ՙԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԵՊ ԽՐԵԼ ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԵՊ ԽՐԵԼ
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՚
ՙԻրավունքն՚ օրեր առաջ տեղեկացրել էր, որ ապրիլի 10-ին Ղազախստանի մայրաքաղաքում Լեւոն Միրզոյանի անվան փողոցը վերանվանվել է Կամիշ Սապտաեւի անունով: Արդյոք սա պայմանավորված չէ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամ դառնալով, որը այդքան էլ դրական չի ընդունվել Ղազախստանի կողմից: ՙԻրավունքը՚ այս հարցի առնչությամբ պարզաբանում ստացավ մի քանի գերատեսչություններից` ՀՀ ԱԳՆ-ից, Ղազախստանում Հայաստանի դեսպան ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ եւ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի խորհրդական ԿԱՆԱՏ ԱԲԴԻԿԱՐԻՄՈՎԻՉ ՀԱՍԵՆՈՎԻՑ: ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը ձեռնպահ մնաց մեկնաբանել տեղի ունեցածը, իսկ Արա Սահակյանի խոսքով էլ փողոցի վերանվանման որոշումն ընդունվել է նախորդ տարի: Այս տարի պարզապես տեխնիկական հարցերն են լուծվել` փոխվել է փողոցի ցուցանակը: ՙԼեւոն Միրզոյանը նշանակալի դեմք է Ղազախստանում: Ղազախստանի հայկական համայնքի ներկայացուցիչները հաճախ են հպարտորեն տալիս Միրզոյանի անունը, որը բավական հաջող ղեկավարել է Ղազախստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն: Նախորդ տարի Ղազախստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Միրզոյանի փողոցի վերանվանման պրոբլեմը ես բարձրաձայնեցի: Պատասխանը, սակայն, ձեւական էր. վերանվանումները քաղաքապետի ենթակայության տակ են՚,- ասաց Արա Սահակյանը:
ՙԴԱ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ
ՁԵՌՔԻ ԳՈՐԾՆ Է՚
Փողոցի վերանվանումը, ըստ դեսպանի, ադրբեջանցիների ձեռքի գործն է: Նրանք անում են ամեն ինչ` սեպ խրելու հայ-ղազախական քաղաքական, մշակութային հարաբերություններում. ՙՆրանք եզի տակ հորթ են փնտրում եւ այդ կերպ աշխատում են: Ղազախական հասարակության որոշ ազգայնական շրջանակներ տրվում են այս ճնշումներին՚:
Մեր դեսպանի խոսքով` ադրբեջանցիներն արխիվներից գտել են Ստալինին ուղղված մի նամակ, որտեղ Միրզոյանի ստորագրություն է դրված. ՙԸստ այդ նամակի` Միրզոյանը Ստալինից խնդրել է գնդակահարության թույլտվություն: Բայց դա եղել է Ղազախստանի կենտկոմի բյուրոյի որոշումը: Բյուրոյի անդամներից ութը եղել են ղազախ, մյուսը` ռուս, մեկն էլ հայ` Լեւոն Միրզոյան: Գնդակահարության որոշումն այս կազմով է ընդունվել: Լեւոն Միրզոյանն էլ, որպես առաջին դեմք, ստորագրել է բյուրոյի որոշման մասին նամակը՚:
Հետաքրքիրն այն է, որ, ինչպես տեղեկացրեց Ղազախստանում մեր դեսպանը, բյուրոյի մնացած անդամների անունները հավերժացվել են տարբեր կերպ, մինչդեռ Լեւոն Միրզոյանի անունը կրող փողոցը վերանվանվել է մեկ ուրիշի անունով:
Արդյոք Լեւոն Միրզոյանի փողոցի վերանվանումը կարող է վատ անդրադառնալ հայ-ղազախական հարաբերությունների վրա: ՙՈչ: Ղազախստանն ու Հայաստանը ինտեգրացիոն տարբեր գոտիներում են: Խորհուրդ կտայի հայ հանրությանը` այս փաստը դիտարկել որպես առանձին եղելություն եւ չհամարել հակահայկական քայլ՚,- կարծում է դեսպանը:
Իսկ ահա ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի խորհրդական Հասենով Կանատ Աբդիկարիմովիչը մեզ հետ զրույցում այլ կերպ մեկնաբանեց տեղի ունեցածը: ՙՈրոշումը նախորդ տարի ընդունել են տեղի իշխանությունները: Մինչ որոշումը կայացնելը հանձնաժողովի նիստ է գումարվել, որտեղ ելույթ են ունեցել որոշ պատմաբաններ, հանրության ներկայացուցիչներ: Նրանք պահանջել են վերանվանել Լեւոն Միրզոյանի անունը կրող փողոցը: Բայց միայն Լեւոն Միրզոյանի անունը կրող փողոցը չի վերանվանվել, այլ տասնյակ փողոցներ եւս: Քաղաքական ենթատեքստ չկա այստեղ: Բացի այդ` Լեւոն Միրզոյանի անունով կան մի քանի կիսանդրիներ Ղազախստանում՚:
Պատմաբանները, ըստ Կանատ Հասենովի, ասել են, որ Լեւոն Միրզոյանը ղազախ մտավորականների գնդակահարության ցուցակներ է ստորագրել: ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի խորհրդականը զուգահեռներ անցկացրեց Լեւոն Միրզոյանի անունը կրող փողոցի վերանվանման եւ Երեւանում Անաստաս Միկոյանի արձանը մայրաքաղաքում չտեղադրելու փաստի միջեւ. ՙԻնչպես Ձեզ մոտ Միկոյանի արձանը չտեղադրելու առթիվ մեծ բողոք բարձրացավ, այնպես էլ մեզ մոտ դա եղավ: Բոլոր հարցերը դիտարկվում են, ուսումնասիրվում են` անկախ նրանից` խոսքը ղազախի±, ռուսի±, թե հայի մասին է՚:
Արդյոք փողոցի վերանվանումը պայմանավորված է Հայաստանի` ԵՏՄ-ի անդամ դառնալով, որին այդքան էլ դրական չի վերաբերվում Ղազախստանի իշխանությունը, դեսպանի խորհրդականը չհամաձայնեց հարցադրմանը: ՙՂազախստանի նախագահը երբեք վատ չի վերաբերվել Հայաստանի` ԵՏՄ անդամ դառնալուն: Պետք է չէ այս հարցը նայել այլ ասպեկտով՚,- եզրափակեց Հասենով Կանատ Աբդիկարիմովիչը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
