Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԱՐԱՔՍԻ ՏԱՏԻԿՆ ԷԼ Է ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԵԼ ԹՈՒՐՔ ԳԱԶԱՆԻ ՁԵՌՔԻՑ

Արխիվ 12-16

ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԱՐԱՔՍԻ ՏԱՏԻԿՆ ԷԼ Է ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԵԼ ԹՈՒՐՔ ԳԱԶԱՆԻ ՁԵՌՔԻՑ


Ժամանակն իր հետ տանում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած վկաներին, որոնց թիվը Հայաստանում այսօր 30 է: Գրեթե չկա մի հայ, ում նախնիները զոհ գնացած կամ էլ` վերապրած չլինեն 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրագործված այդ սարսափելի ոճրագործությանը: Դերասան ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ էլ «Իրավունքին» ցավով պատմեց, որ իր Արաքսի տատիկն էլ ականատես է եղել սարսափելի տեսարանների ու հրաշքով փրկվել թուրք գազանի ձեռքից:

«ԳԱՂԹԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԵՏ ԱՆՑԵԼ ԵՆ ԱՐԱԶՆ ՈՒ ՓՐԿՎԵԼ»

- Ցավոք, ես էլ եմ այն արյան կրողը, ում նախնիները Հայոց ցեղասպանությունը վերապրել են: Արմատներով Էրզրումից եմ` հորական տատիկս իր քրոջ ու 2 եղբայրների հետ 1915-ին Էրզրումից գաղթել են Հայաստան: Տատիկս պատմում էր, որ ինքը տան 2-րդ երեխան է եղել, իրենից մեծը եղել է քույրը, ով գաղթի ժամանակ 16 տարեկան է եղել, իսկ ինքը` 14, 2 եղբայրները` 11 եւ 9 տարեկան: Պատմում էր, որ ծնողներին իրենց աչքի առաջ սրախոխող են արել, իսկ իրենք էլ հրաշքով փրկվել են: Տատիկիս պապիկը Էրզրումում եղել է վանահայր, երբ իրենց սպանել են, երեխաները գաղթական խմբի հետ անցել են Արազն ու փրկվել: Տատիս պատմություններով` մի եղբոր մեջքին կապված է եղել ոսկուց գոտի, իսկ մյուս եղբոր մեջքին` Աստվածաշունչ: Արազն անցնելիս` ոսկուց գոտին գետը քշել տարել է, իսկ Աստվածաշունչը մնացել է, ու այդ Աստվածաշնչով եկել հասել են Գյումրի` ամերիկյան որբանոց: Միառժամանակ որբանոցում մնալուց հետո սկսել են աշխատել, որից հետո հայտնվել են իրենց կողակիցները` քույրը ամուսնացել է Երեւանում, տատիկս` Գյումրիում: Եղբայրներից մեկն ամուսնացել ու Երեւան է եկել, իսկ մյուսը` ամուսնացել է Երեւանում, հետո մասնակցել 1941-45թթ. հայրենական պատերազմին ու զոհվել այնտեղ: Այդ պապիկիս մասին ոչ մի տեղեկություն չունեմ, շատ եմ ուզում որեւէ լուր գտնեմ իր մասին, նույնիսկ գնացել եմ արխիվ, բայց ապարդյուն:

 

 

«ՄԱՍՈՒՆՔԻ ՆՄԱՆ ՊԱՀԵՑԻ ՏԱՏԻՍ ԱՆՁՆԱԳԻՐՆ ՈՒ ԾՆՆԴԱԿԱՆԸ»


- Արտաշես, իսկ մորական կողմից է՞լ են գաղթել Արեւմտյան Հայաստանից:

- Մայրական տատիկս բնիկ գյումրեցի է, իսկ պապիկս` բուլղարացի: Նա էլ 1915-ին ջարդի ժամանակ ընտանիքով գաղթել է Բուլղարիա: Բայց, ցավոք, ես քիչ տեղեկություն ունեմ այդ մասին, այն ժամանակ այդքան խելք չունեի, որ հետաքրքրվեի, թե որտեղից են փախել, ինչ է տեղի ունեցել: Իսկ հորական տատիկիցս արդեն հետաքրքրվեցի, իմացա պատմությունն ու ձեռքիս տակ եղած փաստաթղթերը սկսեցի հավաքել: Այդպես մասունքի նման պահեցի տատիս անձնագիրն ու ծննդականը, որը Խորհրդային Միության տարիներին էին տվել, բայց շատ անգրագետ բացթողումներով: Ծննդյան թվականը մի տեղ նշել են 1904, մի տեղ` 1906, բայց բանից պարզվում է` նա 1890-ականների ծնված է եղել, իր  եղբայրներն են 1904 եւ 1906 թվականներին ծնվել: Մի խոսքով` տատիկս մահացավ 1984 թվականին` մոտավորապես 98 տարեկան էր:


«ՄԻ ԿԵՐՊ ՋՈՒՐՆ ԱՆՑԱՆՔ` ՄԵԿԻ ՓԵՇԻՑ ԲՌՆԵԼՈՎ,

ՄԵԿԻ ՓԵՇԻՑ ԿԱԽՎԵԼՈՎ...»


- Ինչ-որ գաղտնիքներ կա՞ն, որ որպես թոռնիկ վստահել է Ձեզ:

- Նա պատմում էր, թե որտեղ է եղել իրենց տունը, որ իրենց գյուղում, որտեղ ծնվել են, մի սար է եղել, այդ սարի վրա` մեծ քար, որը կոչվել է Պառավաքար: Այդ սարի տակ եղել է իրենց սեփական տունը: Հետո էլ ասում էր, թե ոսկիներ են ունեցել ու որտեղ են պահված, ու որ հանկարծ երբեւիցե գնամ, անպայման կգտնեմ այդ տունը ու այսինչ տեղում պահած ոսկիները: Բայց հիմա ո՞վ է այնտեղ քարը քարին թողել, որ ինչ-որ բան գտնես: Շատ քիչ բան էր պատմում, անընդհատ լռում էր ու հիշում իրենց տեղափոխվելը, Արազով անցնելը, թե ինչպես են սոված, ծարավ դաժան ճանապարհ անցել մինչեւ հասել են որբանոց: Ասում էր. «Ջարդը սկսվեց, ու ջարդի ժամանակ մենք որբ մնացինք... Ճանապարհը ոտքով, սայլերով փախանք, մի կերպ ջուրն անցանք` մեկի փեշից բռնելով, մեկի փեշից կախվելով...», բառիս բուն իմաստով, Արաքսի տատիս խոսքերն եմ կրկնում:

- Իսկ երբեւէ Արեւմտյան Հայաստանում եղե՞լ եք:

- Ոչ, բայց կուզենայի անպայման գնալ: Նախ` Էրզրումում կլինեի` տատիս գյուղում, որտեղ իրենք են ապրել, կլինեի մեր հողերում, կշնչեի այդ հողի հոտը, մի բուռ հող կուտեի ու սիրտս կհանգստանար: Չեմ եղել, բայց համոզված եմ, որ շուտով բոլորս կլինենք այնտեղ:


«ԵԹԵ ՈՉ ԵՍ, ԲԱ Ո՞Վ ՑՈՒՅՑ ՏԱ, ԹԵ ԹՈՒՐՔՆ ԻՆՉ ԶԶՎԵԼԻ,

ԳԱԶԱՆ ԿԵՆԴԱՆԻ Է»


- Այդ ամենը որքանո՞վ է արտացոլվում ձեր ստեղծագործական աշխատանքում կամ էլ` կերտած կերպարներում:

- Ես դարձա այդ ամենի կրողը, դա արյան կանչ է, իմ բազմաթիվ գործերում աշխատանքներում` լինի դա ֆիլմ, ներկայացում, բեմադրություն, թե նկարչություն, այն իր արտացոլումն ունենում է: Օրինակ` Սանկտ Պետերբուրգում տարիներ առաջ իմ բեմադրած «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացումը ամբողջն իմ հոգու արյան կանչն էր, հոգուս ճիչը, իմ պատասխանը Օսմանյան Թուրքիային: Այնտեղ իրականում լաց ու կոծ չկա, այն ռազմահայրենասիրական, մարտական ոգով ներկայացում է, որտեղ խաղում էին 70-80 մարդ, իսկ ներկայացումը 4 լեզվով էր արված` հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն: Մասնակցում էին տաբեր ազգի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Սովետական Միության ժողովրդական արտիստ Վլադիմիր Թաթոսովը եւ տարբեր վաստակավոր արտիստներ ու ռուս դերասաններ: Բացի այդ, ֆիլմերում էլ արյան կանչով իմ բողոքն ու ցասումն արտահայտեցի. «Վերադարձ» սերիալում, երբ կերտում էի թուրքի կերպարը: Այդ ժամանակ ինձ մեղադրում էին` բայց թուրքի կերպա՞ր: Ես ասում էի, լավ, եթե ոչ ես, ոչ դու կամ նա ցույց չտա, բա ո՞վ ցույց տա, թե թուրքն ինչ զզվելի, գազան կենդանի է, ինչի ընդունակ անասուն: Այդ դերով իմ բողոքն արտահայտեցի: Դրանից հետո Երեւանում հիմնեցի դպրոց-ստուդիա, որտեղ տարիքային սահմանափակում չկար` ամենափոքրը 9, ամենամեծը` 55 տարեկան եւ բեմադրեցի այդ նույն ներկայացումը այստեղ:

- Իսկ Հայաստանում պրոֆեսիոնալ դերասանների հետ կբեմադրե՞ք առաջիկայում այդ ներկայացումը:

- Ուզում եմ խնդրանքս ու նամակս ուղղեմ պարոն Վիգեն Սարգսյանին, որ հնարավորություն ընձեռեն` այս ներկայացումը բեմադրենք պրոֆեսիոնալ դերասանների հետ: Ի լուր աշխարհի` կարելի էր այս ներկայացումով, որպես հերոսամարտ, գնալ ու ամեն տեղ ներկայացնել: Եթե զենքներս վայր չենք դրել, չենք նահանջել ու չենք հանգստացել, ուրեմն` կարելի է գնալ առաջ: Հիմա, որ ասենք 100-րդ տարելիցը նշում ենք ու դրանով վերջ, հանգստացանք ու զենքներս ծալենք դնենք, ամենամեծ սխալը կլինի: Ընդհակառակը` մեր պայքարը նոր է սկսվում, մենք պետք է արվեստի ու գրականության միջոցով նոր պայքար սկսենք:


«ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՊԵՏՔ Է ԴԱ ԱՍԵՐ ՈՒ ԱՍԱՑ»


- Կարծես, աշխարհը գնում է նրան, որ կամաց-կամաց սեղմի Թուրքիայի գոտին, դա է վկայում Հռոմի պապի ելույթը, Եվրախորհրդարանի` Հայոց ցեղասպանության ընդունումը...

- Եթե ուշադրություն դարձրեցիք, իրենք էլ` ինչ-որ շիզոֆրենիկ պատասխաններ տվեցին, չիմանալով, որ այս երկրագնդի վրա մենակ իրենք չեն ապրում: Բայց Հռոմի պապն ասաց` մենք` քրիստոնյաներս, ուշ թե շուտ պետք է ասենք այդ ճշմարտությունը, պետք է բարձրաձայնենք, որովհետեւ ճշմարտությունից այն կողմ չենք կարող գնալ: Հռոմի պապը ազնվաբարո անձնավորություն է, դեռեւս, երբ նա Արգենտինայում էր, իրեն ճանաչում էին` որպես ճշմարտասեր, արդարացի եւ ժողովրդասեր Պապ: Հռոմի պապը պետք է դա ասեր ու ասաց: Իրեն առողջություն ու Աստված երկար կյանք տա, որ նա միշտ ճշմարտությունը պահի, ասի` այո, ճշմարտությունը չի կարելի թաքցնել ու չի կարելի չբարձրաձայնել: Փառք ու պատիվ նաեւ այն բոլոր մարդկանց, ովքեր այդ ամենը կազմակերպել էին, հատկապես` Հայաստանից գնացած մեր կաթողիկոսների ելույթից հետո հպարտ զգացի ինձ, որ հայ եմ: Մարդկությունը կամաց-կամաց հետաքրքրվում է հայերի կենսագրությամբ, պատմությունով, աշխարհագրական դիրքով: Ի վերջո, կգա մի օր, որ երեւի ամբողջ աշխարհը կպարզի, որ սերել են հայերից, չի բացառվում:

- Ավանդույթն ինչպե՞ս է Ձեզ մոտ` ամեն տարի ապրիլի 24-ի՞ն եք գնում Ծիծեռնակաբերդ, թե` մեկ այլ օր:

- Ամեն տարի 24-ին եմ գնում, բայց մինչեւ 24-ը միշտ եմ գնում: Ինձ համար ամեն օր ապրիլի 24 է` հիշելու ու հարգանքի տուրք մատուցելու:


Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ