ՏԵՐ ԿՈՐՅՈՒՆ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ.«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒԺԸ ՄԵԶ ԿԲԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿ»
Արխիվ 12-16ՏԵՐ ԿՈՐՅՈՒՆ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ.«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒԺԸ ՄԵԶ ԿԲԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿ»
Ամբողջ հայությունը նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որոնք ունեն մեկ նպատակ`ոգեկոչել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը եւ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ 1915 թվականին Արեւմտյան Հայաստանում 1,5 մլն անմեղ հայեր զոհ գնացին թուրքի յաթաղանին:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հերթական միջոցառումներից մեկը տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան համայնքում, որտեղ բացվեց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը խորհրդանշող առաջին խաչքարը: Խաչքարի բացման գաղափարը պատկանում է Մերձավանի բնակիչ ԳԱԳԻԿ ԱԽՏՈՅԱՆԻՆ, ում աջակցել են ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը եւ Առաքել Մովսիսյանը. «Մերձավանում նման խաչքար չկար, ուստի գաղափար առաջացավ այս ձեւով հարգել անմեղ զոհերի հիշատակը: Այս խաչքարը գալիք մեր սերունդներին կվկայի, որ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը վարել է հայաջինջ քաղաքականություն»,-լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ախտոյանը եւ ավելացրեց, որ գյուղում եկեղեցի չկա, ուստի Մերձավանի բնակիչներն արդեն ունեն հնարավորություն խաչքարի մոտ մոմեր վառելու եւ ծաղիկներ դնելու:
ՀՀ Զինված ուժերի հոգեւոր հովիվ ՏԵՐ ԿՈՐՅՈՒՆ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ով մինչ խաչքարի բացումը օծեց այն, իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր խաչքար խորհրդանիշ է, ծնրադրելու վայր եւ կապ Տիրոջ հետ.«Մենք կարիք ունենք միմյանց ձեռք բռնելու, միասնական լինելու: Այդ միասնության խորհրդանիշն էլ այս խաչքարն է: Միասնական ուժը մեզ կբերի հաթանակ, որի վառ ապացույցը Վարդանանց, Սարդարապատի եւ Արցախի պատերազմներն էին: Անշուշտ միայն խաչքարեր ու եկեղեցիներ կառուցելով մենք չենք կարող պահանջատեր լինել, յուրաքանչյուրս պետք է մարտիկ լինենք, պայքարով ու հայանպաստ գործունեությամբ հասնենք հաղթանակի»,-ընդգծեց տեր Կորյուն քահանա Կարապետյանը:
Խաչքարի բացումը մեծ ոգեւորություն էր պատճառել Մերձավանի բնակիչներին: Քանի որ, նրանց համար այսուհետեւ կա մի վայր, որտեղ կարող են ծնրադրած իրենց աղոթքը հղել առ Աստված: Մերձավանի բնակիչ ԱՐԱՄ ՀԱՐՈՅԱՆԻ խոսքով`ցեղասպաններից բարոյական եւ իրավական հատուցում պահանջելու համար անհրաժեշտ է ամբողջ հայության համախմբումը.«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը եւ դատապարտի այն կատարած ոճրագործներին, հարկավոր է, որպեսզի բոլորս համախմբվենք մեկ միասնական գաղափարի շուրջ»,-շեշտեց Ա. Հարոյանը:
Նշենք, որ խաչքարի բացմանը ներկա էին նաեւ հայոց բանակի մի շարք զորմասերի հրամանատարներ եւ զինվորներ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
