"ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՄ ԿԱՏԱՐՈՒՄ, ՊԻՏԻ ՀՈՒՅՍ ԷԼ ՓԱՅՓԱՅԵ՞Մ"
Արխիվ 12-16"ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՄ ԿԱՏԱՐՈՒՄ, ՊԻՏԻ ՀՈՒՅՍ ԷԼ ՓԱՅՓԱՅԵ՞Մ"
Գործադիրը մերժեց ԱԺ "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր որոշ ապրանքատեսակների համար ԱԱՀ դրույքաչափը 20-ից նվազեցնել 15 տոկոս: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԸ նախաձեռնության մերժումը հիմնավորել էր, ասելով, որ առաջարկության ընդունումը գների նվազեցման չի հանգեցնի: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն, հարցի մասին կառուցողական մոտեցում ցուցաբերելու նպատակով ասել է, որ առաջարկը կարելի է քննարկել: Բացի այդ, վարչապետը հանձնարարել է նաեւ Մելքումյանից հետաքրքրվել, թե չի՞ պատրաստվում արդյոք պատգամավորը ներկրման մասով նույնպես նման առաջարկություն ներկայացնել, ինչը "Իրավունքը" փորձեց պարզել ԲՀԿ-ական պատգամավորից:
–Պարոն Մելքումյան, ինչպե՞ս կարձագանքեք կառավարության ներկայացրած փաստարկներին:
– Դա կառավարությունը չի ասում, դա Միրումյան Վախթանգն է ասում, ֆինանսների նախարարի տեղակալը, որը, իմ կարծիքով, ճիշտ չի: Իրենք հաշվել են ֆիսկալ էֆեկտը: Մենք գնացել ենք հարցին սոցիալական մոտեցում ցուցաբերելու եւ տեղական արտադրությունը խթանելու ճանապարհով:
– Փաստորեն, հարցը փակված չեք համարում եւ հույս ունեք, որ դրական փոփոխություն կլինի՞ առաջիկայում:
– Հույս ունենալով չի է, իրանք շահագրգռված են, որ դա լինի: Դա իմ անձնական հարցը չի, որ հույս ունենամ կամ չունենամ: Սա պետության հարցն ա, սա սոցիալական հարց ա, ներքին արտադրողի հարցն ա, հանրային հարց ա, հույս ունենալը ո՞րն ա: Ես պետական աշխատանք եմ կատարում, պիտի հույս էլ փայփայե՞մ առանձնահատուկ: Բոլորս շահագրգռված ենք այդ հարցերում: Բա էն, որ կառավարությունը դրական եզրակացություն ա տալիս, ինչի՞ չեք էդ ժամանակ զանգում հարցնում` կառավարությունը դրական եզրակացություն ա տվել ձեր էսինչ օրենքին: Ինչի՞ եք միայն բացասականի դեպքում զանգում:
– Նախ նշեմ, որ մենք անդրադառնում ենք կառավարության կողմից իրականացված դրական փոփոխություններին: Հիմա դուք ասում եք` բոլորս պետության համար ենք աշխատում, ստացվում է, որ Ֆինանսների նախարարությունը պետության համար չի՞ աշխատում: Բա ինչո՞ւ է մերժում:
– Ընդհանրապես, տարբեր գերատեսչություններ իրենց շահերից ելնելով` իրենց գործունեությունն ուզում են թեթեւացնել: Համապատասխան ոլորտներում ուզում են վարչարարությունը հեշտ լինի: Ես իրենց գերատեսչական խնդիրները լուծելու տեսանկյունից` նրանց էլ եմ հասկանում, բայց պատկերացրեք, որ այդ նույն ապրանքների համար Ռուսաստանում 10 տոկոս է ԱԱՀ հարկվում, եւ դրա համար մենք որոշ ապրանքներ չենք կարողանում արտահանել, մրցունակություն չկա:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
