ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԳԱՎԱՌԻ ԹԱՏՐՈՆՆ ԱՅԺՄ «ՓՐԿՎԵԼ Է»
Արխիվ 12-16ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ ԿԱՆԳՆԱԾ
ԳԱՎԱՌԻ ԹԱՏՐՈՆՆ ԱՅԺՄ «ՓՐԿՎԵԼ Է»
Դեռեւս 2011 թվականից Գավառի Լ. Քալանթարի անվան Պետական դրամատիկական թատրոնը չի գործում, կանգնած է վերանորոգման: Սակայն վերանորոգման աշխատանքներն սկսվել են 3 տարի անց` 2014 թվականի դեկտեմբերից: Ինչպես վերջերս «Արտավազդ» ամենամյա թատերական փառատոնին ընդառաջ` մարզային թատրոնների ստուգատեսի ժամանակ Գավառի թատրոնի դերասանուհիներից մեկի հուզված ելույթից պարզ դարձավ, թատրոնը եղել է կործանման եզրին, այժմ արդեն «փրկվել է». Ինչպես «Իրավունքին» հավաստիացրին թատրոնի ղեկավարները` 2016 թվականին թատրոնն արդեն այժմյան մշակույթի պալատի փոխարեն` կգործի նոր շենքում:
«ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԲԱՑԸ ԼՐԱՑՆՈՒՄ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏՈՒՄ»
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ ԳԵՂԱՄ ՉԱՐՎԱԴԱՐՅԱՆԸ, ով նախկինում աշխատել է տվյալ թատրոնում, «Իրավունքին» փոխանցեց, որ թատրոնի շենքի հիմնանորոգումն սկսվել է 2011 թվականից, քանի որ քանդվել էր բեմական մասը, ինչից հետո թատրոնի շենքում ներկայացումներ չեն խաղացվել: Փոխարենը դերասանական կազմը մինչեւ այսօր բացը լրացնում է Մշակույթի պալատում. «Գավառի մշակույթի պալատում ներկայացումներ խաղալուց բացի` հիմանական շեշտը դրված է նաեւ մարզի տարբեր համայնքների Մշակույթի տներում հյուրախաղերով հանդես գալու վրա»,- տեղեկացրեց Գ. Չարվադարյանը: Իսկ գրեթե 2 տարի թատրոնի շենքի հիմնանորոգման դադարեցման պատճառների մասին ասաց. «Կառավարությունը գումարը հատկացրել էր, ուղղակի այնտեղ կային նախագծանախահաշվային որոշակի խնդիրներ` կապված շենքի ակուստիկայի հետ, որը վերանորոգումը հետաձգելու պատճառ դարձավ: Բայց շինարարությունն արդեն վերսկսվեց անցյալ տարվա դեկտեմբերից»:
«ԹԱՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՊՎԱԾ Է ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԵՏ»
Իսկ թատրոնի նորանշանակ տնօրեն ՀԱՅԿ ՂԱՓԱՆՑՅԱՆԸ նախ հերքեց դերասանուհու հուզված ելույթը, թե թատրոնը կործանման եզրին է եղել, ապա վստահեցրեց. «Կառուցվում է թատրոնի մի հոյակերտ շենք, որի հետ շատ ծրագրեր են կապված: Բավականին մեծ ծրագրեր ունենք` տեխնիկապես զարգացնել, շենքը համապատասխանեցնել ժամանակակից ներկայացումների որակին»: Նորանշանակ տնօրենը նաեւ ընդգծեց, որ թատրոնի հիմնական խնդիրը կապված է դերասանական կազմի հետ. «Կադրային փոփոխություններ են պետք թատրոնի դերասանական կազմում, ավելի որակով աշխատանքներ անելու համար: Իհարկե, չնեղացնելով երկար տարիների փորձ ունեցող դերասաններին` կարելի է ընդգրկել նոր կադրեր, քանի որ թատրոնում` հիմնականում Գավառից, շատ քիչ են թատերական կրթությամբ երիտասարդները: Լուծումը գուցե գտնենք` պայմանագրային կարգով Երեւանից դերասաններ հրավիրելով»: «Արտավազդ» մրցանակաբաշխությանն ընդառաջ` երեւանյան հյուրախաղից հետո ներկայացման մասին եղած դժգոհությունների ու դիտողությունների մասին տնօրենն այսպես խոսեց. «Հիմա, այս պայմաններում, շատ թերացումներ կան բեմադրություններում, պետք է ազնվորեն ասեմ` դա կապված է այժմյան շենքային պայմանների հետ: Մեր քաղաքապետի կողմից միայն մի տարածք է հատկացվել` մի սենյակ, որտեղ չկա բեմ, ու բեմադրվում է մի ներկայացում, դե պատկերացրեք այդ ներկայացման որակը»:
Այնուամենայնիվ, տնօրենը վստահեցրեց, որ արդեն թատրոնի վերանորոգված շենքը` որը նախատեսված է ավարտին հասցնել 2016 թվականին, այնքան գեղեցիկ շենք է, որ լինելու է Գավառի դեմքը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
