ՋՈ՜ՒՐ ԵՆՔ ԾԱԽՈՒՄ, ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԻ ԼՈՂԱՑԱԾ ՋՈ՜ՒՐ...
Արխիվ 12-16ՋՈ՜ՒՐ ԵՆՔ ԾԱԽՈՒՄ, ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԻ ԼՈՂԱՑԱԾ ՋՈ՜ՒՐ...
Ամերիկյան մեգաաստղ Քարդաշյանների ընտանիքի այցը 5 օր դրական իմաստով լարված պահեց հայ հասարակությանը, որն էլ ունեցավ իր դրական ավարտը: Քարդաշյան քույրերով տարված` հայ հասարակությունը մոռացել էր, որ Քիմը Հայաստան է ժամանել ամուսնու` ոչ պակաս գերաստղ, ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասան 37-ամյա ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԻ հետ:
ԿԱՐԱՊՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԼԻՃԸ ԿԿՈՉՎԻ ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԻ ԱՆՎԱ՞Ն
«Իրավունքն» արդեն անդրադարձել է ապրիլի 12-ին Երեւանի սրտում` Կարապի լճում, տեղի ունեցած Քանյե Ուեսթի համերգին, ով գրեթե 5 օր Հայաստանում լիցքավորվելուց հետո չէր կարող առանց լիցքաթափվելու հեռանալ: Մեր փեսան այնքան էր ոգեշնչվել Հայաստանով ու հայերով, որ ցանկություն էր հայտնել մենահամերգ ունենալ հենց Երեւանի սրտում` Կարապի լճում:
Ի դեպ, չմոռանանք, որ Ուեսթի այդպիսի համերգներն արժեն միլիոնավոր դոլարներ, բայց միլիոններ «արժեցող»` 21 Գրեմմիի մրցանակակիր երգիչը Կարապի լճում երգեց անվճար եւ մեկ ժամով պարգեւեց այնքան ուրախություն ու դրական լիցքեր, որ շատերը ստացած դրական լիցքերից ամբողջ գիշեր չկարողացան քնել: Բայց ինչ գերաստղ` առանց անակնկալների. Քանյե Ուեսթը համերգի ընթացքում բազմահազար հանդիսատեսին անակնկալ մատուցելու համար ցատկեց ջուրը: Նրան հետեւեցին բազմաթիվ երկրպագուներ, որից հետո համերգն ընդհատվեց: Հուսանք, որ լճում կարապների բացակայությունը չէր պատճառը, ու այսուհետ լիճը չի վերանվանվի Քանյե Ուեսթի անվան:
ԿԱՐԱՊԻ ԼՃԻ ՋՐԻ ՍԱԿԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ 260 ԴՈԼԱՐԻ
Համաշխարհային ճանաչում վայելող մեգաաստղի այս քայլը, սակայն բարձրացրել է Կարապի լճի ջրի գինը: Համերգից հետո Քանյեի հայաստանյան երկրպագուներից մեկը Twitter-յան էջում գրել է. "Վաճառում եմ Կարապի լճի ջուրը: Քանյեի մարմինը դիպչել է այս ջրին": Ebay-ում նույնպես շարունակվում է Կարապի լճից վերցված ջրի վաճառքը: Ջրի սկզբնական արժեքը 10 դոլար էր, ապա` 100, իսկ այս երկու օրերի ընթացքում արժեքն արդեն դարձել է 256 դոլար:
ԿԱՐԱՊԻ ԼԻՃԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ, ՋՈՒՐԸ` ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ
Մինչ ջրի արժեքի սակարկումները դեռեւս շարունակվում են, եւ քանի որ Կարապի լիճը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին, «Իրավունքը» դիմեց վերոնշյալ կառույցին` պարզելու` որքանով է այն համարվում օրինական վաճառք, եւ ինչպես են վերաբերվում տվյալ երեւույթին: Երեւանի քաղաքապետարանի հասարակության հետ կապերի վարչության պետի տեղեկալ ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ հարցը լսելուն պես կատակեց. «Հուսամ, որ այս հարցը չի հնչեցվում Փանջունու անկյունի համար, որովհետեւ հարցը բնույթով ու տեսակով սազական է հենց թերթի այդ խորագրին»,- ասաց Ա. Սարուխանյանն ու հարցը լրջացնելով շարունակեց, որ, ճիշտ է, Կարապի լիճը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ, բայց դա չի նշանակում, որ ջուրն ինչ-որ մեկի սեփականությունն է.
- Եթե ավելի լուրջ, ապա ցանկացած քաղաքացի իրավունք ունի սոցիալական ցանցերում կամ հրապարակայնորեն հայտարարել իրեն պատկանող այս կամ այն իրի վաճառքի մասին: Ճիշտ այդպես էլ մարդիկ կարող են հայտարարել, ինչպես եւ անում են, Կարապի լճից վերցրած ջրի վաճառքի մասին: Նույն հաջողությամբ, վաղը կարող են հայտարարել Զանգու գետից վերցրած ջուրը վաճառելու մասին: Կամ էլ հարակից անտառներից քաղած խոտաբույսերը ու ծաղիկները վաճառելու մասին:
ՔԻՉ ԱՌԱՋ ԶԱՆԳՈՒ ԳԵՏՈՒՄ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՑԵԼ Է ՍՊԻՎԱԿՈՎԸ
-Պարոն Սարուխանյան, բայց այս դեպքումը խոսքը մեգաաստղի մասին է, որը
համերգի ընթացքում, բոլորի աչքի առաջ ցատկել է ջուրը, ինչի արդյունքում էլ Կարապի լճի ջուրը աճուրդի «զոհ» է դարձել:
- Դե հիմա ոչ ոք չգիտի, թե Զանգու գետում կամ այս պահին Հրազդանի կիրճում ով է լողանում, եւ այդ ջուրն ինչ արժեք է ձեռք բերում` ինչ-որ մեկի այդտեղ լողանալով: Կարող եմ պայմանական, օրինակի համար ասել, որ քիչ առաջ այնտեղ ձեռքերը լվացել է կամ այդ ջրում փորձել քայլել Սպիվակովը, որը կարծում եմ պակաս գերաստղ չէ, էլի մեր ժողովրդի կողմից սիրված է: Եվ դա առիթ դառնա, որ վաճառքի հանեմ Զանգու գետի ջուրը: Դե հիմա դուք էլ իրավունք ունեք գնեք կամ չգնեք այդ ջուրը: Եթե այդ վաճառքը օրենքի սահմաններում է` չի խախտում որեւէ օրենք, քաղաքապետարանի ավագանու կողմից սահմանված կարգ, կամ չկա առեւտրի եւ սպասարկումների մասին օրենքի դրույքների խախտում, բնականաբար, քաղաքապետարանը որեւէ ձեւով չի կարող միջամտել: Երբ տեղի ունենա առեւտրի օրենքի կանոնների խախտում, բնականաբար համապատասխան մարմինները, այդ թվում նաեւ քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության աշխատակիցները, կզբաղվեն եւ կկասեցնեն ապօրինի առեւտուրը: Սակայն, այս պահի դրությամբ, այդ ջրի վաճառքի հայտարարությունների մասին առաջին անգամ եմ լսում: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի լուրջ մոտենալ այդ հարցին, կամ ընդամենը ծիծաղել, կամ էլ` ձեռք թափ տալ: Ի վերջո, առաջարկվում է ապրանք, գնորդը քաղաքացին է ու կարող է գնել կամ` ոչ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
