ԴԻՏԱՐԺԱՆ ՊԱՅՔԱՐ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Արխիվ 12-16
ԴԻՏԱՐԺԱՆ ՊԱՅՔԱՐ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Այս տարիքային խմբում մրցակցությունը շատ մեծ է և յուրաքանչյուր քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար պայքարում է մոտ 20 բռնցքամարտիկ: Սա խոսում է այն մասին, որ բռնցքամարտի հանդեպ մատաղ սերնդի հետաքրքրությունը մեծ է, իսկ հայկական բռնցքամարտի ապագան խոստումնալից: Ապրիլի 15-ին 6 քաշային կարգերում կայացավ 1/8 եզրափակչի 39 մենամարտ, որոնցից շատերը աչքի ընկան դիտարժանությամբ: Հատկապես գեղեցիկ մենամարտեր անցկացրեցին ու հաղթանակ տոնեցին 46 կգ քաշային աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Արման Գալստյանը և 50 կգ քաշայիններ Արթուր Բարեյանն ու Արմեն Մաշակարյանը: Հայաստանի առաջնությանը ուշի ուշով հետևում է նաև այս տարիքային խմբի մեր ընտրանու ավագ մարզիչ Արման Հարությունյանը, ով նույնպես նշեց, որ այս տարիքային խմբում լուրջ մրցակցություն կա, ինչն անկասկած կտա իր արդյունքը: Արման Հարությունյանը նաև ասաց, որ շատ բռնցքամարտիկներ արդեն իսկ առանձնանում են հարուստ տեխնիկական զինանոցով: Հիշեցնենք, որ ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը մայիսին Լվովում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Այսօր՝ ապրիլի 16-ին, Դինամո մարզադահլիճում կրկին հետաքրքիր պայքար է սպասվում: մի քանի քաշային կարգերում բռնցքամարտիկները կպայքարեն ¼ եզրափակչի ուղեգրերի համար: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
