ԻՆՉՈՒ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԻՆ ՍՈՎԱԾ ԹՈՂԵԼ
Արխիվ 12-16ԻՆՉՈՒ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ
ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԻՆ ՍՈՎԱԾ ԹՈՂԵԼ
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը բավականին ուշագրավ հայտարարություն է արել` որ շատ էականորեն կրճատվում են Հայաստանում օգնության կարգով ֆինանսավորվող ծրագրերը, այդ թվում եւ դրամաշնորհները: Ճիշտ է, դեսպանը շեշտեց, որ դա որեւէ քաղաքական դրդապատճառ չունի եւ ելնում է զուտ ԱՄՆ պետբյուջեում կրճատումներ կատարելու անհրաժեշտությունից, սակայն պարզից պարզ է, որ հենց այնպես մեր գրանտակերներին սոված չէին թողնի: Եվ դա, կարծում ենք, բյուջեի հետ գրեթե կապ չունեցող որոշում է, որը ելնում է մեր երկրում եւ տարածաշրջանում քաղաքական կարեւոր փոփոխություններից:
ԵՐԲ ՍԱՔՈՒՆՑՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼՈՐԴ
Անշուշտ, բոլոր տեսակի "շպիոնօնիկները"` լինեն դրանք "քաղաքացիական հասարակության" ներկայացուցիչ, թե կուսակցական, հայտնվում են ողբալի վիճակում: Չէ՞ որ գրանտները ոչ միայն կրճատվում են, այլ տակը մնացած խղճուկ չափաբաժինը "քեռի Սեմը" տրամադրելու է ոչ թե "ժողովրդավարություն տարածելու", "քաղաքացիական հասարակություն" կայացնելու, տարատեսակ գույնզգույն փոքրամասնությունների "իրավունքները" պաշտպանելու, տարատեսակ "հայ-թուրքական հաշտությունների" եւ ադրբեջանասիրական սրիկայությունների համար, այլ ուղղվելու է հիմնականում համայնքային ծրագրերին:
Անկասկած, ամերիկյան որոշման մեջ իր դերն ունի այն հանգամանքը, որ մեր "հեղափոխականները" պիտանի չեն ո՛չ բնությանը, ո՛չ մարդկությանը, եւ Հայաստանում "նարնջագույն" հեղաշրջումը դարձել է գործնականում անհնարին: Այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն ստիպված եղավ հրաժարվել մայդանային ծրագրերից, միանգամից պարզվեց, որ մայդանային կարողունակ ռեսուրս Հայաստանում չկա: Այսինքն` ե՛ւ "նարնջագույն" կուսակցություններին, ե՛ւ տարատեսակ սաքունցներին տրվող գումարները պարզապես կորում են եւ ոչ մի կերպ չեն ծառայում երկրում մայդանային տրամադրություններ, առավել եւս մայդանային ենթակառուցվածք ստեղծելու նպատակներին: Ճիշտ է, ամերիկյան կանաչ թղթադրամը Աստծո տեղ պաշտող մեր "քաղաքացիական հասարակությունը" կարողանում է հիմնովին կեղտոտել լրատվական դաշտը եւ սպասարկել տեղեկատվական-հոգեբանական պատերազմի օպերացիաները, սակայն արդյունքում ո՛չ հեղափոխական զանգվածներ են ծնվում, ո՛չ էլ հեղափոխականների ցանցեր: Ու ամերիկացիները մեր գրանտակերներին անարդյունավետ ձրիակեր համարելու բոլոր հիմքերն ունեն:
Սակայն այստեղ հետաքրքիրն այն է, որ "քեռի Սեմը" չի ցանկանում ֆինանսավորել նաեւ իր ամենասիրելի նախագծերից մեկը` այսպես կոչված, "հայ-թուրքական հաշտությունը", ոչ էլ իր կողմից այդքան սիրված տարատեսակ ադրբեջանապաշտ վանյաններին: Այդպիսի նախագծերը եւ դրանք կյանքի կոչող ազգադավները գլխանց չունեին "նարնջագույն" ֆունկցիաներ եւ նախատեսված չէին հեղափոխական գործընթացների համար: Հետեւաբար, նրանց փողից կտրելը ունի քաղաքական, կարելի է ասել, աշխարհաքաղաքական դրդապատճառներ: Նման է, որ ամերիկացիներին, կարծես թե, այլեւս պետք չէ հայ-թուրքական հաշտություն եւ թուրքական սահմանի բացում:
Ինչ-որ էական բան այստեղ փոխվել է, ու այդ փոփոխությունը թերեւս կապված է այն հանգամանքի հետ, որ ամերիկացիները փորձում են ամեն կերպ կտրել ռուսական գազի մատակարարումը Եվրոպային, սակայն ռուսները ձեռնարկել են Թուրքիայի վրայով գազը Եվրոպա հասցնելու նախագիծը:
Հիմա ընդհակառակը` ինչքան ավելի մեծ երկայնքով ԵՏՄ սահմանը Թուրքիայի հետ փակ լինի, եւ ինչքան ավելի շատ ԵՏՄ-ի երկրները վատթարացնեն հարաբերությունները թուրքերի հետ, այնքան ավելի լավ` ամերիկացիների համար: Ու այդ ենթատեքստում տրամաբանական է ենթադրել, որ ամերիկյան քաղաքականության վեկտորը հայ-թուրքական "հաշտեցումից" իր ուղղությունը փոխում է դեպի տրամագծորեն հակառակը` հնարավորինս շատ սրել հայ-թուրքական հարաբերությունները եւ հնարավորինս շատ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի լուրջ խոչընդոտներ ստեղծվեն Թուրքիայի տարածքով ռուսական էներգակիրները Եվրոպա փոխադրելու համար: Երեւանը Հարավային Կովկասի տարածաշրջանում ռուսների միակ եւ անփոխարինելի հենարանն է, ու ստեղծվում է որոշակի պարադոքսալ վիճակ: Մի կողմից` Մոսկվային պետք չէ ԵՏՄ որեւէ երկրի հարաբերությունների սրումը Թուրքիայի հետ, մյուս կողմից` Մոսկվան չի կարող պարտադրել Հայաստանին` սահմանափակել սեփական քայլերը Հայ դատի ուղղությամբ: Դա ելնում է ոչ միայն դաշնակից լինելու հանգամանքից, այլեւ նրանից, որ հայ-ռուսական ռազմավարական դաշինքի հիմքերի հիմքը անվտանգության խնդիրներն են, որոնք կոչված են հենց թուրքական սպառնալիքները չեզոքացնելու:
Բնականաբար, իրավիճակի փոփոխություն կա եւ Արցախի հարցում: Եթե ժամանակին նույն ԱՄՆ-ին պետք էր որեւէ կերպով լուծում գտնել հակամարտությանը, կամ այն գոնե սառեցրած վիճակում պահել, քանզի կային գլոբալ էներգետիկ նախագծեր, ինչպես նաեւ Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի ընդլայնման գործիք օգտագործելը, ապա այժմ, ընդհակառակը, Վաշինգտոնը շահարգրգռված է թեժացնել հակամարտությունը: Չէ՞ որ թեժացումն ինքնաբերաբար էլ ավելի կվատթարացնի չեղած հայ-թուրքական հարաբերությունները: Իսկ ռուսներին, ընդհակառակը, պետք է թույլ չտալ հակամարտության թեժացում, առավել եւս, որ ուկրաինական ծանր խնդրի առկայության դեպքում Մոսկվային լիակատար երջանկության համար միայն երկրորդ` կովկասյան ճակատի բացումն է պակասում:
Անշուշտ, շատ ոչ միանշանակ իրավիճակ է, եւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է աննախադեպ ճկուն լինի` ճիշտ բալանսը պահելու եւ մեր շահերը առավելագույնս ապահովելու համար:
ԻՆՉ Է ՓՈԽՎԵԼՈՒ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Եվ այսպես, ԱՄՆ-ի համար գործնականում անիմաստ է դառնում "նարնջագույն" հեղաշրջում ֆինանսավորելը, ինչպես նաեւ ոչ նպատակահարմար` թուրքամետ նախագծերի ֆինանսավորումը: Բայց հարկ է հիշել, որ ֆինանսավորման կրճատման մասին հայտարարությունից առաջ դեսպան Միլզը մեկ ուրիշ ուշագրավ հայտարարություն էր արել` որ ԱՄՆ-ն ձգտում է դառնալ Հայաստանի թիվ 1 տնտեսական գործընկերը: Իսկ դա, առավել եւս Եվրասիական միության իրողության պայմաններում, նշանակում է, որ "քեռի Սեմը" նախընտրելու է աշխատել ոչ թե ընդդիմության, այլ իշխանության հետ: Ինչը իր հերթին էլ ավելի կպակասեցնի "նարնջագույն" ընդդիմադիրների եւ գրանտակեր ակտիվիստների բաժինը:
Մենք արդեն առիթ ունեցել ենք, թեկուզեւ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի օրինակով, ցույց տալ, որ իշխանական համակարգում ձեւավորվում է արեւմտամետ թեւ: Ու տրամաբանական է, որ անցյալում կրակոտ հեղափոխական խաղացող "նարնջագույն" ընդդիմադիրները այժմ ոչ թե շարունակելու են իշխանափոխության անպտուղ փորձերը, կամ իշխանության դեմ ամենածայրահեղական քննադատությունը, այլ կփորձեն ինտեգրվել իշխանության արեւմտամետ թեւի հետ: Պարզ է, որ ՀԱԿ-ը, "Ժառանգությունը", առավել եւս, արտախորհրդարանական խառախուռան ՀՀԿ-ին նույնքան են պետք, որքան սայլակին 5-րդ անիվը, ու այդ ինտեգրումը տեղի կունենա ոչ թե "բիրիքով", այլ անհատական կարգով: Ընդդիմադիր գործիչներից շատերը ձգտելու են առավելագույն շահավետ ձեւով հրաժարվել ընդդիմադիր գործունեությունից, եւ առաջիկայում մենք ականատես կլինենք անսկզբունքայնության եւ բարոյական անմաքրության այնպիսի օրինակների, ինչպիսիք դեռեւս չենք տեսել:
Իսկ ընդդիմության ռուսամետ հատվածը գլխանց հեռու է արմատականությունից եւ ծայրահեղականությունից, քանզի Մոսկվան զրոյական շահագրգռվածություն ունի դաշնակից երկրում վարչակարգ փոխելու, առավել եւս հեղափոխական մեթոդներով: Ներկայիս "նարնջագույնները" չեն կարող մի գիշերվա մեջ արեւմտամոլից վերածվել ռուսամոլի, քանզի դա ոչ միայն դաժան հարված կհասցնի իրենց հեղինակությանը եւ անսկզբունքայնությունը ստվերային խաղերի դաշտից կտեղափոխի հրապարակային դաշտ, այլեւ ռուսամետ դաշտում այդպիսի գլխաքանակով համալրումների պահանջարկ չկա:
Միակ դաշտը, որտեղ ներկայիս "նարնջագույնները" կարող են առավելագույնս իրենց դրսեւորել, միաժամանակ չվնասելով սեփական հեղինակությանը, դա հակաթուրքականն է: Զարուհի Փոստանջյանի վարքագիծը այդպիսի վերակողմնորոշման վառ եւ տիպիկ օրինակ է, ու սպասելի է, որ շատերը կհետեւեն նրա օրինակին եւ կդառնան արմատական "հայդատական": Առավել եւս, որ վաղուց արդեն նույն արեւմտամետ դաշտում համապատասխան գաղափարական, իրավական եւ գիտական հենք գոյություն ունի` ի դեմս Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանի: Ինչեւէ, օբյեկտիվորեն ընդդիմության վերակողմնորոշումը դեպի այդ դաշտը օգտակար է երկրի ու շահի տեսակետից ու միաժամանակ նպաստելու է ներքաղաքական կայունությանը: Չէ՞ որ այժմ պայքարը գնալու է ոչ թե ներքին թշնամու կերպարով ներկայացվող իշխանության, այլ ռեալ արտաքին թշնամու դեմ: Ուստի, ռեալ պայմաններ են ստեղծվում, որպեսզի ընդդիմադիր դաշտում ծաղկի ազգայնականությունը: Ռուսամետ ընդդիմադիրները գլխանց են ազգայնական կամ առնվազն ազգային պահպանողական, իսկ արեւմտամետներն այժմ ծնունդ են տալու միգուցե նույնիսկ ծայրահեղ ազգայնականության դրսեւորումներին:
Եվ այսպես, ներկայիս "նարնջագույններին" ընտրության շատ նեղ դաշտ է մնում` կամ անհատական կարգով "ծախվել Բաղրամյան 26-ին", կամ տեղափոխվել հակաթուրքական ազգայնական դաշտ: Սակայն կա հսկայական շերտ, որին ոչ իշխանական համակարգը կընդունի, ոչ էլ իրենք կարող են գալ ազգայնական դաշտ: Օրինակ, ՀԱԿ-ի պարագայում դա գործնականում հնարավոր չէ` ճիշտ է, ժողովրդական խոսքով ասած, Լեւոն Ակոպիչի "երեսը պադոշ է", բայց նա այդ դաշտում հայտնվել ոչ մի կերպ չի կարող: Այդ դաշտում չեն կարող հայտնվել նաեւ տարատեսակ սաքունցները, քանզի գոմիկների, աղանդավորների եւ այլ զրթուզիբիլի պաշտպաններին անհնարին է պատկերացնել այդ ամենը կոշտ ձեւով ժխտող ազգայնական դաշտում: Իսկ, օրինակ, "Ժառանգության" պարագայում դա հնարավոր է, հնարավոր է նաեւ բազում արտախորհրդարանական փոքր կուսակցությունների դեպքում: Բայց նրանք բոլորը օբյեկտիվորեն բախվելու են ՀՅԴ-ի հետ, քանզի դաշնակները Հայ դատը համարում են սեփական մենաշնորհը, ու խանդով են վերաբերվելու նույն դաշտը մտնող այլ կուսակցություններին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
