"ՎԿԱ Է ԱՐԱՐԱՏԸ". "Ի՞ՆՉ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆՔ ՏԱԼՈՒ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ"
Արխիվ 12-16Մոսկվաբնակ երգիչ ԷԴՈՒԱՐԴ ՄՀԵՐԸ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` աշխարհին ներկայացրեց առաջին եւ միակ ռուսերեն երգը` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Միլիոնավոր մարդկանց արցունքների եւ չսպիացած վերքի մասին բարձրաձայնող երգը կոչվում է "Վկա է Արարատը", որի տեսահոլովակի ռեժիսորն է ՍԵՐԺ ԳԱԲՅԱՆԸ:
Ի դեպ, երգը, որն արդեն իսկ մեծ տպավորություն է թողել ռուսների, հրեաների, չեչենների վրա, հետաքրքիր պատմություն ունի: Այն ստեղծվել է 2014 թվականին եւ դարձել Էդուարդ Մհերի այցեքարտը: Մոտ կես տարի առաջ նա խնդրեց պրոդյուսեր, երգերի խոսքերի եւ երաժշտության հեղինակ ԷԼԻՆԱ ՍԱՄԱՐԻՆԱՅԻՆ, ով նաեւ Էդուարդ Մհերի մորաքույրն է, գրել մի երգ` Հայոց ցեղասպանության թեմայով: Ի զարմանս հենց երգչի` ընդամենը 12 րոպե անց երգի խոսքերն ու երաժշտությունը պատրաստ էին: Ինչպես ինքը` Էլինա Սամարինան է պատմում. "Խոսքերն ու երաժշտությունն ասես ի վերուստ որոշված լինեին, որովհետեւ 12 րոպեում դժվար կլիներ ստեղծել նման մի երգ: Երբ Էդուարդ Մհերը կարդաց երգի խոսքերը, այնուհետեւ լսեց երաժշտությունը, անակնկալի եկավ, թե ինչպես այսքան արագ ու այսքան գեղեցիկ երգ ստացվեց": Անդրադառնալով երգին` Էդուարդ Մհերն էլ նշում է. "Երգի մեջ չկա սպառնալիք կամ ատելություն` կա ցավ. ի՞նչ պատասխան ենք տալու մեր երեխաներին: Ես մեծ ցավ եմ ապրում, երբ Հայոց ցեղասպանության փաստը հերքվում կամ խեղաթյուրվում է":
Հավելենք նաեւ, որ արդեն պատրաստ է "Վկա է Արարատը" երգի անգլերեն տարբերակը, իսկ հայերեն տարբերակ չի լինի, քանի որ երգչի նպատակն է ողջ ռուսախոս եւ անգլախոս հանրությանը հասցնել իր խոսքը` 1915 թվականին տեղի ունեցած մեծ ողբերգության մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
