ԻՆՉՊԵՍ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ
Արխիվ 12-16Ինչպես է նախապատրաստվում մայրաքաղաքը 100-ամյակի միջոցառումներին, ինչ աշխատանքներ են իրականացվում հանրության եւ մայրաքաղաքի հյուրերի իրազեկումն ապահովելու ուղղությամբ: Այս եւ թեմայի շուրջ այլ հարցերին խնդրեցինք պատասխանել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ ԱՐԱԶ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:
-Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Երեւանի քաղաքապետարանը Ցեղասպանության տարելիցի միջոցառումների իրազեկման եւ ընդհանրապես քարոզչական առումով:
- Երեւանի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ միջոցառումների տեղակատվական արշավը մայրաքաղաքում պատշաճ կազմակերպելու նպատակով համատեղ աշխատանքներ է իրականացրել: Ըստ այդմª որոշվել է մայրաքաղաքում տեղեկատվական գովազդային վահանակները պետական հանձնաժողովի կողմից հաստատումից հետո փակցնել ապրիլի 13-ից սկսած: Վահանակների տեղադրման աշխատանքները մայրաքաղաքում ավարտին կհասցվի մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջ:
- Ի՞նչ փոփոխություններ կկրեն գովազդային կրիչներն ու վահանակները:
- Դրանք արդեն տեսանելի են ինչպես մեր բնակչությանը, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերին: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ` մայրաքաղաքի գովազդային տարբեր կրիչների վրա տեղադրվում են թեմատիկ տեղեկատվական պաստառներ: Պաստառների մի խումբը պայմանականորեն ստացավ "ասոցիատիվ պաստառներ" անվանումը եւ հայերենով ու անգլերենով իր տեղը գտավ գովազդային դասական վահանակներին եւ շենք-շինությունների խուլ պատերին: Այս պաստառները նպատակ ունեն ինքնատիպ ոճով փոխանցել Հայոց ցեղասպանությունը դատապարտող տեղեկատվություն թե՛ մեր քաղաքացիներին, թե՛ հյուրերին: Միեւնույն ժամանակ մայրաքաղաքում փոքր ֆորմատի տարբեր կրիչների վրա կտեղաբաշխվեն տեղեկատվական այլ պաստառներ, որոնց միջոցով կփոխանցվի մեր երախտագիտությունն այն մարդկանց եւ կազմակերպություններին, որոնք մեծ ավանդ են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, կարտացոլվի մեր երկրի վերածննդի գաղափարը, ինչպես նաեւ միջազդային պայքարը պատմական արդարության վերականգնման գործում: Պաստառների երկրորդ խումբը պայմանականորեն ստացավ "Թանգարան բաց երկնքի տակ" անվանումը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական հսկողությամբ մայրաքաղաքում այժմ իրականացվում են սոցիալական այդպիսի պաստառների տեղաբաշխման աշխատանքները, եւ մինչեւ շաբաթվա վերջ թե՛ մեր համաքաղաքացիները, թե՛ մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու վերոնշյալ պաստառները ավելի քան 300 տարատեսակ կրիչներին:
- Իսկ որքա՞ն ժամանակ են մնալու այդ պաստառները:
- Վահանակները փակցված կմնան ամբողջ տարի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՊՐԱԾ 33 ՀԱՅ
Թեեւ ապրիլի 24-ին նշում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, սակայն դեռ ապրում են մարդիկ, ովքեր սեփական մաշկի վրա են զգացել այդ արհավիրքը: Քանի՞սն են նրանքª փորձեցինք պարզել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից, որտեղից մեզ հայտնեցին հետեւյալը.
- Ներկա պահին Հայաստանում ապրում է 33 մարդ, ով ծնվել է Արեւմտյան Հայաստանում, Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում եւ վերապրել 1915թ. Ցեղասպանությունը: Ի դեպ, ապրիլի 1-ից նրանց կենսաթոշակը բարձրացվել է 75 հազար դրամով, որի համար ամսական բյուջեից կհատկացվի լրացուցիչ ընդամենը 2,5 միլիոն դրամ:
Թե սոցիալական ինչ պայմաններում են ապրում արդեն մեկ դարը լրացրած մեր այդ 33 հայրենակիցները, նախարարությունից դժվարացան հստակ պատասխանել:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
