ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ "ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ" ՔԱ՞ՅԼ, ԹԵ ՔՈՂԱՐԿՎԱԾ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Արխիվ 12-16ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Օրերս Արեւմտյան Հայաստանի Դիարբեքիր քաղաքի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին արժանացել է Եվրոպայի մշակութային ժառանգության մրցանակի: Սուրբ Կիրակոս եկեղեցին Դիարբեքիրում ապրող փոքրաթիվ հայերին սպասարկող միակ կանգուն եկեղեցին է, այն դեպքում, երբ 1915 թվականից առաջ քաղաքում գործում էին մի քանի հայկական եկեղեցիներ: Ցեղասպանությունից հետո Սուրբ Կիրակոս եկեղեցում առաջին անգամ պատարագ է մատուցվել 2011 թվականին եւ մինչ օրս այն շարունակում է իր շուրջը համախմբել քաղաքում ապրող մի քանի հայ ընտանիքների:
Հայկական եկեղեցուն մրցանակի արժանացրած հանձնաժողովի հայտարարության մեջ նշված է, որ եկեղեցու վերանորոգման համար մեծ ջանքեր են ներդրել Դիարբեքիրի քաղաքապետարանը եւ քաղաքի բնակիչները, որոնց հիմնական մասը քրդեր են: Նշենք, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական կառավարությունն սկսեց ոչնչացնել մշակութային հուշարձանները, այդ թվում` եկեղեցիները: Միայն հայերի երկար տարիների ջանքերի շնորհիվ է, որ պատմական հայրենիքում այսօր կանգուն են մնացել որոշ հուշարձաններ, որոնք սերունդներին վկայելու են, որ Դիարբեքիրում եւ հայկական մյուս նահանգներում ապրել են հայեր: Այն, որ Թուրքիան ծպտված կերպով մինչ օրս Արեւմտյան Հայաստանում շարունակում է ոչնչացնել հուշարձանները, ոչ ոքի համար գաղտնիք չէ, սակայն սրան զուգահեռ նրա ճանկերից փրկված եկեղեցին, որտեղ հայկական պատարագ է մատուցվում, արժանացել է Եվրոպայի հատուկ մրցանակի:
Ի վերջո, Թուրքիան փոխե՞լ է իր դիրքորոշումը հայկական հուշարձանների նկատմամբ, թե պարզապես ցանկանում է միջազգային հանրությանը ցույց տալի իր "մարդասիրությունն" ու "Ժողովրդավարությունը": Անդրադառնալով այս հրատապ խնդրին` "Իրավունքը" զրուցեց հուշարձանագետների հետ:
"ԹՈՒՐՔԵՐՆ ԻՐԵՆՑ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ"
Մատենագետ, հուշարձանագետ ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ.
- Թուրքերը իրենց քաղաքականության մեջ ընդհանրապես չեն փոխվել: Այս ամենով նրանք ցանկանում են հայկական հուշարձանների նկատմամբ իրենց վերաբերմունքը ցուցադրել: Որպեսզի մարդկությանը ցույց տան, որ զբաղվում են այդ հուշարձանների խնդիրներով` եկեղեցիներ վերակառուցելով ու պեղումներ կատարելով: Որոշ դրական տեղաշարժ կա, սակայն հիմնականում նրանք իրենց արարքները քողարկում են: Ինչ վերաբերվում է քրդերին, ապա նրանք վերջին տասնամյակում իրենց մեղքն զգում են, որ 1915 թվականին գործիք են դարձել թուրքերի ձեռքին: Մեղքի այդ զգացումը նրանք փորձում են արդարացնել հայկական հուշարձանները ուշադրության կենտրոնում պահելով:
"ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՍԱԿԱՅՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՉԷ"
"Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի" նախագահ, հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ.
- Անցյալում Թուրքիայի իշխանությունները ոչնչացնում էին հայկական հուշարձանները, այսօր իրավիճակը փոխվել է, այդ ամենը մնացել է անցյալում: Իհարկե, խտրակական վերաբերմունքը կա, սակայն հաշվեհարդարի մակարդակի չէ: Բայց պարզ է, որ թուրքական իշխանություններն առիթը բաց չեն թողել հանրությանը ցույց տալու, թե` տեսեք, ինչ վերաբերմունք ունենք հայկական հուշարձանների նկատմամբ: Այստեղ շատ մեծ նշանակությունի ունի նաեւ հուշակոթողի դարաշրջանը: Շատ հաճախ տեսնում ենք, որ միջնադարյան կամ ավելի վաղ շրջանի հուշարձանների նկատմամբ թուրքերը հանդուրժող չեն, բայց ահա նրանք չեն խորշում ներկայացնել 19-րդ դարի հայկական հուշարձանները: 1915 թվականին քրդերը հայերի նկատմամբ վայրենաբարո էին, իսկ այսօր նրանք շատ են բարեկրթվել: Արդեն այնպիսի վերաբերմունք են ցուցաբերում հայկական պատմական հուշարձանների նկատմամբ, որը չի կարող չունենալ լավ արդյունք:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
