ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԱԾ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏՐԱՎՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՄՈՏ
Արխիվ 12-16ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԱԾ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏՐԱՎՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՄՈՏ
ԵՊՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեբանական առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ խոսքով` վերջերս Երևանում անցկացված Հայկական հոգեբուժական ասոցիացիայի 9-րդ համագումարի կողմից ընդունվել է հայտարարություն, որով կոչ է արվել պետական եւ ոչ պետական մարմիններին, երեխաների ու դեռահասների շրջանում Հայոց ցեղասպանության տեղեկատվության փոխանցման հարցում հանդես գալ միասանական հայեցակարգով եւ պատրասակամություն հայտնել իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել եւ անձագանքել բոլոր նմանատիպ նախաձեռնություններին: Բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնն արդեն իրականացրել է նմանատիպ հետազոտություն «Ցեղասպանության պատճառած հոգեբանական տրավմայի միջսերնդային փոխանցման հոգեբանական հետազոտություն. տրավմայի առանձնահատկությունները, վտանգները, վնասներն ու օգտակարությունը հոգեկան առողջության համար» թեմայով, որին մինչ այս պահը մասնակցել է 1200 հայ Հայաստանից ու արտերկրից. «Այս հետազոտությունը փորձում է պարզել հինգ տարբեր սերունդների մեջ ինչպես է տեղի ունեցել հոգեբանական վերապրումը, ինչպես նաև ցեղասպանության տրավմայի պաշտպանական մեխանիզմները: Մենք խումբը բաժանել ենք երկու մասի` նրանք, ովքեր ունեն ընտանիքի պատմություն, եւ նրանք, ովքեր ուղղակի առնչություն չունեն ցեղասպանության հետ: Մինչ այս պահը 1200 տարբեր տարիքի անձանց հետ իրականացրել ենք տեստերը ու շատ փոքր տոկոսի հետ հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, հասկանալու համար, թե մարդու ֆիզիոլոգիական մակարդակում տրավման հետք ունի, թե ոչ»,-նշեց Խ. Գասպարյանը:
Հոգեբանը տեղեկացրեց, որ նախնական վերլուծությունը թույլ է տվել դուրս բերել Հայոց ցեղասպանության տրավմայի փոխանցման մի քանի առանձնահատկություն: «Առաջին սերունդը որպես կանոն չի կարողացել հակազդել ցեղասպանությանը, ինչը կոչվում է լռության փակազդում: Ցեղասպանության պատճառած տրավման նրանք իրենց ներսում անընդհատ լռությամբ կուլ են տվել: Այսինքն` ցեղասպանության առաջին սերունդի կողմից անօգնականությունը, վայրագություններին ականատես լինելը, թույլ չի տվել, որ ռեակցիայից անցնեն ակցիայի, ձեւացրել են, որ ոչինչ չի պատահել»,-նշեց Խաչատուր Գասպարյանը:
Ըստ հոգեբանի` առաջնային խնդիրներից մեկը. որը սրում է Հայոց ցեղասպանության տրավմայի վիճակը, այն է, որ ցեղասպանություն գործող կողմը պատրաստ չէ ընդունել իրականությունը եւ հերքումը ձգում է տրավմայի ապրումները: Նրա բնորոշմամաբ` հայերի մոտ սուգը երկարաձգվել է,ինչն էլ նրանց դարձրել է անավարտ սգի ազգ: Այդ պատճառով էլ , երբ սգալու առիթ է լինում, ազգովի սգում են:
Նախնական վերլուծությունները նաեւ ցույց են տվել, որ զոհի կարգավիճակ ամրագրելու միտում կա Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվություն փոխանցելիս: Ինչի մեջ հոգեբանը վտանգներ է տեսնում: Այս առումով` տեղեկատվություն փոխանցելիս Խաչատուր Գասպարյանը կարեւորում է խոսել ոչ միայն նրա մասին, որ հայերին կոտորել են, այլեւ, որ նրանք փորձել ենք պաշտպանվել` շեշտադրելով ինքնապաշտպանական մարտերը. «Հայոց ցեղասպանության կողքին պետք է խոսել նաեւ այլոց ցեղասպանության մասին` չստեղծելով տպավորություն, որ միայն հայերին են ենթարկել ցեղասպանության»,-եզրափակեց հոգեբանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
