ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՐՍԱՆԻՔ` ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Արխիվ 12-16ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Օրերս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեջ առաջին անգամ տեղի ունեցավ աննախադեպ հարսանիք, որին ներկա էր նաեւ "Իրավունքը":
Օրվա հերոսները թատրոնին կից Վ. Աճեմյանի անվան դրամատիկական ստուդիայի 2-րդ կուրսի ուսանողներ Արթուր Սուքիասյանն ու Էսթեր Սիմոնյանն էին: Նախ` Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ զույգի պսակադրությունը, որին հաջորդեց հայկական ավանդական հարսանեկան խնջույքը ոչ թե հարսանյաց սրահում կամ իրենց բնակարանում, այլ հենց Մայր թատրոնում: Հարսանիքի հյուրերը Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ողջ դերասանական կազմն էր, ովքեր էլ հենց կազմակերպել էին զույգի պսակադրությունը:
Արթուրը եւ Էսթերը ունեցել են դժվար մանկություն` Արթուրը երկկողմանի ծնողազուրկ է: Չափահաս դառնալուց հետո նա թողել է մանկատունը եւ ընդունվել դրամատիկական ստուդիա: էսթերին հանդիպել է պատահաբար, ինչն էլ ճակատագրական է դարձել երկուսի համար. "Այս զույգի ամենամեծ ձեռքբերումը միմյանց գտնելն էր: Երկուսի ճակատագիրն էլ նույնն է, որն այսօր խաչվել է: Սա մեր թատրոնի առաջին եւ աննախադեպ հարսանիքն է, որն անցկացվեց հայկական բոլոր ավանդույթներով",- "Իրավունքի" հետ զրույցում պատմեց դրամատիկական ստուդիայի փոխտնօրեն ՎԱՀԵ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ:
Արթուրը եւ Էսթերը հյուրերի ուղեկցությամբ դհոլ-զուռնայով ու հայկական "տաշի-տուշիով" դուրս եկան թատրոնից, բակում մի լավ քեֆ արեցին ու գնացին եկեղեցի: Պսակադրությունից հետո կրկին վերադարձան Սունդուկյան թատրոն, շեմին ափսեներ կոտրեցին, հարսի եւ փեսայի ուսերին լավաշ գցեցին, իսկ այդ պարտականություններն իր վրա էր վերցրել դերասանուհի Ջուլիետա Բաբայանը, ով զույգին բախտավորություն մաղթելով` նշեց, որ Սունդուկյան թատրոնում մեծ տոն է. "Իմ կարծիքով սերն ամեն ինչից վեր է: Նրանք հաղթահարելով ամեն դժվարություն` այսօր կազմում են իրենց ընտանիքը, որից զրկված են եղել":
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
