ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ` ԱԶԳԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՈՎ
Արխիվ 12-16ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ` ԱԶԳԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՈՎ
Այսօր Հայաստանի Գրողների միությունում «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայք» համակարգի ներդրմանը նվիրված հավաք, որի ընթացքում զեկուցումներով հանդես եկան տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ խոսքով` «Հայք»-ի հիմքում դրված առաջնային գաղափարը, ազգային ամբողջականության գաղափարն է, որն այնքան հին է, որքան հայ ժողովուրդը. «Միեւնույն ժամանակ այդ գաղափարը երբեք չի կորցնում իր արդիականությունը, քանի որ մեզանում համախմբումներ միշտ եղել են: Բայց ամբողջական համախմբման համար դեռեւս ամբողջ ներուժը չեն կարողացել օգագործել»,-նշեց Կ. Նալչաջյանը: Ըստ հոգեբանի`«Հայք» համակարգն իր առջեւ նպատակ է դնում կրճատել հայերի միջեւ եղած հոգեբանական տարածությունը. «Ինչքան ավելի շատ է մարդկանց միջեւ կրճատված հոգեբանական տարածությունը, այնքան նրանք ավելի համախմբված են: Այս դեպքում նաեւ մեծ է հավանականությունը համախմբվել միեւնույն գաղափարների շուրջ: Սա այն գաղտնիքներից մեկն է, որը միավորում է մարդկանց»,-մեկնաբանեց հեգեբանը եւ ավելացրեց, որ կոնֆլիկների լուծման բանալիներից մեկը մարդկանց միջեւ հոգեբանական տարածության կրճատումն է: Եթե մարդկանց նպատակները նույնը լինեն, ապա այդ փաստը նրանց կմղի համագործակցության: Հոգեբանի բնորոշմամբ` «Հայք» համակարգի ներդրմամբ կարող է օգտագործվել ամբողջ հայության ներուժը: Նա նաեւ հույս հայտնեց, որ համակարգը կարող է գրագետ գործել, որի շնորհիվ էլ օգնություն կցուցաբերվի հայ ազգին, որը հոգեբանի խոսքով`կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ:
Սիրիահայ ԳԱՌՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ նույնպես հավանության արժանացրեց համակարգի ներդումը, որը կարող է համախմբող ուժ դառնալ հայերի համար. «Հայերը ծնվել են, որպեսզի այլ ազգերի մեջ տարածեն իրենց լուսավորությունը: Մեկ դար առաջ նախատեսված էր ոչնչացնել մի ամբողջ ազգի` հայերին, բայց Հայքը պետք է ապրեր եւ ապրեց: Մեզ հետ նման կերպ վարվեցին ոչ թե նրա համար, որ մենք քրիստոնեա էինք, այլ մեզ ցանկանում էին ոչնչացնել, քանի որ մենք Հայքի ազգն էինք»,-նշեց Գ. Սարգսյանը եւ հորդորեց լինել միասնական եւ շարունակել Հայքի ժողովրդի զարգացմանն ուղղված քայլերը :
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
