ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻԱՄՍՅԱԿ` «ԱՐՏ ՖԵՍՏ» ՓԱՌԱՏՈՆԻ ԿՈՂՄԻՑ
Արխիվ 12-16ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻԱՄՍՅԱԿ` «ԱՐՏ ՖԵՍՏ» ՓԱՌԱՏՈՆԻ ԿՈՂՄԻՑ
«Իրավունքն» արդեն անդրադարձել է, որ «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնն այս տարի, ի տաբերություն նախորդ երկու տարիների, երկու շաբաթի փոխարեն շուրջ մեկ ամիս հանրությանը կներկայացնի արվեստի մի քանի ճյուղեր` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, դիզայն եւ դեկորատիվ կիրառական արվեստ եւ երգարվեստ: «ԱՐՏ ՖԵՍՏ»-ն արդեն 3-րդ տարին է` 16-35 տարեկան երիտասարդ ստեղծագործողներին հնարավորություն է ընձեռում ինքնադրսեւորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու` ձեւավորելով համագործակցության հեռանկարային լայն շրջանակներ: Ցուցադրություններից հետո մասնագիտական հանձնախումբը արվեստի ամեն տեսակից որոշում է` ոսկե, արծաթե, բրոնզե մրցանակակիրներին:
«Մեկ տանիքի ներքո» խորագրով «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 11-ից հունիսի 11-ը: Փառատոնը գրեթե հայտարարում է մշակութային միամսյակ:
«Իրավունքի» հետ զրույցում փառատոնի պրոդյուսեր ՆԱՐԵԿ ԱՐՇԱԿՅԱՆԸ նշեց. ««ԱՐՏ ՖԵՍՏ» օգնում է երիտասարդ, դեռեւս իրենց կայացման, եւ կարծում եմ` կյանքի ամենակարեւոր փուլում գտնվող երիտասարդ ստեղծագործողներին ինքնադրսեւորվելու, արվեստի հանդեպ ունեցած մոտեցումներն արտահայտելու, կայանալու, ինչու չէ նաեւ ծանոթանալու իրենց հասակակից ստեղծագործողների եւ նրանց աշխատանքների հետ: Վստահ եմ, որ ««ԱՐՏ ՖԵՍՏ» իր անմիջական դրական ազդեցությունը կունենա յուրաքանչյուր մասնակցի ստեղծագործական ուղղու վրա, որովհետեւ շատերի ճանապարհը սկսվում է հենց «ԱՐՏ ՖԵՍՏ» ից: Այս տարի փառատոնն իր մեջ ընդգրկեց նաեւ երգարվեստը, դիզայն եւ դեկորատիվ կիրառական արվեստը, միանալով թատերական արվեստին, կինոարվեստին եւ կերպարվեստին: Մասնակիցների քանակը, եթե համեմատելու լինենք «ԱՐՏ ՖԵՍՏ- 2014»-ի հետ, մոտ երկու անգամ ավելացել է: Կարծում եմ` դա մեծ ձեռքբերում է, սա խոսում է այն մասին, որ «ԱՐՏ ՖԵՍՏԸ» երիտասարդների համար սպասված, սիրված եւ պահանջված փառատոն է: Նշեմ նաեւ, որ այս տարի փառատոնին մասնակցելու վերաբերյալ բազմաթիվ արձագանքներ կան արտերկրի մեր երիտասարդ հայրենակիցների կողմից: Այդ փաստը մտորելու առիթ է տալիս` ապագայում «ԱՐՏ ՖԵՍՏԻ» համար համահայկական մշակութային փառատոնի ձեւաչափ մշակել, որտեղ յուրաքանչյուր հայ երիտասարդ ստեղծագործող կունենա իր հայրենիքում ինքնաարտահայտվելու հարթակ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
