Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ՐԱՖՖԻՆ ԽՈՐԱՄՏՈՐԵՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԷՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16


ՐԱՖՖԻՆ ԽՈՐԱՄՏՈՐԵՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԷՐ ՀԱՅՈՑ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 


Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման և դրան առնչվող իրադարձություններով ու հայոց խնդրի վերարծածումներով լեցուն մեր օրերում մի տեսակ համեստորեն խոսվեց հայոց միտքը հիրավի կերտող անձի, արվեստագետի, մտածողի և ապագա հայրենիքի տեսլականը կառուցողի մասին՝ Րաֆֆու, որի 180-ամյա հոբելյանն առիթ պիտի տար խորապես և լայնորեն ներկայացնելու ոչ միայն նրա ստեղծագործություններն ու դրանց ազդեցությունը հայոց բազմաթիվ սերունդների մտավոր ձևավորման ու դաստիարակության գործում, այլև նոր հայացքով քննելու իր թողած հարուստ գրական, հրապարակախոսական, գաղափարախոսական և լեզվական ժառանգությունը: Նախօրեին <<Գրական թերթում>> լույս էր տեսել արձակագիր Ալիս Հովհաննիսյանի՝ Րաֆֆուն նվիրված էսսե-հոդված-վերլուծականը, և Ավ. Իսահակյանի անվան գրադարանում մեծ վիպասանին նվիրված ցերեկույթ-բանախոսությունների շարքի կազմակերպումն ի՛ր նախաձեռնությունն էր:

Թվում է՝ ամեն ինչ ասված է Հակոբ Մելիք-Հակոբյանի (Րաֆֆու) ստեղծագործության մասին: Բայց Ա. Հովհաննիսյանը Րաֆֆուն ներկայացրեց այլ՝ փոքր-ինչ անակնկալ տեսանկյունից: Նա 19-րդ դարի Խորենացին էր: Հայ պատմիչներն այն մանրամասները չեն թողել մեզ, որ կարողանանք լիարժեքորեն վերականգնել հնոց պատմությունը: Այդ բացը լրացնելու՝ Րաֆֆու ջանքերն անգնահատելի են: Նա, անտեսելով բոլոր վտանգներն ու դժվարությունները, շրջել և ուսումնասիրել է Հայաստանը, արձանագրել ժամանակների մեջ կորչելու դատապարտված մանրամասներ, գուգուրանքով դրել դրանք իր երկերում՝ դրանով իսկ փրկելով մոռացումից ու ջնջվելուց:

Իր ժամանակներն ու ժամանակակիցներն անխնա են եղել վիպասանի ստեղծագործությունների, հրապակախոսական բնույթի գրավոր մտածումների հանդեպ, սակայն բոլոր հարձակումներն իր արվեստի ու գաղափարների դեմ նրան չեն հուսալքել, չեն թուլացրել, այլ առավել սրել են նրա գրիչը, առավել վճռական դարձրել՝ իր հայացքներն ու համոզմունքները պաշտպանելու: Ինքը՝ Րաֆֆին էլ անխնա է եղել իր գործածած լեզվով ու հրապարակումների դիպուկությամբ գաղափարական հակառակորդների հանդեպ, ու քիչ չեն եղել իր թշնամիները:

Արձակագիր Ալիս Հովհաննիսյանը խոսել է նաև նորարար ու լեզվաստեղծ Րաֆֆու մասին՝ նկատելով, որ հենց նա՛ էր վերցրել հայոց գրական լեզուն մաքրելու, նորաբանություններով հարստացնելու, փայլուն ու անթերի կերպով ներկայացնելու, այն լայնորեն գործածության մեջ դնելու, բարբառային ավելորդաբանություններից զտելու առաքելությունը, և դա նա արել է մեծ վարպետությամբ ու արվեստով: Նրա մասին են ասել, որ Րաֆֆին առաջինն էր, որ արարատյան լեզվով մեծ վեպեր գրեց՝ վստահանալով, որ դա՛ է գրական լեզուն զարգացնելու ճշմարիտ ուղին:

Բանախոսը հիշեց նաև Պատկանյանի ոգեշունչ խոսքերը՝ ուղղված Րաֆֆուն: Նրանցում բանաստեղծն իր գրչընկերոջը բնորոշում է՝ իբրև մարգարեի՝ մեսիայի, որի երկերում շարադրված մարգարեացումներից շատերը հետագայում իրոք իրականացան: Նա՛ էր, որ հայոց եղեռնից տասնամյակներ առաջ խոսեց թուրքի անուղղելի բնույթի մասին՝ խորագետ հայացքով մխրճվելով ապագայի իրադարձությունների մեջ և խոսելով իր ազգին սպառնացող ցեղասպանության մասին:

Բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Ալեքսանյանն իր հերթին խոսեց Րաֆֆի անհատականության մասին՝ նրա կերպարով ամբողջացնելով նրա սերնդի մտավորականության դերը ազգի ձևավորման գործում: Րաֆֆին բնութագրվել է՝ իբրև ազգային գաղափարախոսության նախակարապետ: Հիշելով արվեստաբան Բախտինի տեսանկյունը, թե արվեստագետին պետք է փնտրել և գտնել իր արվեստում, բանախոսը նկատեց, որ Րաֆֆու մասին իրոք խոսում է նրա բառը, նրա նախադասությունը, նրա պոետիկան: Հենվելով այլոց գրավոր հիշողությունների վրա՝ Ա. Ալեքսանյանը խոսեց անզիջում, իր գաղափարներին մշտապես հավատարիմ, արժանապատիվ կեցվածքով ու բնույթով անձի ու մտավորականի մասին՝ համեմելով այդ ամենը Րաֆֆու կյանքից հետաքրքիր դիպվածների մեջբերմամբ: <<Հրապարակախոսի, գրաքննադատի սուր լեզու ուներ: Քաջ էր և՛ իր կյանքում, և՛ իր հոդվածներում ու ստեղծագործություններում: Ոչ մի բանից ահ չուներ՝ ո՛չ իր գրվածքների, ո՛չ իր անձի վրա հարձակվողներից>>,- ասաց նա:

Րաֆֆու թարգմանական արվեստի յուրահատկությունները ներկայացրեց մշակութաբան, քիմիական գիտությունների թեկնածու Ասատուր Փաշայանը: Առանձին հիշատակվեցին նրա՝ Շիլլերից, Պուշկինից, Հայնեից, Հյուգոյից, Տուրգենևից, Զախեր Մազոխից, Պլատոն Զուբովից կատարած թարգմանությունները, որոնցից մի քանիսը, սակայն կորսվել են:

Րաֆֆու՝ որպես քննադատի, մասին իր աշխատասիրությունը ներկայացրեց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Փաշայանը: Րաֆֆին անհանգիստ, անհանդուրժ էր՝ իբրև քննադատ: Նա իր հոդվածներում քննել է հայ կյանքը՝ սկզբնավորումից մինչև իր օրերը՝ նկատեց բանախոսը՝ իր խոսքում ծանրանալով հատկապես հայ կյանքին ու բանահյուսությանը վերաբերող մի քանի հոդվածների վերլուծության վրա: <<Րաֆֆու շուրջ 30 տարվա՝ քննադատի պրպտուն աշխատանքը, կարելի է ասել, ամբողջական քննություն է հայ ժողովրդի անցած կյանքի՝ սկզբից մինչև իր օրերը, որ նաև ապագային են միտվել,- ասաց գրականագետը:- Նա քննում է գրեթե ամեն բան, որ վերաբերում է հայ ժողովրդի պատմությանն ու կենցաղին, մտածողությանը, սովորություններին, ապագային, անդրադառնում է գրականությանն ու գրական մամուլին, քաղաքական կյանքին, հասարակական տարբեր շերտերին>>:

Առանձնակի ուշագրավ է Րաֆֆու <<Ինքնախաբեություն>> հոդվածը, որում հեղինակը խարազանել է հասարակության անառողջ կողմերը: Լեզուն կորչում է ազգի բերանում՝ ահազանգել է Րաֆֆին իր օրերում: Նկատենք, որ այս խոսքերը գրելուց մեկուկես դար հետո Րաֆֆու հնչեցրած մտահոգությունն արդիական է հնչում, քանի որ մեր գործածած լեզվի նկատմամբ անհոգությունն օրեցօր մեծանում է: Խարազանելով ինքնագովությունը՝ մեծ մտածողը կարևորել է ինքնաճանաչումը:

<<Եթե մեկ նախադասությամբ ներկայացնելու լինենք Րաֆֆու ստեղծագործությունը, կարելի է ասել, որ նա իր բոլոր գործերում չեղած Հայաստանը ներկայացրեց՝ իբրև Հայաստան>>,- այսպես է մի առիթով ասել րաֆֆիագետ Խաչիկ Սամվելյանը: Խորագետ մտավորականի, մեծ գեղագետի, իր ստեղծագործությամբ հայ գրականությունում նոր եզրեր բացած և ուղղություն տված վիպասանի երկերը այսօր և բոլոր ժամանակներում ուղեցույց են հայոց լինելիության:

Րաֆֆուն նվիրված հանրամատչելի գրական քննարկում-միջոցառմամբ մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը, ինչի նպատակն է անդրադարձ կատարել մեր մշակութային արժեքներին, ներկայացնել նորաստեղծ գրական ստեղծագործությունները, հասարակության ավելի լայն շերտերի կապել գրքի հետ, ընթերցանության միջոցով նպաստել անհատականության ձևավորմանը:



Հասմիկ Սարգսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ