"ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ ԽՈՑԵԼԻ ԿԵՏԵՐ ՈՒՆԻ, ԲԱՅՑ.
Արխիվ 12-16
ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻՆ լրագրողները խնդրեցին անդրադառնալ Եվրախորհրդարանի` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի նշանակությունը: Պրն Մանոյանի խոսքով` բանաձեւը կարեւոր է, որովհետեւ կոչ արվեց Թուրքիային առերեսվել իր պատմության հետ: "Բանաձեւը, իհարկե, խոցելի կետեր ունի, օրինակ, մի քիչ շատ են ծանրացել հայ-թուրքական արձանագրությունների վրա, կարեւորել են անցյալ տարի Թուրքիայի կողմից հնչեցված մեկ-երկու խոսքը",- ասաց Մանոյանը:Թուրքիայի ներքին ճակատի վրա, ըստ դաշնակցական գործչի, ազդեցություն չի ունեցել, քանի որ Թուրքիայի վարչապետը ընդդիմությանն ու Հայոց ցեղասպանությունն ընդունող միջազգային կառույցներին համարում է "չարի ճակատ":
"Իրավունքի" հարցին` բանաձեւը հայ դիվանագիտության ձեռքբերո՞ւմ է, թե՞ Հռոմի պապի մատուցած պատարագն իր ազդեցությունն ու դերն ունեցավ այս բանաձեւն ընդունելու հարցում: "Եվրախորհրդարանը 700 անդամ ունի, որոնց հետ ամիսներ շարունակ աշխատում են Եվրոպայի հայկական համայնքը, Հայ դատի հանձնախումբը, հայկական այլ կառույցներ: Այսինքն` այնպես չէ, որ միայն Հռոմի պապն ասաց, ու Եվրախորհրդարանն էլ հետեւեց նրան",- պատասխանեց Կիրո Մանոյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
