«ՀԱՅ ԿԻՆԸ ՏԱՐԻՔ ՉՈՒՆԻ». ԱՐՑԱԽԻ ԱՅԱՆ 35 ՏԱՐԻ ԲԵՄՈՒՄ Է
Արխիվ 12-16«ՀԱՅ ԿԻՆԸ ՏԱՐԻՔ ՉՈՒՆԻ». ԱՐՑԱԽԻ ԱՅԱՆ 35 ՏԱՐԻ ԲԵՄՈՒՄ Է
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում օրը տոնական էր, երգչուհի, երգահան, «Հայաստանի երգիչների միավորում» ՀԿ հիմնադիր-նախագահ ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ, ով դարձել է Արցախի սիրտն ու Հայաստանի զարկերակը, նշում էր բեմական գործունեության 35 տարին եւ ծննդյան տարեդարձը:
ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆԸ ԴԱՐՁԱՎ ԵՌԱՏՈՆ
Սիրված երգչուհուն իր «Կատակ պարով» ողջունեց ԼԱՐԻՍԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, իսկ «Իմ մայրիկ» երգով հոբելյարին հուզեց հենց նրա դուստրը` երգչուհի ԼԻԼԻԹ ՎԱՆԻՆ: Մ. Ասրյանին իրենց կատարումներով շնորհավորեցին նաեւ «Ալմաստ» ժողգործիքների անսամբլի ղեկավար, ազատամարտիկ ԱՇՈՒՂ ԱԼՄԱՍՏԸ, ժողովրդական երգչուհի
ԱՐՈՒՍ ԳՈՒԼԱՆՅԱՆԸ, երիտասարդ երգչուհի ՄՈՆԻԿԱ ՆԱԶԱՐՅԱՆԸ, Սոֆի Դեւոյանի «Պարի եւ ոգու թատրոնը», ասմունքով հանդես եկան հոբելյանական երեկոյի հաղորդավարներ ԱԻԴԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ ու ՋԻՎԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Եվ, իհարկե, էլ ինչ տարեդարձ առանց ուրախ պարերի, երեկոն էլ ավելի աշխուժացրեց երգիչ ՏԻԳՐԱՆ ՀԱՅՈՐԴԻՆ, ով նախեւառաջ մաղթեց օրվա հերոսուհուն, որ մեր գլխից անպակաս լինի: Տոնական տրամադրությունը շարունակվեց, երբ բեմ բարձրացավ երգչուհի ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ դիմելով տիկին Ասրյանին` նշեց. «Միանում եմ բոլոր շնորհավորանքներին: Շատ մեծ խանդավառությամբ ու բարձր տրամադրությամբ եմ եկել կիսելու քո ուրախությունը: Այսօր կրկնակի տոն է` ե՛ւ ծնունդ, ե՛ւ ստեղծագործական բուռն
անցած ճանապարհի ամյակ: Մաղթում եմ քեզ, որ միշտ լինես այսպես գեղեցիկ, երիտասարդ, սիրված ու բազում-բազում ստեղծագործական վերելքներ ունենաս»: Ա. Սարգսյանի նշած կրկնակի տոնը, սակայն դարձավ եռակի տոն: Օրը հարուստ էր անակնկալներով ոչ միայն Մ. Ասրյանի համար, այլեւ երգիչ ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆԻ: Պարզվում է` հենց այդ օրը նաեւ Ա. Բայաթյանի տարեդարձն էր, բայց նա իր «Ծնունդդ շնորհավոր» երգով եկել էր շնորհավորելու Մադլեն Ասրյանին: Դե իսկ Մ. Ասրյանը զիջեց իր պատվավոր տեղը Ա. Բայաթյանին ու ինքն էլ իր հերթին «Դուն իմ գուսանն ես» երգի կատարմամբ շնորհավորեց գործընկերոջը:
«ՔՈ «ԿԱՆԳ ԱՌԵ՛Ք, ՀԱՅԵՐ» ԵՐԳԸ ԹՈՂ ԲՈՒԺԻ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՎԵՐՔԸ»
Հոբելյարը պարգեւատրվեց «Զորավար Անդրանիկ» բարեգործական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի եւ ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի կոլեկտիվի, գիտական խորհրդի կողմից «Զորավար Անդրանիկ» ոսկե մեդալով: Շնորհավորելով Մ. Ասրյանին` «Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիր նախագահ, բանաստեղծ, հրապարակախոս ԻԼԻՉ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ասաց. «Մարդը բնության հրաշքն է, այո՛, մի՞թե հրաշք չէ Մադլեն Ասրյանը: Հրաշք է, քանի որ հասկացել է կյանքի իմաստը, որովհետեւ այն հենց բուն կյանքի մեջ է: Ոչ թե
գալու, մի կերպ ապրելու, աննկատ հեռանալու մեջ է, այլ գալու փառքով ու պատվով ապրելու, ազգին մի բան տալու, ազգին ծառայելու, ժողովրդին ծառայելու եւ փառք ու պատվով գնալու մեջ է: Այդպիսին է մեր սիրելի Մադլենը, նա գիտի կյանքի իմաստը, եկել է իմաստավորելու կյանքը, եկել է կոչ անելու հայ ժողովրդին, որ մնա իր հայրենի հողի վրա: Այն հողի վրա, որի համար արյուն են թափել, պայքարել ու կյանք են տվել մեր հերոսները դարերի ընթացքում եւ Արցախյան պատերազմի ժամանակ: Հայրենիքը լքել չի կարելի, հայրենիքը պետք է շենացնել, շենացնել երգով ու պարով, շենացնել շինարարությամբ, արվեստով, գրով եւ գրականությամբ: Այսօր մեր սիրելի Մադլենը շենացնում է մեր երկիրը իր երգով, իր պարով: Սիրելի Մադլեն, քո «Կանգ առե՛ք, հայեր» երգը թող բուժի արտագաղթի վերքը եւ թող հայ ժողովուրդը ապրի իր հայրենի հողի վրա»:
Մ. ԱՍՐՅԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ԷՐ ՀՂԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆ ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Իսկ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել էր. «Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի եւ բեմական գործունեության հոբելյանի առիթով, այսօր կրկնակի տոն է Ձեր եւ Ձեր արվեստի երկրպագուներիս համար: Ձեր երգերն ու կատարումները հայության համար ավանդականի եւ արդիականի գեղեցիկ մեկնաբանությունն են, երիտասարդ սերնդին ուղղված հոգու կոչ, հայ մշակույթը, երգարվեստը սիրելու, դրանով ու դրա համար ապրելու ուղերձ: Մշտապես Ձեր մասնակցությունն ապահովելով Շենգավիթ վարչական շրջանի մշակութային առօրյային` այն դարձրել եք առավել գունեղ ու
բովանդակալից, ինչի համար հայտնում եմ մեր երախտագիտությունը եւ կրկին շնորհավորում հոբելյանների կապակցությամբ` մաղթելով ստեղծագործական անսպառ եռանդ ու ջերմ հանդիսատես մշտապես եւ ամենուր»:
Մ. Ասրյանին հատուկ շնորհավորանք էր հղել ՀՀ առաջին տիկին ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, «Արցախ» հայրենակցական միության նախագահ ՎԱՐՈՒԺԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Նշենք նաեւ, որ Արցախի հայուհին պարգեւատրվեց մի շարք հասարական կազմակերպությունների կողմից, որոնց թվում էին «Փառքի զինվոր» եւ «Ապավեն» հկ-ները:
Վերջում ամփոփելով «35 տարի բեմում» իր հոբելյանական գեղեցիկ համերգային ծրագիրը` ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ շնորհակալություն հայտնեց. «Սիրելիներս, ես ամեն
մի հայի սիրում եմ: Շնորհակալ եմ, որ դուք եկել եք ինձ հետ այս պահը, այս գեղեցիկ ժամանակն անցկացնելու: Շնորհակալ եմ Ձեր ներկայության համար, շնորհակալ եմ ձեր ներդրումների համար, որ նեղություն եք քաշել, եկել եք: Ինձ համար այսօր, կարծես թե, հաշվետվության օր է նաեւ: Այս ընթացքում ինձ հետ եղել են շատ լավ ընկերներ, որոնք այսօր ինչ-ինչ պատճառներով այստեղ չեն… Շնորհակալ եմ իմ ընկերներին, շնորհակալ եմ իմ գործընկերներին, շնորհակալ եմ իմ ընտանիքին, իմ բալիկներին, իմ հարազատներին, իմ քույր-եղբայրներին: Շնորհակալ եմ համայն հայության մեր սիրելի առաջին տիկին, գեղեցկուհի Ռիտա Սարգսյանին` ուշադրության համար: Այսօր ուզում եմ նշել եւս մի անուն. այս երգերը, որ կյանք են ստանում, դրանում շատ մեծ ներդրում ունի մեր սիրելի Գաստելո Մկրտչյանը: Շնորհակալ եմ…Եղեք առողջ, թող աշխարհին խաղաղություն լինի, մենք էլ ապրենք ուրախ, զվարթ, բարեկեցիկ»:
«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄԻՇՏ ԼԻՆԵՔ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԱՐՑԱԽԻ ԱՅԱՆ»
Ի դեպ, դեռեւս մեկ տարի առաջ «Իրավունքի» հետ զրույցում տիկին Մադլենը խոսելով «Արմենոիդս» խմբի հետ իր համագործակցության մասին` նշել էր. «Չեմ կարծում, որ մեր համագործակցությունը ընդհատվել է, սա ընդամենը դադար է, որովհետեւ Էդգարը ԱՄՆ-ում էլի աշխատում է: Կարծում եմ` անպայման ինձ կհրավիրի կամ ես կհրավիրեմ իրեն, եւ էլի կհամագործակցենք: Օրինակ, շուտով կկայանա իմ «35 տարի բեմում» համերգային տոնակատարությունը, եւ ես անպայման պետք է հրավիրեմ Էդգարին, որպեսզի այդ համերգին մասնակցի «Արմենոիդսը» »: Թեպետ չստացվեց, որ «Արմենոիդս» խմբի ղեկավար ԷԴԳԱՐ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ ժամաներ Երեւան եւ մասնակցեր հոբելյանական երեկոյին, բայց «Իրավունքը» կապ հաստատելով նրա հետ` կիսով չափ իրականացրեց Մ.Ասրյանի ցանկությունը, քանի որ Է. Ռոստոմյանը մեր միջոցով փոխանցեց իր սրտի խոսքը. «Մեր սիրելի տիկին Մադլեն, չեն հիշում արդեն քանի տարի է մեզ կապում է մեր համագործակցության, մեր ընտանիքների մտերմությունը: Չեմ հիշում որքան համերգներ ենք միասին ունեցել եւ ինչ հեղաշրջում արեցինք հայկական շոու-բիզնեսի պատմության մեջ: Դուք միշտ եղել եք իմ ամենահավատարիմ հարազատը, որը միշտ իմ կողքին է եղել: Մենք միասին հաղթահարեցինք դժվարություններ, ունեցանք հաղթանակներ, համերգներ, կիսեցինք ուրախություն եւ տխրություն: Ուզում եմ միշտ լինեք մեր սիրելի Արցախի Այան: Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Արցախի ուժը թող միշտ անպակաս լինի Ձեր ստեղծագործական կյանքից»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ. - Լուսանկարներն ամբողջությամբ դիտե՛ք ԱՅՍՏԵՂ:
