ուժերին հալածելու մասին: Մասնավորապես «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել Արցախի ոչ իշխանական ուժերից մեկի` «Ազգային վերածնունդ» կուսակցության նկատմամբ իրականացվող հալածանքների մասին: ԼՂՀ մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն «Իրավունքի» հետ զրույցում հերքեց հալածանքների մասին լուրերը. «Այդ մարդկանց նպատակն ընտրություններին մասնակցելը չէ, այլ ինչ-որ ուրիշ խնդիրներ: Երեւի հասկանալով, որ շատ քիչ ձայներ ունեն 3000 քվե ստանալու եւ գոնե մեկ հոգի ունենալու խորհրդարանում, իրականությանն ընդհանրապես չհամապատասխանող լուրեր են տարածում: Հավանաբար, բնակչության շրջանում էլ լուրջ չեն ընդունվում»:
Ինչ վերաբերում է ազատամարտիկ, «Շարժում-88» կուսակցության մեծամասնական թեկնածու Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե Արցախի իշխանությունից դժգոհություն կա, հետեւաբար արցախցիներն ավելի շատ հակված են ընդդիմադիր ուժերին, Դավիթ Բաբայանն այսպես արձագանքեց. «Ասել, որ դժգոհություն ու խնդիր չկա, ճիշտ չի լինի: Տարբեր կարծիքներ կարող են լինել, չէ՞ որ Արցախը ժողովրդավար երկիր է»:
Դավիթ Բաբայանի խոսքով` ընդդիմությունը պիտի քննադատի, որը խաղի կանոններից մեկն է, բայց ընտրությունները ցույց կտան հասարակության տրամադրվածությունը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
