ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՉ ԹԵ ՎԵՐՋՆ Է , ԱՅԼ՝ ՆՈՐ ՍԿԻԶԲ»
Արխիվ 12-16ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՉ ԹԵ ՎԵՐՋՆ Է ,
ԱՅԼ՝ ՆՈՐ ՍԿԻԶԲ»
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին: Այնուհետեւ մասնակցել է ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի աշխատանքներին: «Իրավունքի» հետ հարցազրույցում պարոն Սահակյանը ամփոփել է իր այցի արդյունքները, ինչպես նաեւ անդրադարձ կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին:
- Պարոն Սահակյան, Դուք նոր եք վերադարձել Սանկտ-Պետերբուրգից, որտեղ անց էր կացվում «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովը: Ինչպե՞ս եք գնահատում այցը:
- Խնդիրը հետեւյալում էր. Ռուսաստանի Դումայի նախագահ Ս. Նարիշկինի կողմից կազմակերպվել էր վեհաժողով, որտեղ խոսքը վերաբերում էր ԵՏՄ-ի հետագա գործընթացներին:
Մասնակցել եմ այդ ֆորումում, ելույթ եմ ունեցել: Կարծում եմ, նման միջոցառումները շատ դրական են: Մենք կարողացել ենք մեր խնդիրները համաժողովի ժամանակ ներկայացնել: Մասնակցում էին Հայաստանից նաեւ մշակույթի գործիչներ, բուհերի ռեկտորներ: Մասնակից էին նաեւ մյուս խոհրդարանների ներկայացուցիչները. մասնավորապես Ղազախստանից, Բելառուսից, Ղրղստանից:
Քննարկումները բավականին լուրջ էին. մեր կողմից եղան առաջարկություններ: Եվրասիական տնտեսական միությունը ոչ միայն առեւտրական գործառույթների եւ շուկաների խնդիր պետք է լուծի, այլ նրա հիմնական միտումը՝ տվյալ երկրներում տնտեսական զարգացումների խնդիրն է: Այսինքն ստեղծել համաչափ իրավիճակներ, որպեսզի բոլոր այն երկրները, որոնք Միության կազմում են, կարողանան համաչափ տնտեսական զարգացումներ ունենալ: Իսկ սա կնպաստի, որ հնարավորինս բոլոր ԵՏՄ երկրները կկարողանան համատեղել իրենց ջանքերը: Սա ընդունվեց բոլոր մասնակիցների կողմից:
Մենք մուտք ենք գործում 170 միլիոնանոց շուկա , եւ այստեղ անելիքը այն է, որ մենք կարողանանք արտադրել` շուկա ունենք՝ կարող ենք իրացնել:
Բացի դրանից առանձնազրույց եմ ունեցել պարոն Նարիշկինի հետ: Մենք քննարկեցինք մեր կատարած աշխատանքը, առաջիկա անելիքները: Բարձր գնահատվեցին միջխորհրդարանական կապերը, փոխադարձ այցելությունները, քննարկեցինք նոր ծրագրեր եւ դրանց վերլուծականները:
Առավելապես ես կողմնակից էի, որպեսզի մենք կարողանանք փոխադարձ կապեր ունենանք եվրասիատնտեսական այս ամբողջ համակարգի հետ՝ իրավական լուծումների առումով: Այսինքն՝ օրենսդրական աշխատանքներում համատեղենք մեր ջանքերը, եւ, կարծում եմ, որ դա կվերաբերի նաեւ մյուս ԵՏՄ պետությունների խորհրդարանների անելիքներին:
Մեր երկու երկրների խորհրդարանների առումով փոխադարձ գնահատականները շատ դրական են, եւ, կարծում եմ, գնալով ավելի ամուր կապեր կստեղծվեն եւ Բելոռուսի , ե՛ւ Ղազախստանի, ե՛ւ առաջիկայում, եթե Ղրղզստանն էլ ԵՏՄ-ի անդամ դառնա, բնականաբար իրենց հետ էլ:
Հանդիպում եմ ունեցել ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախագահ տիկին Վ. Մատվիենկոյի հետ, գնահատականներ են եղել բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության, առաջիկա ծրագրերի հետ կապված: Նշեմ նաեւ, որ առաջիկայում մեր միջխորհրդարանական պատվիրակությունը կգտնվի ՌԴ-ում, որտեղ կլինեն նոր քննարկումներ, նոր ծրագրերի առաջադրումներ:
Ընդունելությունը բարձր էր, եւ կարծում եմ, որ բավականաչափ եռանդուն աշխատանք ենք ունենալու ԵՏՄ բոլոր երկրների խորհրդարանների միջեւ:
Առավել եւս, եթե գործադիր մարմինների փոխհարաբերություններում քննարկումները ավելի պրագմատիկ են՝ ծրագրային, ապա խորհրդարանական դիվանագիտության քննարկումների շրջանակում պատգամավորները ավելի ասելիքներ կունենան այն առումով, որ ժողովրդի մտահոգությունները կտեղափոխեն հիմնական քննարկումների փուլ :
- Պարոն Սահակյան, Դուք նշեցիք, որ հանդիպել եք ՌԴ Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Ինչպե՞ս կգնահատեք այն փաստը, որ պրն . Նարիշկինը ապրիլի 24-ին գտվելու է Թուրքիայում` Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններին: Եւ արդյո՞ք եղել է անդրադարձ այդ հարցին Ձեր հանդիպման ընթացքում:
- Ըստ էության՝ դիվանագիտությունը հուզական տարբերակներ իր մեջ չի կարող ներառել: Ռուսաստանը որոշակի տնտեսական կապերի մեջ է Թուրքիայի հետ, եւ կարծում եմ, որ այստեղ կարեւորը ոչ թե ցանկություններն են կամ գնահատականները, այլ՝ տվյալ պետության փոխհարաբերությունները: Առավել եւս,ՙ կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահ պարոն Պուտինը կայցելի Հայաստան: Այնպես որ դիվանագիտական փոխհարաբերություններում ժողովրդավարական չափորոշիչները երբեմն-երբեմն զիջում են տնտեսական փոխհարաբերություններին: Իհարկե, որպես հայ, մեզ համար շատ լավ կլիներ, որ ընդհանրապես Թուրքիա որեւէ այց չկատարվեր: Բայց դա , իհարկե, միայն ցանկության գոտում է: Աշխարհը , ինչպես միշտ պիտի կարողանա իր համաձայնություններն, փոխադարձ այցելություններ եւ քննարկումներն ունենալ, ինչպես մենք ենք անում ամբողջ աշխարհի հետ: Չեմ կարծում, որ բոլորին դուր է գալիս, որ մեր կապերը գնալով սերտանում են Իրանի հետ:
Իսկ ընդհանուր գաղափարը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առումով, այն է, որ մենք պիտի արձանագրենք` եղավ այն, ինչը 100 տարվա մեր ջանքերի շնորհիվ էր. սկսած շինարարից, բանվորից, մտավորականից, քաղաքական գործչից, առավել եւս սփյուռքի մեր համայնքներից, եւ դրա ամենակարեւոր գործոնը հենց այն էր, որ մենք կարողացանք այս ընթացքում անկախ պետություն ճանաչվել, կարողացանք դիվանագիտական առումով պետական գործիքները կորդինացնել, համախմբել եւ առաջ տանել մեր խնդիրները: Այսինքն հասանք մի արժեւորման, երբ աշխարհը ճանաչեց Թուրքիայի դիվանագիտությունը որպես կեղծ: Իսկ մեր առավելությունները ե՛ւ դիվանագիտական գործնթացում , ե՛ւ մեր հանրային կարծիքի ամբողջականության մեջ կարելի է ասել առաջադիմական են եւ, ինչու ոչ, նաեւ հաղթական:
- Պարոն Սահակյան, կբացե՞ք փակագծերը. ովքե՞ր են ներկա գտնվելու ՀՀ-ում ապրիլի 24-ին:
- Մենք հարյուրից ավելի միջազգային կազմակերպությունների եւ պետությունների պատվիրակություններ ենք ունենալու: Օրինակ՝ Սիրիայի պատվիրակությունն է գալու իրենց ԱԺ նախագահի գլխավորությամբ: Եվրոպական երկրները հիմնականում մասնակից են դառնալու: Կան պետություններ, որոնք իրենց արձագանքի ձեւը կկարողանան այս ընթացքում գտնել: Այնպես որ, հյուրերի պակաս չենք ունենալու , մնում է կարողանանք եւս մեկ անգամ կազմակերպված ձեւով խնդիրները, որոնք հուզում են մեր ժողովրդին, վեր հանել նաեւ մեր հյուրերի առջեւ:
- Իսկ ԵՏՄ անդամներ՝ Ղազախստանը, Բելոռուսը նախագահների մակարդակով գտնվելո՞ւ են ապրիլի 24-ին Հայաստանում:
- Այսօրվա իրավիճակով խոսքը գնում է ներկայացուցչական պատվիրակությունների մասին:
- Պարոն Սահակյան, ի՞նչ սպասել Թուրքիայից: Հնարավո՞ր է իրենց դիրքորոշման փոփոխություն միջազգային հանրության ճնշման ազդեցության տակ այս տարի կամ մոտակա տարիներին:
- Ես չեմ կարծում, որ Թուրքիան արդեն այնքան ժողովրդավարական երկիր է, որ պիտի ցեղասպանությունը ընդունի: Համենայն դեպս, այն քայլերը, որոնք այսօր արվում են, դրանք նպատակադրված քայլեր են, եւ ապրիլի 24-ը ոչ թե վերջն է, այլ նոր սկիզբ. նոր ծավալներով, նոր մասնակցություններով: Սա մի հուժկու ալիք է, որ մեր ժողովուրդը, մեր համայքները պարտավոր են տանել մինչեւ վերջ: Իհարկե, ազդեցությունները գնահատելի են, բայց վերջին հաշվով, դրա հիմնական պատասխանոատուն Թուրքիան է եւ ինքը պիտի իրեն հաշիվ տա: Թե ինչքան ժամանակ դա կտեւի ՝ կապված է նաեւ մեր ընթացքից, որը որպես սկիզբ ծավալներով եւ հրամայականներով հնարավորություն է տալիս, որպեսզի ամբողջացնենք մեր մոտեցումները եւ կարողանանք միջազգային ասպարեզում մեր խնդիրները դնենք, որպեսզի աշխարհը միանա մեզ եւ հասկանալի դարձնի Թուրքիային, որ այլեւս աշխարհը այդպես առաջ շարժվել չի կարող : Մինչդեռ ոչ ոք չի ուզում պատերազմ: Այսօր ամբողջ Եվրոպան է այդ մասին խոսում՝ կընդունվի Հայոց ցեղասպանությունը, գնահատական կտրվի ցեղասպանություններին ընդհանրապես՝ ուրեմն աշխարհը զերծ կմնա բնաջնջումներից, կոտորածներից, պատերազմներից: 21-րդ դարը մի նոր դարաշրջան է, երբ պիտի կարողանանք վերջին հաշվով վերլուծել անցյալը, որպեսզի նոր նպատակների, առաջընթացների ժամանակաշրջան գա, որին այսօր նպաստում ենք մենք:
- Պարոն Սահակյան, Դուք ասել էիք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը յուրատեսակ սահման է գծում: Իսկ ի՞նչ աշխատանք է նախատեսվում այդ սահմանից այն կողմ:
- Աշխատանքի շարունակություն, ոգեւորություն, բայց նաեւ զուսպ քաղաքականություն եւ դիվանագիտություն:
- Ապրիլի 23-ին Հայաստանում անց է կացվելու աշխարհի պարլամենտարիաների խորհրդաժողով: Ի՞նչ ծրագրով է այն լինելու եւ ի՞նչ արդյունքներ են ակնկալվում:
- Ապրիլի 23-ին մեծ ֆորում է, որտեղ հանդես կգան տարբեր երկրների ներկայացուցիչներ , հանդես կգամ նաեւ ես: Հիմնական գաղափարը նա է, որ եւս մեկ անգամ, հենց Հայաստանում միջազգային առաջադեմ մարդկության ներկայացուցիչները ՝մեր հյուրերը Հայոց ցեղասպանությանը գնահատական տան եւ գնահատելի համարեն մեր առաջարկությունները եւ մտորումները, որոնց համար բավական աշխատանք կատարվել է:
- Եւ վերջին հարցը, պարոն Սահակյանը, ապրիլի 21-ին ԱԺ-ի արտահերթ նիստ է գումարվելու, որտեղ ցեղասպանության հետ կապված հայտարարություն է ընդունվելու՝ առաջինը իր տեսակում: Ինչպիսի՞ խորհուրդ է ունենալու այդ հայտարարությունը հայ ազգի եւ աշխարհի համար:
- Հայտարարությունը հիմնականում կոչ է անում բոլոր պարլամենտներին նախեւառաջ ճանաչել ցեղասպանությունը եւ հնարավորինս նպաստել դրա ճանաչմանը աշխարհում: Դա հիմնավորումն է եւ վավերացումն է մեր պետական հանձնաժողովի ընդունած Հռչակագրի, որին մասնակցում էր նաեւ ամբողջ սփյուռքը: Ազգային ժողովը փաստրեն արձանագրում է մեր ընդունած ուղերձը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ:
Զրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը
