ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱԿԱՆ ԿԱՊԱՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱԿԱՆ ԿԱՊԱՆՔՆԵՐԸ
Օրերս տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 13-րդ ժողովը, որտեղ բաց քվեարկությամբ հերթական անգամ Ռուբեն Հայրապետյանը միաձայն վերընտրվեց ՀՖՖ նախագահ: Թե ինչ տեսք կունենար այդ քվեարկությունը` փակ լինելու դեպքում... Չէ, հազիվ թե, բան փոխվեր, հաշվի առնելով, որ, ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը, Ռուբեն Հայրապետյանին ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել էին ՀՖՖ անդամ 8 ակումբներ: Ինչեւէ, արդեն նույնիսկ ՀՖՖ-ն` առանց Ռուբեն Հայրապետյանի, դժվար է պատկերացնել, ինչպես որ դժվար է հավատալ, որ հայկական ակումբները կամ նույնիսկª հավաքականը միջազգային արենայում որեւէ լուրջ հաջողություն կունենան: Ինչեւէ, փաստն այն է, որ հայկական ֆուտբոլը դեռ որոշ ժամանակ կմնա ՙհայրապետյանական՚ կապանքների մեջ:
Միայն թե, այս ամենից հետո դեռ դժվար է մի բանի ընտելանալª պարոն Հայրապետյանի հումորին: Նկատի ունենք, որ միաժամանակ խոսվեց նաեւ շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդին Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում հայտնվելու եւ անհայտանալու մասին, որին պարոն Հայրապետյանը հաստատ չգնահատված կամ հասարակ մահկանացուներիս կողմից չգիտակցված հումորով ՀՖՖ-ի 13-րդ ժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում արձագանքեց. ՙԵս ընկա երկրպագուների հոսանքի տակ եւ սխալվեցի: Մեր հավաքականի մարզիչը պետք է հայ լինի: Միայն ու միայն հայը կարող է մտածել, թե ընտրանին ինչի համար է խաղալու ու ոգեւորությունն ում համար է լինելու: Ես խոստանում եմ, որ մոտ ժամանակում կիմանաք, թե ով է ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը՚,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Դե, որպեսզի ՙսխալ ազդեցություններից՚ զերծ մնա, ուրեմն ՙկորչեն՚ մասնագետները, էլ չենք խոսում լրագրողների եւ ֆուտբոլասերների մասին: Մարզիչի ընտրության բացառիկ մենաշնորհը պետք է վերպահել միայն ՀՖՖ-ին, այսինքնª անձամբ պարոն Հայրապետյանին: Իսկ դա նշանակում է, որ եթե առաջներում միայն նշանակումից հետո էինք իմանում, թե ով է հավաքականի նոր մարզիչը, հիմա դրանից հետո էլ, անունը կգաղտնիացվի. թե չէ, մեկ էլ տեսար մարզասերներն աչքով տվեցին, ու ամեն ինչ թարսվեց:
Չնայածª վերջում պարոն Հայրապետյանը նաեւ ընդունեց. ՙՄարզչի նշանակման հարցում ինձ մեղադրում եմ, քանի որ վերջին ընտրությունը ես եմ կատարել: Այո, սխալվել եմ, սակայն պետք չէ միայն մարզչին մեղադրել: Հավաքականում կան բազմաթիվ դժվարին խնդիրներ` կապված ֆուտբոլիստների հետ: Ըստ երեւույթին, հիշում եք, որ ժամանակին ունեինք հավաքական, ուր խաղում էին Քարամյանները, Ռոմիկ Խաչատրյանը… Հավաքական էին գալիս տուրիստի կարգավիճակով: Մենք այժմ նույն տեսակի ֆուտբոլիստներից ունենք: Խոստանում եմ մոտ ժամանակում արագ կարգավորել ընտրանու կարգապահությունը՚: Միանգամայն տեղին է: Բայց մեկ բան էլ չմոռանանք. երկիրը, որ չունի սեփական գոնե տանելի առաջնություն, նաեւ լուրջ հավաքական չի կարող ունենալ: Մի քիչ էլ խորքերը գնանք. եթե չունես ֆուտբոլիստների պատրաստման լուրջ դպրոցª սկսած մանկահասակ երեխաներից, նորմալ առաջնություն չես էլ ունենա: Իսկ այն երկրում, որտեղ, ասենք, ժամանակին հրաշք համարվող ՙՀրազդան՚ մարզադաշտը վերածվել է սովորական տոնավաճառի, լուրջ մանկական սպորտ հաստատ չես ունենա: Այսինքնª պատճառները շատ են եւ հանուն արդարության խոստովանենք, որ միայն Հայրապետյանի կամ հավաքականի մարզչի վրա մեղքը բարդելովª խնդիրը չի լուծվի:
Իսկ սրա փոխարեն, թե նույն ժամանակաշրջանում ինչ մարզադաշտեր են սկսել կառուցել մեր հարեւան Ադրբեջանում, թե այդ մասին այլ երկրներում ինչքան են խոսում... Բայց չէ որ ֆուտբոլի քաղաքական կողմը եւս պակաս կարեւոր չէ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
