ԱՆԿԱՐԱՅԻ ՀԻՍՏԵՐԻԱՆ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ՎԻՃԱԿԻՑ Է
Արխիվ 12-16ԱՆԿԱՐԱՅԻ ՀԻՍՏԵՐԻԱՆ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ՎԻՃԱԿԻՑ Է
Ինչպես եւ սպասվում էր, նախօրեին Եվրոպական Խորհրդարանն ընդունեց հատուկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւը: Ընդ որում, այս անգամ էլ, ինչպես Հռոմի պապի պարագայում, Անկարան պարզապես կաշվից դուրս եկավ` բանաձեւի ընդունումը ձախողելու կամ գոնե այն հնարավորինս մեղմելու համար, բայց էլի ոչինչ չստացվեց:ՃՆՇՈՒՄՆԵՐ ՕԲԱՄԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ցեղասպանության հետ կապված այս ճիշումները, չնայած Թուրքիայի հիստերիկ ռեակցիային, թերեւս մինչեւ ապրիլի 24-ը գնալով կաճեն: Թեկուզեւ հաշվի առնելով, որ արեւմտյան քարոզչական մեքենան եւս հակաթուրքական այս արշավն առավելագույնս թեժ է պահում, ինչը հուշում է, որ Թուրքիային ճնշելու ծրագրերը մնում են օրակարգային: Ընդ որում, ակտիվորեն քարոզչական համապատասխան ֆոն է ձեւավորվում նաեւ ԱՄՆ-ում: Մասնավորապեսª ամերիկյան առանցքային խոսափողերից մեկըª Washington Post-ը, որ միշտ էլ Թուրքիայի նկատմամբ աչքի է ընկել առնվազն լոյալ վերաբերմունքով, հիմա գրում է. "Թուրքական բանակը մեկուկես միլիոն հայ է սպանել: Երբեմն թուրք զինվորները բռնի իսլամացնում էին հայ մանուկներին եւ երիտասարդ կանանց: Թուրքերը ուսումնասիրել էին իսպանական ինկվիզիցիայի վերաբերյալ նյութերը եւ վերակենդանացրել վերջինիս ժամանակ կիրառվող կտտանքի մեթոդները: Այնքան շատ հայ դիեր էին նետվել Եփրատ գետը, որ զորեղ գետը փոխել էր իր հունը": Ընդ որում, հոդվածի հեղինակը հրեական հեղինակավոր կրոնական գործիչ րաբբի Ջեֆրի Սալկինն է, եւ դա հուշում է, որ ԱՄՆ-ի ազդեցիկ հրեական լոբբին եւս առնվազն "ատամ է ցույց տալիս" Անկարայինª այն էլ, պատկերացրեք, Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը կողք կողքի դնելով. "Ինչպես "Հրեական հարցն" էր հաճախ քննարկվում Գերմանիայում, այնպես է թուրքերն էին քննարկում "Հայկական հարցը"...":
Իսկ ահա ոչ պակաս հեղինակավոր USA Today-ը գնդակը տեղափոխում է Սպիտակ տունª նախ հիշեցնելով նախագահ Օբամայի խոստումը. "Որպես նախագահ` ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը":
Որից հետո էլ. "Նախագահ Օբաման, ով հպարտության է արժանի` արտաքին քաղաքականության դոկտրինները կոտրելու համար, ինչպես ականատես եղանք Կուբայի հարցի եւ Իրանի... հարցում": Նույնն է Սպիտակ տանը հուշում նաեւ Los Angeles Times-ը. "Նախագահը պետք է օրինակ վերցնի Ֆրանցիսկոս պապից եւ ներառի "ցեղասպանություն" եզրը իր ամենամյա ուղերձում":
Այն, որ մի շարք գործոններով պայմանավորված, ապրիլի 24-ի մոտեցման հետ մեկտեղ պետք է սրվեին նաեւ նախագահ Օբամային ուղղված ներամերիկյան "ճնշումները", սպասելի էր: Թե ինչպիսին կլինի նրա արձագանքը, դժվար է միանշանակ ենթադրություն անել, հաշվի առնելով, որ կան իրավիճակի հետագա զարգացման տարբեր հավասարազոր տարբերակներ:
ՈՒՐ ԿԳՆԱ ԹՈՒՐՔԻԱՆ
Իհարկեª պետք է համաձայնել USA Today-ի այն հիշեցման հետ, որ վերջին հաշվովª Օբաման իրոք մի շարք հարցերով հին "դոկտրիններ կոտրեց", ընդ որումª նույն Իրանի դեպքումª նաեւ Մերձավոր Արեւելքում իր հիմնական դաշնակցիª Իսրայելի հետ կոշտ հակասությունների գնով: Ընդ որում, եթե այդ փաստը փորձում են բացատրել, թե արվում է Վաշինգտոնի տարածաշրջանային հիմնական քաղաքական շեշտադրումը Իրանի վրա դնելու նպատակով, ապա չմոռանանք, որ ԱՄՆ-ի մյուս ռազմավարական դաշնակիցըª Թուրքիան եւս Իրանի հիմնական մրցակիցներից է: Այսինքն, եթե ռազմավարական նախապատվությունները փոխելու խնդիր կա, ապա Անկարային Ցեղասպանության հաշվին թուլացնելը կարող է այդ տրամաբանությանը համապատասխանել: Առավել եւս, չնայած պահպանվող տիպիկ արեւելյան բարեհունչ տոնայնությանը, ակնհայտ է, որ թուրք-պարսկական մրցակցությունը գնալով միայն սրվում է: Թեկուզեւ կարելի է բերել վերջերս Էրդողանի Իրան կատարած այցի առանցքային թեմայիª գազի գների հետ կապված Թեհրանի արձագանքը. "Իրանը ներկայիս պայմաններում պատրաստ չէ Թուրքիային զեղչված գնով գազ վաճառել": Եվ դա այն դեպքում, երբ Էրդողանը Իրանում աղմկում էր, թե. "Մենք ամենաթանկ գազն ենք գնում Իրանից... Մեր ժողովուրդը գազի կարիք շատ ունի":
Այսինքնª թեեւ Թուրքիայի հետագա զարգացման համար գազի մեծ եւ աճող պահանջարկ կա, բայց գնի խնդիրը չհաջողվեց լուծել Թեհրանում: Իսկ դա հուշում է, որ Թուրքիայի համար շարունակում է իր կենսական նշանակությունը պահպանել ռուսական գազը, ուստիեւª այն դեպի Եվրոպա տարանցելու թեման: Հենց այդ հարցն էր, որ Թուրքիայի նկատմամբ այս աննախադեպ ճնշումների հիմնական առիթներից մեկը դարձավ, եւ Թեհրանում էժան գազ գտնելու դեպքում Անկարան կարող էր գոնե միառժամանակ սառեցնել ռուսական գազի հարցն ու այդ հիմքի վրա Արեւմուտքի հետ "լեզու գտնելու" հող նախապատրաստել: Թեհրանի համար էլ, ինչքան էլ որ Թուրքիային միայն թուլացնող այդ ճնշումները ձեռնտու են, այնուամենայնիվ կարող էր այլ ուղղություններում զիջումներ ստանալովª ընդառաջ գնալ Էրդողանին. ի վերջո ներկայումս ծայրահեղորեն սրվել են Իրանի հարաբերությունները տարածաշրջանային մյուս առաջնորդներիª Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հետ, եւ այդ պայքարում գազի գնի հաշվին Անկարայի աջակցությունը շահելը հաստատ ցանկալի կլիներ Իսլամական Հանրապետության համար: Բայց դա արդեն կդառնար հակառուսական քայլ, որին Թեհրանը միգուցեեւ հանուն թուրքական աջակցության` գնար, բայց ոչ այն պարագայում, երբ Մոսկվան վերջապես խոստանում է C-300 հրթիռային համակարգեր մատակարարել: C-300-ները Թեհրանին հնարավորություն են տալիս հարեւանների նկատմամբ ռազմական առավելության հասնել` առանց մրցակից Անկարայի օգնության, առավել եւս, որ վերջինս Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հետ իր սեփական հաշիվներն ունի, եւ քիչ հավանական է նաեւ, որ նրանց հետ Թուրքիան կկարողանա հակաիրանական ալյանս ձեւավորել: Հաշվի առնելով նաեւ, որ մասնավորապես Սաուդյան Արաբիան մյուս արաբական երկրների հետ ՆԱՏՕ-ի սկզբունքով իր սեփական ալյանսն է ստեղծում, որն ինչքան հակաիրանական, այդքան էլª հակաթուրքական եւ հակաիսրայելյան բնույթ ունի:
Այսպիսովª Թուրքիան այդպես էլ չգտավ արեւմտյան ճնշումները տարածաշրջանային հարաբերություններով փոխհատուցելու մեխանիզմ, էլ չասած, որ նաեւ ստիպված է մրցակցել ռուսների հաշվին ուժեղացող Իրանի եւ միավորված բանակ ստեղծող արաբական աշխարհի հետ: Իսկ չլուծված էներգետիկ խնդիրները հնարավորություն չեն տալիս հրաժարվել ռուսներից: Բայց սա էլ դեռ չի նշանակում, որ Օբաման կամ Իսրայելը կընդունեն Ցեղասպանությունն ու դրանով վերջնականապես կոչնչացնեն եթե ոչ Թուրքիային, ապա գոնե Էրդողանին: Բանն այն է, որ ինչպես Օբաման, այնպես էլª Իսրայելն իրենց հերթին են լրջորեն մտահոգված Իրանի ու Ռուսաստանի ռազմական համագործակցությամբ: Դա մի կողմից Վաշինգտոնի համար ահազանգ է, որ տարածաշրջանում իր հիմնական դաշնակցի ֆուկցիան Իրանի վրա դնելու տարբերակը գործնականում բացառվում է: Իսկ այդ դեպքում արդեն կլուծվի նաեւ Իսրայելի հետ ունեցած հակասությունների հարցը: Իսրայելն էլ իր հերթին հասկանում է, որ միավորված արաբական բանակի եւ ուժեղացած Իրանի հետ միայնակ կռիվ տալու դեպքում` հաջողության քիչ շանսեր կունենա, այսինքնª ԱՄՆ-ի հետ դաշնակցությունը մնում է անփոխարինելի: Իսկ այդ հին ձեւաչափերին վերադառնալու պարագայում նորից զգացվելու է Անկարայի կարիքըª որպես հակաիրանական եւ հակաարաբական հիմնական "աշխատանքային գործիքի", հաշվի առնելով նաեւ, որ ԱՄՆ-ի ֆինանսական վիճակն ամենեւին էլ առաջվանը չէ, որ ամեն առիթով բանակներ բերի տարածաշրջան: Բայց հարց է, թե ներկայիս ճնշումներով Թուրքիային "կհամոզե՞ն" ընդունել այդ կարգավիճակը: Չէ՞ որ այդ դեպքում Անկարան ստիպված կլինի նաեւ ռուսական գազային սխեմայից ձեռք քաշելª աչքի առաջ ունենալով դրանից բխող տնտեսական խնդիրները եւ, որ հազիվ թե արդյունքում որեւէ փոխհատուցում ստանա Վաշինգտոնից: Եվ այդ առումով Էրդողանի հետ երեկվա հանդիպումից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունը, թեª "ԵՏՄ-ն ճանապարհ է բացում թուրքական բիզնեսը նոր շուկաներ հանելու համար", հուշում է, որ Անկարան կարող է իրավիճակից ելքը տեսնել ռուսական ուղղությունում, հնարավոր էª այն հաշվարկով, որ Մոսկվան կկարողանա ինչ-որ բալանսավորված իրավիճակ ստեղծել Թուրքիա-Հայաստան, միգուցե նաեւª Հայաստան-Ադրբեջան եւ Թուրքիա-Իրան ուղղություններով: Բայց այդ դեպքում էլ արդեն Օբաման կարող է մինչեւ վերջ տանել Ցեղասպանության թեման...
Ու թե այս տարբեր սխեմաներից որը կդառնա ռեալ, կտեսնենք ամենամոտ ապագայում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
