ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՈՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՈՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Գորիսի Ավանգարդ թաղամասի անբարեկարգ վիճակի մասին շատ է խոսվել: Թաղամասի քիչ թե շատ բարեկարգ ճանապարհն ավարտվում է համալսարանի մուտքի մոտ, մյուս հատվածներն անբարեկարգ են: Այդ թաղամասում են գտնվում Գորիսի պետական քոլեջն ու Գորիսի պետական համալսարանը: 2014 թ-ից Գորիսի քաղաքապետ ընտրվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի «մարդը»` Վաչագան Ադունցը: «Իրավունքը» Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչի քավոր Կարեն Լազարյանից պարզեց` արդեն մեկ տարի է, որ Վաչագան Ադունցը ղեկավարում է Գորիսը, արդյոք թաղամասը բարեկարգվել է: «Մի քանի տարի առաջ այդ թաղամասի փողոցների եւ քաղաքի կենտրոնից դեպի ուսանողական թաղամաս ձգվող փողոցի վիճակն առավել անմխիթար էր: Երկու-երեք տարի առաջ կենտրոնից դեպի թաղամաս ձգվող փողոցը հիմնանորոգվել է: Աշխատանքների մյուս մասը, որքանով տեղյակ եմ, կկատարվի առաջիկա ամիսներին: Դա քաղաքի այն թաղամասն է, որտեղ ոչ միայն Գորիսի պետական քոլեջն է, այլեւ Գորիսի պետական համալսարանը, մեկ գիշերօթիկ եւ մեկ հանրակրթական դպրոց, ուսանողական հանրակացարանը եւ Սերո Խանզադյանի տուն-թանգարանը»:
Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հետ Կարեն Լազարյանը քննարկել է թաղամասի վիճակը: Նա էլ է համակարծիք, որ քաղաքի ուսանողական թաղամասի մյուս փողոցները եւս պետք է հիմնանորոգվեն: «Բայց պիտի նկատի ունենալ, որ այդ փողոցների հիմնանորոգումը պահանջում է շատ մեծ գումար, որը, բնականաբար, չի կարող լուծվել համայնքային բյուջեի հաշվին: Ասել է թե` մենք ակնկալում ենք նաեւ հանրապետության կառավարության կամ դոնոր կազմակերպությունների աջակցությունը, քանի որ խոսքն ի սկզբանե վատ վիճակում գտնվող մի քանի փողոցի մասին է»,- մանրամասնեց քոլեջի տնօրենը:
Ինչ վերաբերում է Վաչագան Ադունցի` Սուրեն Խաչատրյանի «մարդը» լինելուն, պրն Լազարյանը ձեւակերպմանը չհամաձայնեց`ասելով. «Չեմ կարծում, որ Ձեր հարցադրումը ճիշտ եք ձեւակերպել: Վաչագան Ադունցը Գորիսի ընտրյալ քաղաքապետն է: Նա մի քանի ամիս առաջ է ընտրվել Գորիսի քաղաքապետ, եւ արդեն ակնհայտ է, որ գորիսեցին ճիշտ ընտրություն է կատարել»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
