ՎԵՐՋԱՊԵՍ Ո՞ՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՀԷՑ-Ի ՓՈՂԵՐԸ
Արխիվ 12-16ՎԵՐՋԱՊԵՍ Ո՞ՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՀԷՑ-Ի ՓՈՂԵՐԸ
Դեռ այս տարեսկզբին ¥"Իրավունք", 20 հունվար եւ 30 հունվար¤ անդրադառնալով "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ¥ՀԷՑ¤ ընկերության ֆինանսական կատաստրոֆիկ վիճակի թեմային, առիթ ունեցել ենք ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ հայաստանյան գործող օրենսդրության համաձայն` ՀԷՑ-ի հսկայական պարտքերը, համենայնդեպսª էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների նպատմամբ կուտակած ֆինանսական պարտավորությունները պարզապես չէին կարող առաջ գալ: ՆՈՐ ՏՈՒԳԱՆՔ
Նկատի ունենք, որ սպառողների կողմից էլեկտրաէներգիայի դիմաց վճարված գումարները բանկերն ու մյուս վճարահաշվարկային կազմակերպությունները, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ¥ՀԾԿՀ¤ համապատասխան որոշումների, նախ պետք է փոխանցեին եւ կուտակեին հատուկ հաշվեհամարների վրա: Դրանից հետոª պետք է մարվերին ՀԷՑ-ին էլեկտրաէներգիա մատակարարողների նկատմամբ ունեցած պարտավորությունները, որից հետո արդեն ընկերությունը նոր միայն մնացած գումարները տիրապետելու իրավունք կստանար: Եվ ահա, մեր այդ հրապարակումներում փաստել էինք, որ եթե առաջանում են արտադրող կայանների նկատմամբ պարտքեր, դա միանշանակ վկայում է, որ այդ հատուկ հաշիվներից գումարներն ամենեւին էլ հիշատակված կարգի համապատասխան չէ, որ ծախսվել են, ինչն ակնարկում է մեծ ապօրինության մասին, այդ թվումª բանկերի մասնակցությամբ, հաշվի առնելով, որ առանց նրանց` այդ կարգը խախտել հնարավոր չէր: Ընդ որում, այդ ժամանակահատվածում նույնն էր փաստել նաեւ ՀԾԿՀ-ն. "Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ընկերության հատուկ հաշվին": Բայց երբ փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ի վերջո ո՞ւր են գնացել այդ փողերը, ՀԾԿՀ-ի պատասխանը, մեղմ ասած, ավելի շատ նմանվեց իրավիճակի "սրբագրման". "Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարների` ամբողջ ծավալով ընկերության հատուկ հաշվին մուտքագրում չի իրականացվել էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայանների վճարման ծավալների` սակագնի հաշվարկի հիմքում պլանավորվածից շեշտակի ավելացման, դրա արդյունքում` ընկերության շահույթի եւ իրացվելիության մակարդակի կտրուկ նվազման, ստանձնած վարկային պարտավորությունների կատարումը բարդանալու եւ այլ պարտավորություններ կատարելու անհնարինության պատճառով": Բայց նաեւ ավելորդ անգամ հաստատեցին. "Սպառողների կողմից վճարված գումարները մուտքագրվել են ընկերության ընթացիկ հաշիվներին...":
Այս մասին հիշեցինքª հաշվի առնելով, որ վաղը նույն ՀԾԿՀ-ում մեկ բավականին ուշագրավ քննարկում է տեղի ունենալու: Հանձնաժողովի նիստին ներկայացվելիք որոշման նախագծով ՀԷՑ-ը մեղադրվում է հենց այն բանի մեջ, ինչի տակ իր հիշատակված պարզաբանմամբ ՀԾԿՀ-ն էր փորձում որոշակի տրամաբանություն դնել: Թեª "սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել Ընկերության հատուկ հաշիվներին, այլ մուտքագրվել են նաեւ Ընկերության այլ բանկային հաշիվներին": Եվ, արդյունքումª "Ընկերությունը... արտադրող կայաններին եւ էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայություն մատուցող ընկերությանը առաքված էլեկտրաէներգիայի եւ մատուցված ծառայությունների դիմաց վճարումները կատարել է ուշացումներով եւ ոչ ամբողջությամբ":
Ընդ որում նկատենք նաեւ, որ այդ նախագծով եւս մեկ անգամ փաստվում է. "Սպառողներից մուտքագրված գումարներն առեւտրային բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից փոխանցվում են Ընկերության հատուկ հաշվին (հաշիվներին)": Շեշտում ենքª "ՀԱՏՈՒԿ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ" եւ ոչ "ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ": Իսկ դա նորից է հուշում, որ "հատուկ հաշիվների" փոխարեն բանկերը, մինչ ՀԷՑ-ի կողմից "գնված էլեկտրական էներգիայի, իրեն մատուցած ծառայությունների եւ կատարած աշխատանքների դիմաց 100 տոկոս վճարումների" գումարները "ընկերության այլ բանկային հաշիվներին" փոխանցելով, իրենք էլ են ոտից-գլուխ թաթախվել այդ կեղտոտ պատմության մեջ, ինչը, անշուշտ, պետք է, որ ՀՀ Կենտրոնական բանկին գոնե հետաքրքրեր: Իսկ որ այս ամենն ապօրինություն է, հիմնավորում է հենց նույն նախագիծը, որը նախատեսում է ՀԷՑ-ին "ենթարկել տուգանքի` 20 000 000 (քսան միլիոն) դրամ գումարի չափով":
ՊԱՐՏՔԱՅԻՆ ՁՆԱԳՆԴԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Արդյունքումª նկատենք մեկ պարզ փաստ. այս որոշման նախագծով ՀԾԿՀ-ն ապօրինություն, լուրջ ֆինանսական պատժի ենթակա արարք է համարում այն, ինչը դեռ երկու-երեք ամիս առաջ էինք պնդում: Ավելի ճիշտ այն արարքը, որն ավելի շուտ էր տեսանելի: Ավելին ասենք. սա կարելի էր տեսնել առնվազն դեռ անցած տարի ¥եթե ոչ տարիներ շարունակ¤, այսինքն, որ մասնավորապես նման գործելաոճի արդյունքում էր, որ ձնագնդի պես սկսեց կուտակվել արտադրող կայանների նկատմամբ ՀԷՑ-ի պարտքերըª նման ծանրագույն ռիսկի շեմին դնելով ոչ միայն ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ բաշխիչ համակարգը, այլեւª հայաստանյան ողջ էներգետիկան: Ընդ որումª այն բացատրությունը, թե արտադրողների նկատմամբ պարտքերը կուտակվեցին, քանի որ ՀԾԿՀ-ն բարձրացրել էր արտադրող կայանների կողմից ՀԷՑ-ին առաքվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, մեղմ ասած, անընդունելի է, քանի որ ամեն դեպքում նախ պետք է արտադրող կայանների հանդեպ պարտավորությունները մարեին: Եվ այս առումովª պակաս կարեւոր չէ, թե այդ դեպքում "հատուկ հաշիվների" փոխարեն "ընկերության այլ բանկային հաշիվներին" մուտքագրված փողերն ո՞ւր են գնացել: Այս առնչությամբ ՀԷՑ-ին շատ մոտ կանգնած մեր աղբյուրը հետաքրքիր պատմություն ներկայացրեց. "Այն, որ մշտապես ընկերության սեփականատերերը իրենց խոշոր պատառն են ստացել ՀԷՑ-ից, նոր բան չէ: Համենայնդեպսª մինչեւ իսկ ընկերության ղեկավարության գերբարձր աշխատավարձերն են հաստատվում սեփականատիրոջª "Ինտեր ՌԱՕ ԵԷՍ"-ից, եւ եթե հարկ էին համարում այստեղի ներկայացուցիչներին նման փողեր տալ, կարող եք պատկերացնել, թե իրենց ինչ գումարներ են գնացել: Իսկ հետո, երբ ծախսերն սկսեցին ավելանալ, հասկանալի էª սեփականատերն ամենեւին էլ միտք չուներ իր եկամուտների կրճատման հաշվին խնդիրը լուծել: Դե, արդեն կարող եք կռահել, թե ինչու էին արտադրողների վճարումները ձգձգվում եւ ժամանակի ընթացքում սա ինչի էր հասցնելու...":
Եվ եթե սրան գումարենք, որ պետք է մարվի նաեւ Չուբայսի մերձավոր խոշոր գողերի օրոք ¥որոնք, ի դեպ, ժամանակին նաեւ հայաստանյան ատոմակայանը հասցրին ֆինանսական ճգնաժամի¤ "Ինտեր ՌԱՕ ԵԷՍ"-ի, մասնավորապես հայաստանյան կառույցում կուտակված աննորմալ պարտքերը, ապա կարելի է հստակ պատկերացում կազմել ՀԷՑ-ի այս վիճակի մասին: Այլ հարց է, որ լուծումն այդպես էլ չի երեւում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
