ԳՈՐԻՍԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԻ ՔԱՎՈՐԸ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՉԷ
Արխիվ 12-16ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՉԷ
Վերջերս "ՉԻ"-ն գրել էր, որ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչի քավոր է դարձել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը: Մեր տեղեկություններով, սակայն, խաչի քավոր է դարձել Գորիսի պետական քոլեջի տնօրեն ԿԱՐԵՆ ԼԱԶԱՐՅԱՆԸ, ում ուղղեցինք մի քանի հարց թեմայի առնչությամբ:
–Իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչի քավորը Դուք եք:
– Այո, Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 2015թ. խաչի քավորը ես եմ:
– Կոնկրետ ե՞րբ եք ստանձնել խաչի քավորությունը:
– Ինձ համար շատ հաճելի այդ պարտականությունը ստանձնել եմ ս.թ. հունվարի 6-ին` Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ կազմակերպված Սուրբ եւ Անմահ պատարագի ընթացքում:
– Տեղյա՞կ եք` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին եւս առաջարկել են դառնալ խաչի քավոր` մինչ Ձեզ նման առաջարկ անելը:
– Խաչի քավորությունը ստանձնելու առաջարկությունը ստացել եմ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանից: Եվ հաճույքով եմ ընդունել այդ առաջարկությունը: Իսկ թե մինչ այդ, որեւէ մեկին նման առաջարկություն արել են կամ չեն արել` չեմ կարող ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել: Եթե նույնիսկ որեւէ մեկին նման առաջարկություն արել են, ապա դա շատ նորմալ եմ համարում: Ի վերջո, դա Սյունյաց թեմի խնդիրն է, եւ ինձ իրավունք չեմ վերապահում նման հարցերի մեջ խորանալ:
Նման որոշումներ ընդունվում կամ նման առաջարկություններ մշակվում են, ինչպես նշեցի, Սյունյաց թեմում. հավանաբար, դուք եւս տեղյակ եք նման պրակտիկային: Երկրորդ` ինձ եկեղեցու խաչի քավոր են առաջարկել նույն սկզբունքով եւ նույն չափանիշներով, ինչ սկզբունքով ու չափանիշներով խաչի քավոր են ընտրել Հայ առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիներում:
Ավելին ասեմ` ես այն հաստատ համոզմունքն ունեմ, որ ամեն մի հայ քրիստոնյա (առանց բացառության) Հայ առաքելական եկեղեցու ցանկացած տաճարում խաչի քավոր լինելու իրավունք ունի: Դա այն ոլորտն է, որտեղ բոլորս հավասար կարգավիճակ ունենք, հավասար պարտականություններ եւ անելիքներ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
