Բաժնետոմսերի թողարկման միջոցով ԱՄՆ-ում կազմակերպություններն ապահովում են կապիտալում ներդրումների 15-20%
Արխիվ 12-16Բաժնետոմսերի թողարկման միջոցով ԱՄՆ-ում կազմակերպություններն ապահովում են կապիտալում ներդրումների 15-20%
Գաղտնիք չէ, որ առաջիկայում միջազգային, այդ թվում նաև` Հայաստանի տնտեսությանը, հեշտ ժամանակներ չեն սպասում: Իրավիճակը պահանջում է նոր, ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կարող են հակազդել արտաքին գործոններին և հիմք հանդիսանալ զարգացման ավելի ժամանակակից մոդելների համար: Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել է մի քանի անգամ և դա, բնականաբար, իր ազդեցությունն է թողել տնտեսական աճի վրա: Բայց, ինչպես ասում են, դժվար ժամանակները նոր հնարավորություններ են ստեղծում, և, որքան էլ անհավանական հնչի, մենք կարող ենք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Մերթընդմերթ կարծիքներ են հայտնվում թե Հայաստանը հավակնություն ունի վերածվելու ֆինանսական հարթակի տարածաշրջանի երկրների համար: Այս լավատեսությունը շատերը չեն կիսում և հակադարձում են մեր մակրոտնտեսական ոչ այնքան հուսադրող ցուցանիշներով: Բայց եկեք դիտարկենք համեմատության մեջ. չնայած միջազգային կազմակերպությունների հոռետեսական գնահատականների 2015թ. առաջին եռամսյակում մեր հայրենի տնտեսությունն աճ արձանագրեց, թեև նախատեսվածից ցածր: Ի տարբերություն մեր հարևան երկրների` Հայաստանին հաջողվեց զսպել իր ազգային արժույթի փոխարժեքի անկումը, և կարճ ժամանակահատվածում կայունություն հաստատել շուկայում:
Այն, որ երկրի ներդրումային գրավչությունը բարձրացնելու համար առաջին հերթին պետք է բարենպաստ միջավայր ստեղծվի բիզնեսի համար և դա պետք է արվի ամենաբարձր` պետական մակարդակով ակնհայտ է: Բայց որքանով են միջազգային ինտեգրմանը և ներդրումներին պատրաստ մեր տեղական ընկերությունները: Պատրաստ և հոգեբանական, և ֆինանսական առումով` միջազգային շուկա դուրս գալուն և օտարերկրյա ներդրողներ ներգրավելուն:
Արտերկրի փորձը ցույց է տալիս, որ կազմակերպության զարգացման գագաթնակետը բաժնետիրական ֆինանսավորում ներգրավելու հնարավորությունն է: Այսինքն` ֆոնդային բորսայում բաժնետոմսերի հանրային վաճառք կազմակերպելը: Օրինակ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում բաժնետոմսերի թողարկման միջոցով կազմակերպություններն ապահովում են կապիտալում ներդրումների 15-20%: Արժեղթղերի տեղաբաշխում կատարած կազմակերպությունների մոտ, որպես կանոն, բարձրանում է բիզնեսի արդյունավետությունը, կորպորատիվ կառավարման մակարդակը, աշխատակիցների և հաճախորդների լոյալությանը: Այն կազմակերպությունները, որոնց արժեղթղթերն ազատ վաճառվում են հանրության շրջանում, ունեն ավելի բարձր գործարար համբավ, քանի որ դրանց գործունեությունը դառնում է ավելի թափանցիկ, կանոնակարգված և պարզ հանրության համար: Դրա հետ մեկտեղ, ֆոնդային բորսա դուրս գալը բավականին լուրջ, պատասխանատու և դժվար իրականացնելի քայլ է: Դրա համար կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան ներուժ և ֆինանսական կայունություն: Առաջիկայում կանրադառնանք հանրահայտ ընկերությունների միջազգային փորձին և համեմատական զուգահեռներ կանցկացնենք տեղական ընկերությունների հետ:
