ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԻԱՍԵՌ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԻԱՍԵՌ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Եթե առաջ ընդամենը անհատներ կամ մի քանի կազմակերպություններ էին բարձրաձայնում որոշ օրենքներում «զոռով խցկած» «գենդեր» կոչվող եզրույթի ու տարատեսակ աղանդների վտանգավոր հետեւանքների, ինչպես նաեւ ավանդական ընտանեկան արժեքներին սպառնացող մի շարք այլ սպառնալիքների մասին, ապա այսօր այն բարձրաձայնում են ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում ու Վրաստանում: Ավելին` ՌԴ-ում դրա դեմ կոնկրետ քայլեր են կատարում ու գիտակցում դրա հետեւանքների մասին, Վրաստանը զգուշացնում է Արեւմուտքից տարածվող սպառնալիքների մասին եւ իր սեփական փորձով հորդորում չգնալ նույն ճանապարհով: Իսկ վերոնշյալ խնդիրներով նույնպիսի մտահոգություն է հայտնում անգամ Ղրղզստանը: Այս ամենը պարզ դարձավ երեկ կազմակերպված Ռուսաստան-Վրաստան-Հայաստան տեսակամուրջի ժամանակ:
«ԱՐԵՎՄՏՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ
10 ԱՆԳԱՄ»
Հայաստանից տեսակամուրջին մասնակցող «Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի» ղեկավար ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ նշեց. «Այն, ինչ կասեմ, կարող է սենսացիա թվալ, բայց այսօր Հայաստանում պետական բարձր մակարդակով եւ Եվրամիության ֆինանսավորմամբ լրջորեն քննարկվում են օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նոր ընտանեկան ինստիտուտի գաղափար են բերում: Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի անվան տակ մտադիր են օրինականացնել միասեռ ամուսնությունները, մտցնել բազմակնությունը, եւ այդ ամենն արվում է գեղեցիկ կարգախոսների ներքո: Մինչդեռ դա կարող է բերել մի նոր ցեղասպանության»: Ապա հորդորեց. «Խնդրում եմ ուշադրություն դարձնել այդ ամենին, որովհետեւ հայրենասիրական կազմակերությունների հետ համատեղ, մենք կիրականացնենք լայնամասշտաբ ցույցեր այս թեմայով, եւ ուզում եմ, որ մեր կառավարությունը նույնպես տեղյակ լինի: Այստեղ իրականացվում է գեոքաղաքական առաջադրանք, որպեսզի օտարերկրյա ֆինանսավորմամբ մեզ թուլացնեն, իսկ Ռուսաստանին ներքաշեն Անդրկովկասում պատերազմի մեջ»: Ա. Բոշյանը նաեւ ընդգծեց, որ իր մոտ տպավորություն է, որ ոչ թե Եվրասիական տնտեսական միություն ենք մտել, այլ Եվրամիություն. «Հունվարի 2-ից արեւմտյան գործակալների ակտիվությունն աճել է ամենաքիչը 10 անգամ, սա բացահայտ երեւում է: Եթե Եվրոպան ուզում է համագործակցել մեզ հետ, խնդրեմ, բայց միայն փոխշահավետ պայմաններով, որովհետեւ Հայաստանը չի գնա համագործակցության` հոգիների վաճառքի գնով»:
«ԱՂԱՆԴՆԵՐԸ ԹԱՔՆՎՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՎ ԴԱՌՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ»
«Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի» տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ անդրադառնալով Հայաստանում գործող աղանդներին` մտահոգություն հայտնեց, որ բացի իրենց կազմակերպությունից, չկա ո՛չ մի մասնագետ, ո՛չ մի կազմակերպություն, որոնք կզբաղվեն այդ ամենով. «Պետությունը չի ուսումնասիրում դա, քանի որ, հավանաբար, աղանդավորների առկայությամբ շատ հարցեր դառում են կառավարելի: Օրինակ, ընտրությունների ժամանակ նրանք ակտիվ օգտագործվում են: Կամ ինչ-որ կոնկրետ միջոցառումներ իրականացնելու համար, այդ թվում անկարգություններ, աղանդավորներին շատ հեշտ է օգտագործել, որովհետեւ աղանդի պարագլխի ասածը օրենք է այդ աղանդի բոլոր անդամների համար: Եվ երկրորդ, չգիտես ինչու, որոշել են մեր մենթալիտետը փոխել` ակտիվորեն պրոպագանդելով տղամարդը` տղամարդու հետ, կինը կնոջ հետ ամուսնությունները: Իսկ երրորդ խնդիրն այն է, որ աղանդավորների միջոցով շատ հեշտ կարողանում են «փողեր լվանալ» եւ գնում է ֆինանսավորում` տարբեր կրոնական կազմակերպությունների միջոցով այս կամ այն օպոզիցիոն գործունեության համար»: Ամփոփելով խոսքը` Ա. Ամարյանը հավելեց. «Մեր օրենքով եկեղեցին պետությունից անջատ է, եւ կրոնական կազմակերպություններին ոչ ոք, նույնիսկ եկեղեցին ստուգել չի կարող: Հետեւաբար, աղանդները թաքնվում են օրենքի հետեւում եւ դառնում պետություն պետության ներսում: Եվ սա հետխորհրդային բոլոր երկրներում է խնդիր»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
