«ՄԵԾ ՀԱՄԵՐԳ»`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Արխիվ 12-16«ՄԵԾ ՀԱՄԵՐԳ»`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Ապրիլի 18-ին ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայազգի դիրիժոր եւ ջութակահար ՋՈՐՋ ՓԵՀԼԻՎԱՆՅԱՆԻ ղեկավարությամբ տեղի կունենա «Մեծ համերգ»`նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգի ընթացքում Երեւանի անսամբլային նվագախմբի, «Միրզոյան կվարտետի», ԱՅԲ դպրոցի եւ ֆրանսիական միջազգային դպրոցի մանկական երգչախմբերի կատրմամբ կհնչեն Կոմիտասի, Մ. Ռավելի, Ա. Հարությունյանի, Ա. Այվազյանի եւ Վ. Շարաֆյանի ստեղծագործությունները: Ջ. Փեհլիվանյանի խոսքով` համերգային ծրագիրը յուրահատուկ է եւ մտերմիկ.«Նման նախագծեր ես իրականացրել եմ աշխարհի անվանի արտիստների հետ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ցանկացա նման նախագիծ իրականացնել նաեւ Հայաստանում`հայ եւ ֆրանսիացի երեխաների մասնակցությամբ: Ուզում եմ ցույց տալ, որ մեր ապագայի հույսը մեր երիտասարդներն են»,-նշեց Ջորջ Փեհլիվանյանը: Դիրիժորը նաեւ անակնկալ է պատրաստել հայ հանդիսատեսի համար`21 տարվա ընդմիջումից հետո նա բեմում հանդես կգա նաեւ ջութակով.«Վերջին անգամ հայ բեմում ջութակով նվագել էի 1994 թվականին եւ երկար ընդմիջումից հետո որոշեցի մեր փոքրիկների հետ միասին կատարել որեւէ ստեղծագործություն: Հայոց ցեղասպանության 50-րդ տարելցին նվիրված միջոցառման ժամանակ օպերայի բեմում հանդես է եկել իմ մայրը`օպերային երգչուհի Արփինե Փեհլիվանյանը, իսկ այսօր ելույթ ենք ունենալու ես եւ քույրս`սոպրանո Էլիզաբեթ Փեհլիվանյանը»,-տեղեկացրեց դիրիժորը եւ ավելացրեց, որ ցանկանում է հայ պատանի երգիչներին տանել ֆրանսիա, որպեսզի նրանք հայկական շունչը տարածեն նաեւ օտար երկրում:
Համերգին մասնակցելու է նաեւ դուդուկահար ԳԵՎՈՐԳ ԴԱԲԱՂՅԱՆԸ ով կատարելու է Վաչե Շարաֆյանի գրած «Անդաստան» ստեղծագործությունը եւ Է. Միրզոյանի «Կվարտետը». «Իմ կարծիքով այս համադրությունը շատ գեղեցիկ է արվել: Ջ. Փեհլիվանյանի հետ համագործակցում եմ առաջին անգամ: Համագործակցելու առաջարկը ստացա նրանից եւ հուսով եմ մեր համագործակցությունը կշարունակվի նաեւ հետագայում»,«Իրավունքի» հետ զրույցում նշեց Գ. Դաբաղյանը եւ ընդգծեց, որ մայիսի 7-ին նույն համերգային ծրագրով կմեկնեն Ֆրանսիա եւ ելույթ կունենան երեք խոշոր քաղաքներում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
