«ԱՊԱԳԱ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՊՎԱԾ ԼԻՆԵԼ ՀԵՆՑ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՀԵՏ»
Արխիվ 12-16«ԱՊԱԳԱ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՊՎԱԾ ԼԻՆԵԼ ՀԵՆՑ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՀԵՏ»
Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», օրերս «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց մեր ընթերցողների տասնյակ հեռախոսազանգերին, ինչպես նաեւ ֆեյսբուքյան օգտատերերի հնչեցրած հարցերին, որոնցից եւս մի հատված ներկայացնում ենք ստորեւ.
«ԻՆՉ-ՈՐ ՄԻ ՄՇԱԿԱԲՈՒՅՍՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀՈՂԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ»
- Ըստ Ձեզ, այսօր ո՞րն է գյուղատնտեսության առաջնային խնդիրը (ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ք. Արմավիր):
- Իհարկե, մեկ խնդիր դժվար կլինի առանձնացնել, բայց ամենակարեւորագույն խնդիրն է մեր հողատարածքների արդյունավետ եւ նպատակային օգտագործումը: Գլխավոր խնդիրն է միավոր տարածքից ավելի շատ արդյունք` եկամուտ ստանալը: Այստեղ կարեւոր է մեծ եկամուտի ապահովումը: Եթե կա այդ եկամուտը, իհարկե, դա կարելի է վերածել ե՛ւ պարարտանյութի, ե՛ւ դիզվառելիքի, ե՛ւ գյուղտեխնիկայի, ե՛ւ հացահատիկի, ե՛ւ ցանկացած այլ ապրանքատեսակի: Այսինքն` ամենակարեւորը, բարձր եկամտաբերությամբ տնտեսություն վարելու համար համապատասխան հնարավորությունների ստեղծումն է: Իհարկե, դրան հասնելու համար շատ քայլեր են անհրաժեշտ. դա մատչելի վարկերի ապահովումն է, նյութատեխնիկական մատակարարումների մատչելի ապահովումն է, գյուղացիական տնտեսությունների համար համապատասխան ծառայությունների մատչելի մատուցման, ոռոգման կայուն ջրամատակարարման ապահովման, նոր ոռոգման ցանցերի ստեղծման, նոր ջրամբարների կառուցման, ջրագծերի անցկացման խնդիրն է, որպեսզի այդ տարածքները արդյունավետ օգտագործվեն: Ուղղակի, ինչ-որ մի մշակաբույսով զբաղվելը, դեռ չի նշանակում հողի արդյունավետ օգտագործում, դա ընդամենը հողը զբաղեցնել է նշանակում: Իսկ սակավահող մեր երկրի համար, յուրաքանչյուր քառ.մ հողի արդյունավետ եւ նպատակային օգտագործումը կարեւորագույն եւ լուրջ խնդիր է: Եվ մենք պետք է հիմնականում նաեւ ուշադրություն դարձնենք առավել եւս բարձրարժեք մշակաբույսերի արտադրության վրա, հատկապես պտուղների, խաղողի, բանջարեղենի շատ պահանջարկ վայելող տեսակների արտադրության կազմակերպման վրա, որոնք կարող են հավելյալ եկամուտ ապահովել մեր գյուղացիական տնտեսության համար:
«ԱՐՏԵԶՅԱՆ ԱՎԱԶԱՆՈՒՄ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇԱՏ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ԵՎ ԲԱՐՁԻԹՈՂԻ ՎԻՃԱԿ ԷՐ ՍՏԵՂԾՎԵԼ»
- Ձկնաբուծությունը Հայաստանում տարեցտարի զարգանում է: Մեր երկրի համար արդյո՞ք դա շռայլություն չէ: Մի՞թե ջրային պաշարները բավարար են եւ օգտագործվում են խնայողաբար (ՔՐԻՍՏԻՆԵ, ք. Երեւան):
- Ամբողջ աշխարհում այսօր գնալով սրվում է քաղցրահամ ջրի կամ մաքուր ջրի խնդիրը: Ապագա պատերազմներն էլ, ինչպես կանխատեսում են մասնագետները, կարող է կապված լինել հենց քաղցրահամ ջրի պաշարների տնօրինման հետ: Այնպես որ, այդ խնդիրը կա եւ հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Մի կողմից մենք կարեւոր խնդիր ենք լուծում` ձկնաբուծության զարգացման շնորհիվ պահանջարկի բավարարման, որը բավականաչափ բարձր մակարդակի վրա է, մյուս կողմից` արտադրման համար, ինչը բավականին մեծ հնարավորություններ է ստեղծում: Բայց դրա հետ մեկտեղ, անշուշտ, շատ կարեւոր հարց է առաջանում բնապահպանական, մեր ջրային ռեսուրսների արդյունավետ եւ նպատակային օգտագործման առումով: Հատկապես Արարատյան Արտեզյան ավազանում տարիների ընթացքում շատ անկազմակերպ եւ բարձիթողի վիճակ էր ստեղծվել: Այս վերջին երկու տարիների ընթացքում բավականին լուրջ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ: Բնապահպանության նախարարությունը մեծ թվով ապօրինի շահագործվող խորքային հորեր կոնսերվացրեց ու դադարեցրեց դրանց շահագործումը: Նաեւ փականային ռեժիմի բերման, ընդհանրապես ռեսուրսների խնայողաբար օգտագործման ուղղությամբ են բազմաթիվ քայլեր ձեռնարկվում: Նախարարությունը բավականին լուրջ ուսումնասիրություններ է կատարել եւ նաեւ փորձ է արվում պիլոտային փորձնական ծրագրի ներդրման միջոցով փակ կամ կիսափակ ջրօգտագործման համակարգի ներդրման ուղղությամբ որոշակի քայլեր իրականացնել:Չի բացառվում, որ ապագայում կարող է ընդհանրապես ջրի խնդիրը շատ ավելի սրվել եւ դրա համար պետք է կարողանանք այն արդյունավետ օգտագործել: Ընդհանրապես, մենք մեր ջրային ռեսուրսների փոքր մասն ենք միայն օգտագործում, գարնանային այդ վարարումների ընթացքում հսկայական քանակությամբ ջուր է մեր երկրից արտահոսում դեպի մեզ ոչ բարեկամ երկրներ: Պիտի փորձենք դա օգտագործել եւ այս ուղղությամբ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ջրամբարաշինարարության խնդիրներին, որոնք հնարավորություն կտան գարնանային այդ վարարումների ընթացքում բավականաչափ լուրջ պաշարներ օգտագործել, որը հետագայում կօգտագործվի ոռոգման նպատակով:
- Պետությունը սուբսիդավորում է գյուղացուն` հատկացնելով պարարտանյութեր, բայց շատ դեպքերում դա այդքան էլ չի համապատասխանում իրենց որակին: Մի՞թե հնարավոր չէ դրանք ստուգել եւ նախապես դրանց պիտանելիության աստիճանը որոշել (ՄԵՐԻ, ք. Երեւան):
- Պարարտանյութերի սուբսիդավորումը շատ կարեւոր գործընթաց է, որը գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է: Վերջին տարիներին կայուն մակարդակի վրա ենք պահում գները` մեկ պարկ ազոտական պարարտանյութը վաճառվում է 6 հազար դրամով: Եվ ընդորում մատակարարումը կատարվում է տեղում` համայնքում, որպեսզի գյուղացին նաեւ տեղափոխման ծախսեր չիրականացնի: Այս առումով կարեւոր խնդիր է լուծվում: Ինչ վերաբերում է որակին, նշեմ, որ ազոտական պարարտանյութերի մեջ ազոտի պարունակությունը 34,4 է, եւ այն ՀՀ ներմուծման ընթացքում հենց սահմանի վրա համապատասխան ծառայությունները նմուշառում են կատարում եւ ենթարկում են փորձաքննության: Եթե դա չի համապատասխանում , ուրեմն` միանշանակ այդ ապրանքաքանակը չի թողնվում հանրապետություն: Չկա այդպիսի բան, որ այդ ազոտական նյութի պարունակությունը չհամապատասխանի: Եվ բացի պետական այդ ծառայությունից, որը նախարարության համակարգում է գործում, նաեւ կան մասնավոր, անկախ ընկերություններ, այսինքն` եթե Դուք կասկածում եք այդ պարարտանյութի որակի վրա, կարող եք Ձեր ունեցած նմուշը ներկայացնել փորձաքննության մեկ-երկու լաբորատորիաներում, այդ թվում` անկախ, եւ արդյունքները համեմատեք ու համոզվեք:
«ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇԱՀՈՒՄ ԵՆ ԱՅԴ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԿԱՊ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ»
- Գյուղմթերքի վերավաճառքով զբաղվողների շահույթը շատ ավելին է, քան տքնաջան աշխատող մշակինը: Հնարավո՞ր է շուկայական ոլորտը վերահսկող օղակ ստեղծել,որ առանց երկրորդ «ձեռքի», մթերքը հասնի սպառողին (Մարիամ Մուշեղյան, ք. Մարտունի):
-Սա դարձյալ ցավոտ հարցերից մեկն է եւ անկախացումից հետո տասնյակ տարիներ այս խնդիրը կա, եւ այդ մտահոգությունը միշտ եղել է: Իրականում մանրածախ առեւտրի ցանցում կամ գյուղացիական շուկաներում ապրանքների այն գները, որոնցով մեր սպառողը ձեռք է բերում այդ ապրանքները, բացարձակապես որեւէ կապ չունեն այն գների հետ, որով գյուղացին իրացնում է այդ ապրանքը: Հաճախ մի քանի միջնորդ օղակներով են անցնում այդ մթերքները, յուրաքանչյուր օղակում որոշակի գնի հավելում է տեղի ունենում եւ արդյունքում տուժում է ե՛ւ սպառողը, ե՛ւ արտադրողը: Եվ այդ միջանկյալ օղակը հաճախ էական եկամուտներ է ստանում, այն դեպքում, երբ գյուղացու եկամուտները շատ փոքր են եւ չնչին: Սակայն, եթե լուրջ քայլեր կիրառվեն եւ որոշակի սահմանափակումներ կամ արգելք մտցնեն, ընդհանրապես այդ գործունեությամբ զբաղվելու համար, սա բավականաչափ լուրջ հետեւանքներ կարող է ունենալ. Նախ այն պատճառով, որ դա մի հսկայական ցանց է, որտեղ մեծ թվով մարդիկ աշխատանք ունեն եւ դրանով են իրենց հանապազօրյա հացը վաստակում: Բացի դրանից, քանի դեռ չկան ձեւավորված համապատասխան ենթակառուցվածքներ, մթերման կետեր, առաքման, տեղափոխման համապատասխան հնարավորություններ, բնականաբար, այդ օղակները դեռեւս կլինեն: Այսօր ցանկացած մթերք , ցանկացած ապրանքատեսակ հաջողությամբ եւ շատ կարճ ժամանակահատվածում հանրապետության ամենածայրամասերն անգամ տեղափոխվում են , փոխանակվում, տեղերում վաճառվում են եւ այս առումով, կարծես թե, բավականաչափ լուրջ խնդիր է լուծվում: Իհարկե, նորից եմ ընդգծում, արդյունքում շահում են այդ գործի հետ առանձնապես կապ չունեցող մարդիկ, որոնք արտադրության մեջ որեւէ ներդրում, ջանք չեն գործադրում: Նախարարությունը շատ կարեւորելով այս խնդիրը` ձեռնարկեց մի հետաքրքիր միջոցառում: Դա գյուղացիական տոնավաճառների կազմակերպումն էր, որի նպատակն է ուղիղ, անմիջական կապ հաստատել արտադրողի եւ սպառողի միջեւ: Այս միջոցառումն արդեն կայացել է եւ գարնան վերջին ու ամբողջ ամռան, աշնան ամիսներին` մինչեւ տարեվերջ, նախարարությունը Երեւան քաղաքում նման տոնավաճառներ է կազմակերպում: Երկու նման տոնավաճառ արդեն գործում են Երեւանում, կա պայմանավորվածություն Երեւանի ղեկավարության հետ, որ մնացած թաղային համայքներում համապատասխան հնարավորությունների եւ պահանջարկի դեպքում ստեղծվեն նմանատիպ շուկաներ եւ շաբաթ-կիրակի օրերին թարմ գյուղացիական մթերքներով մատակարարել մեր Երեւան քաղաքի ազգաբնակչությանը: Սա կարեւոր քայլ է, բայց, իհարկե, այսկերպ խնդիրը մասնակիորեն է միայն լուծում: Պետք է այս ցանցը ընդլայնել եւ որքան հնարավոր է այդ օղակները կրճատել:
Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում`
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Տեսանյութը` ՆԱՐԵԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
