ՆԿԱՐՉՈՒՀՈՒ ՀԱՅՏՆԱԲԵՐԱԾ ՀԱՅ-ՍԵՐԲԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՆԿԱՐՉՈՒՀՈՒ ՀԱՅՏՆԱԲԵՐԱԾ ՀԱՅ-ՍԵՐԲԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի նախաձեռնությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց սերբահայ գեղանկարիչ Անամարիա Վարդապետյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
«Կյանք» խորագրիրը կրող ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին: Ներկայացված են բնանկարներ, հայկական եւ սերբական մշակույթի հուշարձանները պատկերող նկարազարդումներ, ինչպես նաեւ հայ եւ սերբ արվեստագետների դիմանկարներ:
Սերբահայ նկարչուհին իր՝ նոր սերտվող հայերենով ողջունեց ներկաներին: Պատմեց, որ իր պապերը Արևմտյան Հայաստանից՝ Կարինից են եղել: Նրա մայրը սերբ է, հայրը՝ հայ.«Իմ աշխատանքներում սերբական եւ հայկական մշակույթները ներդաշնակ լուծումներ են գտնում ,- նշեց Ա.ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ,- բայց այս ցուցահանդեսը շատ կարևոր էր ինձ համար հատկապես Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին ընդառաջ»:
Հայաստանի նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆՆ ափսոսանք հայտնեց, որ գեղնկարիչը չի ապրում եւ ստեղծագործում Հայաստանում, բայց վստահեցրեց , որ այս ցուցադրությունը մեծացնելու է կապը հայրենիքի հետ: Նա նշեց, որ հետագայում Նկարիչների Միությունը սիրով կհյուրընկլալի սերբահայ հեղինակին ՝ իր ցուցադրություններով:
«Նման ցուցադրությունները փաստում են, որ հին մորթվողի հոգեբանությունը մի կողմ է դրվում, Թուրքիան մոլորակի թիվ մեկ մեղքի բեռնակիրն է, մենք եղել եւ մնում ենք լույսի մշակույթի, գիտության, հարատևման բեռնակիրը »,- նշեց ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆԸ:
Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ էլ նշեց, որ Սերբիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ նախագծի մշակմանն առնչվող աշխատանքներ են իրականացվում:
Անամարիա Վարդապետյանը սերբիայի նկարիչների միության անդամ է, Բելգրադի արվեստի համալսարանի մագիստրոս եւ բարձրագույն մասնագիտական քոլեջի դասախոս: Անամարիա Վարդապետյանն արտերկրում եւ Սերբիայում մասնակցել է 32 անհատական եւ 80 խմբակային ցուցահանդեսի:
Նշենք, որ ցուցահանդեսը բաց է մինչեւ ապրիլի 25-ը :
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
