ԵՄ ԱՆԴԱՄ ԼԱՏՎԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԼՌՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԵՄ ԱՆԴԱՄ ԼԱՏՎԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԻ
ՊԱՏՃԱՌՈՎ ԼՌՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օրերս «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում կայացավ ռուս մեկնաբան, վերլուծաբան Ալեքսանդր Նոսովիչի «Եվրոպայի ետնախորշերը. ինչո՞ւ է մահանում Մերձբալթիկան» վերնագրով գրքի շնորհանդեսը: Գիրքը, որը մերկացնում է մերձբալթյան երկրների եվրոպական կողմնորոշման իրական պատկերը, փաստեց նաեւ շնորհանդեսին ներկա լատվիացի քաղաքագետ եւ հրապարակախոս ԷՅՆԱՐՍ ԳՐԱՈՒԴԻՆՇԸ, ում հետ հնարավորություն ունեցանք խոսել 10 տարուց ավել Եվրամիությանն անդամակցող իր երկրի` Լատվիայի Հանրապետության անհաջողությունների մասին` նախեւառաջ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«ԱՅԴՊԻՍԻ ԱՐԱՐՔՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՑՎԵՆ ԵՐԲԵՔ ԵՎ ՈՉ ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ»
–Պարոն Գրաուդինշ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Եվրախորհրդարանն անգամ բանաձեւ ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ի՞նչ կասեք, որ պատմական այս իրողության մասին Լատվիան շարունակում է լռել:
– 2012 թվականին, երբ ես «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանի հրավերով Ձեր հրաշալի երկրում էի, այստեղից հեռանալով` խոստացա Լատվիայի մամուլում բարձրաձայնել, թե ինչու լատվիական պառլամենտը չի ընդունել 1915 թվականին հայերի ցեղասպանությունը դատապարտող դեկլարացիա եւ տալ օբյեկտիվ տեղեկատվություն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Եվ ես դա արեցի, որից հետո Լատվիայում Ադրբեջանի ջանքերի շնորհիվ անում էին ամեն ինչ, որպեսզի ինձ ձերբակալեն, բայց չստացվեց: Այնուհետեւ սկսվեցին լատվիական մամուլում հոդվածներ տպագրվել իմ դեմ, թե ես Հայաստանի գործակալ եմ եւ այլն, մի խոսքով` ծիծաղելի մեղադրանքներ: Բայց քանի որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, հիմա էլ եմ խոստանում, որ վերադառնալով Լատվիա` եւս մեկ անգամ այս խնդիրը բարձրացնելու եմ, որովհետեւ, կարծում եմ, որ այդպիսի արարքները չպետք է մոռացվեն երբեք եւ ոչ մեկի կողմից:
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՈՂՋ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ
–Այսինքն` Եվրամիությունը թեպետ ամեն օր աղաղակում է խոսքի ազատության մասին, բայց իրականում պատկերը բոլորովին ա՞յլ է:
– Կոնկրետ օրինակներով կպատասխանեմ, որը հենց ինձ է վերաբերում: Լատվիական պետական հեռուստաընկերություն հրավիրվել եմ կյանքում առաջին ու վերջին անգամ, որտեղ մասնակցում էր նաեւ Լատվիայի նախկին նախագահը եւ այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներ: Ես` որպես քաղաքագետ, բնականաբար, մի քանի հարց ուղղեցի նրանց, դրանից հետո իմ դեմքը հեռուստատեսությամբ երբեք չեն տեսել: Մինչդեռ, ինձ հաճախ կարելի է տեսնել ՌԴ հեռուստատեսություններում: Մի անգամ էլ ինձ հրավիրեցին Լատվիայի պետական ռադիոալիք, որտեղ ընդամենը խոսեցի օկուպացիայի մասին` ընդ որում, միայն հիմնվելով կոնվենցիաների եւ պետական փաստաթղթերի վրա, եւ դեռ հաղորդումը չավարտված` ռադիոհաղորդավարը, որն ինձնից հարցազրույց էր վերցնում, զրկվեց իր աշխատանքից: Ի դեպ, այսօր լատվիական լրատվամիջոցներում պրոպագանդան կատարում են ամերիկյան մասնագետները: Ավելին` երկու շաբաթ առաջ իմ մասին հեռուստառեպորտաժ եղավ, որտեղ ինձ անվանեցին ազգի դավաճան: Սա է Եվրոպայի համար խոսքի ազատությունը, եւ սա է արեւմտյան մտածողության ողջ իսկությունը: Այսինքն` դուք կարող եք ասել ինչ ուզում եք, բայց եթե մեկ միլիմետրով անգամ այն չհամապատասխանի ընդհանուր քաղաքական գաղափարախոսությանը, վստահ եղեք, որ ձեզ կձերբակալեն հենց նույն վայրկյանին:
ԵՄ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԸՆՏՐԱԾ
ԼԱՏՎԻԱՅԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՆԵՐԿԱՆ ՈՒ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ
–Փաստորեն, համամի՞տ եք Ա. Նոսովիչի «Եվրոպայի ետնախորշերը. ինչո՞ւ է մահանում Մերձբալթիկան» գրքի շեշտադրումներին:
– Այնտեղ լրիվ օբյեկտիվ հայացք է ներկայացված, որոշ փաստեր իրականում ավելի վատ են ու սարսափելի: Սա Ձեզ ասում է մի մարդ, ով ապրում է Լատվիայում եւ այդ ամենը տեսնում է ներսից: Այսօր Լատվիայում սարսափելի մեծ թիվ է կազմում արտագաղթը: Հիմա Մեծ Բրիտանիայում ապրում են պաշտոնապես գրանցված 62 հազար լատվիացի էմիգրանտներ: Բժշկական համալսարանում սովորող ուսանողների կեսից ավելին ուսումն ավարտելուն պես` անմիջապես լքում են երկիրը: Մեկ տարում երկիրը լքում են 6 հազար ուսանող, եւ սա նույն թիվն է կազմում, որքան ուկրաինացիները կորցնում են մեկ տարվա ընթացքում` իրենց զինված ուժերում մարտական գործողությունների ժամանակ: 2013-2014 թվականներին 14 173 աշակերտ չեն սովորել ոչ մի դպրոցում եւ ընդհանրապես ոչ մի տեղ, եւ սա է կոչվում Եվրամիության անդամ-երկրի «հաջողությունները»: Այս ամենը ո՛չ Կրեմլի պրոպագանդան է, ո՛չ էլ ես եմ հորինել, այլ պետական հաշվետվությունում է ասված: Նշեմ նաեւ, որ բնակչության 10 տոկոսն ընդհանրապես ի վիճակի չէ բժշկական ծառայություններից օգտվել: Մեկ տարվա ընթացքում փակվել է 100 դպրոց, 15-29 տարեկան 50 հազար երիտասարդ չի աշխատում ոչ մի տեղ ու չի յուրացնում ոչ մի մասնագիտություն: Վիճակագրական տվյալներով` այսօր տնտեսությունը Լատվիայում որպես լավ գնահատում է բնակչության 4 տոկոսը, իսկ 53 տոկոսը գտնում է, որ այն ծայրահեղ վատ է: Մեր նախկին քաղաքական գործիչներն ասում են, որ եթե մենք լինեինք խելացի, դեռեւս 1990-ական թվականներին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, կգնայինք այն ուղղությամբ, որով այսօր գնում է Բելառուսը, բայց, ցավոք, կորցրեցինք այդ ժամանակը: Լինելով Հայաստանում` տեսնում ենք մարդկանց շարժը, վազվզող երեխաների, շների ու կատուների փողոցում, մինչդեռ մեզ մոտ` Լատվիայում, նման բան չեք տեսնի ոչ մի տեղ, որովհետեւ եթե առաջ հեռանում էին ընտանիքներով, ապա այսօր արտագաղթում են գյուղերով:
«ՍԱ ԿԱՐՈՂ Է ԾԻԾԱՂԵԼԻ ԹՎԱԼ, ԲԱՅՑ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ Է»
–Ի դեպ, հետաքրքիր է` Լատվիան է՞լ է զոհ գնացել ԵՄ-ի կողմից պարտադրվող յուվենալ արդարադատություն, գենդերային հավասարություն ասվածին:
– Լատվիայում ինքս մասնակցել եմ ստորագրահավաքների, որպեսզի արգելենք գենդերային գաղափարախոսությունը ուսումնական հաստատություններում: Սակայն մենք չկարողացանք հավաքել համապատասխան ստորագրություններ, եւ հիմա Լատվիան գնում է ընտանեկան արժեքների կործանման, որը խրախուսվում է Արեւմուտքի կողմից: Պետական կառավարության մակարդակով Լատվիայի Հանրապետության դպրոցներում եւ բուհերում տարածվում են մեթոդական պարապմունքներ, թե ինչպես տղան պետք է ներկայացնի իրեն որպես աղջիկ, իսկ աղջիկը` որպես տղա: Բացի դա, դպրոցում կազմակերպվում են մրցույթներ, երեկոներ, երբ տղաները գալիս են աղջկա շորեր հագած, աղջիկները` տղաների հագուստով: Սա կարող է ծիծաղելի թվալ, բայց ողբերգական է: Գաղափարախոսությունը տանում է նրան, որ վերացվի հայր եւ մայր հասկացողությունը եւ լինեն միայն ծնողներ, այսինքն` ծնող-1, ծնող-2: Կարող եմ ասել, որ մեծ թվով մարդիկ դեմ են այս ամենին, բայց ճնշումները շատ մեծ են, որովհետեւ այն արեւմտյան մեծ ֆինանսավորում է ստանում, իսկ դրա հետեւում կանգնած է կառավարությունը` կրթության նախարարության գլխավորությամբ, որոնց չենք կարող դիմակայել:
«ԴԵՌ ՉԵՄ ԳՏԵԼ ՄԵԿԻՆ, ՈՎ «ԿՈՂՄ» Է ՔՎԵԱՐԿԵԼ ԵՄ
ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆԸ»
–Ստացվում է, որ արեւմտյան փողերով կարելի է միայն ապահով ծերությո՞ւն վաստակել:
– Ցավոք, դա էլ հնարավոր չէ: Շուտով 50 տարեկան կդառնամ եւ պարզապես ինձ համար հետաքրքրվեցի, թե որքան գումար կկազմի իմ կենսաթոշակը: Պարզվեց, որ ոչինչ էլ չի կազմի, այսինքն` արդեն իմ սերունդը կենսաթոշակ, որպես այդպիսին, չի ունենա ընդհանրապես: Ուղղակի, չկա տեղ, որտեղից կարելի է վերցնել այդ գումարը: Մենք այլեւս արտաքին պարտք վերցնել չենք կարող, որովհետեւ 2004 թվականից, ինչ մենք մտանք Եվրամիություն, արտաքին պարտքի մեծ աճ է գրանցվել: Սա այն պարտքն է, որը պիտի հաջորդ սերունդը տա, իսկ կենսաթոշակ արդեն մեր սերունդը չի ստանա: Այսպիսին է Եվրամիությանն անդամակցող պետության տնտեսության կառուցվածքը, որովհետեւ մենք երբեք չենք լինի ԵՄ-ում նույն կարգավիճակով, ինչպես Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, այսպես ասած, Եվրամիության մյուս հին երկրները:
– Իսկ ո՞վ էր ստիպում Լատվիային ընտրել Եվրամիության անդամակցման ճանապարհը:
– Լատվիացիները, իհարկե, այդքան էլ հիմար չէին, եթե Ձեզ թվում է, որ բոլորը միաձայն «կողմ» են քվեարկել ԵՄ անդամակցմանը: Միշտ էլ հրապարակավ ասել եմ, որ այդ հանրաքվեն սարքած էր, որովհետեւ դեռ չեմ գտել մեկին, ով «կողմ» է քվեարկել Եվրամիության անդամակցմանը: Բայց, չգիտես ինչու, արդյունքը եղավ այնպես, որ թվում է` մենք երկու ձեռքով ենք «կողմ» եղել: Սա է իրական պատկերը, ու ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս հավատալ Եվրամիության խոստումներին: Այն հեռվից շատ համեղ է բուրում, բայց իրականում պարզվում է, որ նամշած շոկոլադ է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
