«ՇՈՈՒ N3». ԹԱՏՐՈՆԻՑ ՈՉ ՄԵԿ ԱՌԱՆՑ ԺՊԻՏ ՉԻ ՀԵՌԱՆԱ
Արխիվ 12-16«ՇՈՈՒ N3». ԹԱՏՐՈՆԻՑ ՈՉ ՄԵԿ ԱՌԱՆՑ ԺՊԻՏ ՉԻ ՀԵՌԱՆԱ
Ապրիլի 16, 18-ին Կամերային թատրոնի բեմ բարձրացավ «Շոու N3» ներկայացումը՝ ԼՈՒՍԻՆԵ ԵՐՆՋԱԿՅԱՆԻ ռեժիսուրայով: «Իրավունքի» հետ զրույցում Լուսինեն փաստեց, որ այս անգամ որոշում էր կայացվել բեմական տարածքը տրամադրել թատրոնի երիտասարդ դերասաններին, բայց ոչ սկսնակ. կան դերասաններ, ովքեր արդեն ունեն որոշակի բեմական փորձ:
Լ. Երնջակյանի խոսքով՝ առաջին անգամ է, որ թատրոնի երիտասարդ կադրերը բեմում են՝ առանց ավագ սերնդի ներկայացուցիչների:
«Այս ներկայացումն ավելի շատ երիտասարդ դերասանների համար է նախատեսված: Ինչպես ասում են` նրանց այս դերերը սազում են»,- վստահեցնում է բեմադրիչն ու հավելում, որ իրենց թատրոնի խաղացանկում կա եւս երկու նմանատիպ ներկայացում-շոու: Խոսքը «Կաբարե» եւ «Կառավարական համերգի» մասին է, որոնք հաջողությամբ այսօր էլ խաղացանկում են:
«Ներկայացման վերնագիրը, հավանաբար, կռահեցիք. մեր թատրոնի շոու-ներկայացումների թիվն է՝ ըստ հերթականության»,- նկատեց Լ. Երնջակյանը:
Խոսելով բեմադրական աշխատանքների մասին` բեմադրիչն ասաց, որ մոտ կես տարի աշխատել են ներկայացման վրա: Ըստ նրա՝ բեմադրական աշխատանքներից անմասն չի մնացել նաեւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, ում բարի խորհուրդները, անշուշտ, օգնել են ներկայացման կայացմանը:
«Պետք է նշեմ, որ այս ներկայացումն, ինչպես եւ ցանկացած այլ ներկայացում, թիմային աշխատանքի արդյունք է: Ներկայացման ստեղծման հարցում մեծ լումա ունեն թատրոնի դերասաններ Նոնա Գրիգորյանն ու Վահագն Կիրակոսյանը: Առաջինը՝ երգերը ընտրեց, երկրորդն էլ՝ պարերը բեմադրեց»,- պատմեց Լուսինեն:
Հարցին, թե կսիրի արդյո՞ք հանդիսատեսը թատրոնի երիտասարդ ներկայացուցիչներին, այնպես, ինչպես սիրում են այս թատրոնի ավագ սերնդին, Լ. Երնջակյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Երկրորդ օրն է, ինչ խաղում են այս ներկայացումը: Արձագանքները բավականին լավն են: Հանդիսատեսը հաճույքով է հետեւում դերասանների խաղին: Իսկ կսիրվեն, թե` ոչ, ցույց կտա ժամանակը»:
Լ. Երնջակյանը համոզված է, որ «Շոու N3» ներկայացումը մոռացության կմատնի հոգսաշատ առօրյան: Ուստի՝ թատրոնից ոչ մեկ առանց ժպիտ չի հեռանա:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
