"ՓՍԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ" ԱՆԲՈՒԺԵԼԻ Է, ԻՍԿ "ՓՍԱԿԻԱԾԻՆ" ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀՈՒՅՍ ԴՆԵԼԸ` ԱՆԻՄԱՍՏ
Արխիվ 12-16Եթե ԱՄՆ Պետդեպի նախկին խոսնակ Ջեն Փսակին գնաց դեկրետ, դա դեռ չի նշանակում, որ մարդկությունն ազատվեց "փսակիությունից", քանզի շարունակում է գոյատեւել "փսակիությունը", եւ այն կգոյատեւի այնքան ժամանակ, քանի դեռ կլինի նրան ծնող պետությունը:
Իսկ մեծ ախորժակով նման պետությունների` իրենց վարած քաղաքականության իրական նենգությունը թաքցնելու համար ամենահարմար գործիքներից մեկը "փսակի" տեսակն է: Եվ կարեւոր չէ, թե նրա անունը Ջեն է, թե Մարի Հարֆ, թե մեկ այլ անուն, կարեւորը, որ լինի նույն տեսակի ներկայացուցիչ` ոչ կոմպետենտ եւ գիտելիքների ու ունակությունների հետ խնդիր ունեցող պաշտոնյա, որի միջոցով շատ ավելի հեշտ է խուսափել բոլոր անցանկալի հարցերին պատասխանելուց, որը վերջին դեպքում կարող է լրագրողներին ուղղակի ասել, որ ինքը տեղյակ չէ, չի տիրապետում ինֆորմացիայի, կամ էլ, որ կգնա ու գրասենյակում կճշտի: Եվ ահա այսպես Մարի Հարֆ անունը կրող հերթական "փսակիի" միջոցով ԱՄՆ-ն հերթական անգամ խուսափեց այն հարցի պատասխանից, թե ինչու հերթական նախագահ Օբաման չկատարեց իր նախընտրական խոստումը` չճանաչեց 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ արածը որպես ցեղասպանություն:
Իհարկե, հասկանալի է, որ այդպես էլ պետք է լիներ, սակայն մեր հայրենակիցներից շատերի, այդ թվում` մի շարք քաղաքական, հասարակական գործիչների մոտ, միգուցե, ելնելով Քիմ Քարդաշյանի այցի դրական արդյունքներից եւ օրերս Վատիկանում մեր ունեցած դիվանագիտական խոշոր հաղթանակից, հասկանալի կերպով հույս արթնացավ, որ սառույցը, այնուամենայնիվ, կարող է տեղից շարժվել, եւ աշխարհում իբրեւ թե "ժողովրդավարություն" եւ "մարդասիրություն" սփռող ԱՄՆ-ն գոնե մեկ անգամ կարող է այդ բառերը կիրառել իրենց իրական իմաստով եւ իր գործն էլ համապատասխանեցնել խոսքին: Ցավոք, նման հույսերը փշրվեցին Պետդեպի խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆի հայտնի հարցազրույցով:
Եվ նորից, կարծում եմ, ժամանակն է սթափ նայելու իրերին եւ հասկանալու, որ "փսակիությունը" անբուժելի է, իսկ "փսակիածին" պետության վրա հույս դնելը` անիմաստ: Քաղաքականության մեջ կան միայն շահեր, մանավանդ գերտերությունները առաջնորդվում են միմիայն իրենց շահերով, իսկ ԱՄՆ-ի շահերը կապված են Թուրքիայի հետ, հետեւաբար, հանուն ինչ-որ մարդասիրական գաղափարների` ԱՄՆ-ն երբեք դեմ չի գնա իր շահերին: Իսկ եթե երբեւէ Արեւմուտքի ամենահզոր տերությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա կլինի միայն այն դեպքում, եթե այդ ճանաչումը ԱՄՆ-ի համար դառնա շահեկան: Ահա այս ուղղությամբ է, որ մենք, կարծում եմ, պետք է մտածենք:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
http://www.national.am
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
