ՄԻՐԶԱ ՍԼՈՅԱՆ. "ՄԱԼԱԿԵ ՏԱՈՒՍՆ ԱՎԵՏՈՒՄ Է ՏԱՐԵՍԿԻԶԲԸ..."
Արխիվ 12-16Մեր հարցերին պատասխանում է Արմավիրի մարզի Ակնալճի սրբատեղիի հիմնադիր-հովանավոր, մոսկվաբնակ գործարար ՄԻՐԶԱ ՍԼՈՅԱՆԸ:
–Վաղը Մալակե Տաուսի տոնն է: Ի՞նչ խորհուրդ ունի այն եզդիների համար:
– Մալակե Տաուսը եզդի ժողովրդի երեք սրբություններից մեկն է` միաժամանակ գլխավորը: Նրան հաջորդում են Եզիդ աստվածը եւ մահից հետո աստվածացված շեյխ Ադին: Ամենահինը համարվում է Մալակե Տաուսը եւ համաձայն ավանդույթի` չորեքշաբթի օրը նրա ծննդյան օրն է, որը եզդիների համար ամենասուրբ եւ հարգելի օրն է: Հենց չորեքշաբթի է Մալակե Տաուսը իջնում երկրի վրա` իր սրբագործություններն իրականացնելու համար: Արեւային օրացույցով եզդիների համար Նոր տարին սկսվում է գարնանային օրահավասարի ժամանակ, որը, որպես կանոն, մեր այսօրվա օրացույցով ապրիլի 13-ին հաջորդող չորեքշաբթին է, որը անվանում են նաեւ "Կարմիր չորեքշաբթի" (Չարսամե Սորը): Փաստորեն, այդ օրը եզդիների համար սկսվում է Նոր տարին:
– Որքա՞ն է պահպանված այս տոնը եւ ինչպե՞ս են այն նշում եզդիները:
– Բարեբախտաբար, մեր ժողովրդի տոնացույցով բոլոր ազգային-կրոնական տոները պահպանված են` այդ թվում եւ այս տոնը: Դրանք հիմնականում ընտանեկան, գերդաստանային, համայնքային բնույթ ունեն: Ամեն մի ընտանիք ձգտում է ավելի լավ նախապատրաստվել այդ տոնին: Ամեն օջախում սեղան է պատրաստվում, մարդիկ այցելում են միմյանց, շնորհավորում: Եզդիները այդ օրն անպայման լինում են գերեզմաններում` իրենց անցավորներին հիշելու համար: Իրենց հետ տանում են մրգեր, քաղցրավենիք, այլ ուտեստներ: Այդ օրը նաեւ հաշտվում են խռովածները, գժտվածները: Տոնը բացում է մարդկանց սրտերը, տրամադրությունները:
– Գիտենք, որ առաջին անգամ Մալակե Տաուսի տոնը կնշվի Ձեր հիմնադրած սրբատեղիում: Ի՞նչ է լինելու:
– Քանի որ մինչեւ վերջերս Հայաստանում մենք չունեինք մեր սրբատեղին, բնականաբար, մենք տոնը նշում էինք միայն տանը, ինչպես վերեւում նշեցի` ընտանիքներով, գերդաստաններով ու համայնքներով: Հիմա հնարավորություն ունենք նշելու ազգովին: Առաջին անգամ Հայաստանի եզդիները կգան մեր սրբատեղի, կաղոթեն տաճարում եւ հետո կմասնակցեն եւ ներկա կլինեն ժողովրդական տոնախմբությանը, մեր ընտանիքի կողմից կազմակերպվելիք հյուրասիրությանը:
Այդ օրը համայն աշխարհի եզդիների հոգեւոր կենտրոնում` Լալըշում եւս տեղի կունենան հոգեւոր ծեսեր, արարողություններ: Կուզենայի, որ այդ ամենը տեղափոխվեր նաեւ մեր սրբատեղի:
– Այդ օր բարեմաղթանքնե՞ր են հնչում:
– Իհարկե, մարդիկ նախեւառաջ շնորհավորում են միմյանց, ցանկանում, որ դժվարություններն անցած լինեն եւ Նոր տարին նոր հաջողություններ բերի: Անցած տարվա Մալակե Տաուսի տոնից հետո` այս մեկ տարվա ընթացքում մեր ժողովուրդն իր բնօրրանում մեծ փորձությունների ենթարկվեց: Փաստորեն, տեղի ունեցավ եզդի ժողովրդի կոտորած, եղեռն եւ այսօր էլ մեր ժողովրդի շատ զավակներ տեղահանված են իրենց բնակավայրերից: Կուզենայի, որ այս սկսվող նոր տարում նման ոտնձգություններ չլինեին եւ մեր ժողովուրդը վերադառնար իր խաղաղ կյանքին:
Նոր տարին պետք է բարեմաղթանքներով սկսվի, եւ դրանք որքան շատ հնչեն տոնի ժամանակ, այնքան տարին հաջողակ կլինի:
Ակնալճի մեր սրբատեղիում տեղ են գտել երկու ժողովուրդների բարեկամության, նրա արժանավոր զավակների` Անդրանիկ Զորավարի, Ուսուբ բեկի, Ջհանգիր աղայի հուշարձանները: Անկասկած, վաղը մենք ծաղիկներ կդնենք այդ հուշարձաններին եւ, իհարկե, Հայոց ցեղասպանության զոհերի հուշաքարին: Մենք եւս մեկ անգամ կհավաստենք մեր երկու ժողովուրդների հավերժական բարեկամության մասին: Հենց այստեղ էլ տեղի կունենան հանդիսությունները: Կհնչեն խրոխտ հայրենասիրական երգեր:
– Ովքե՞ր կարող են մասնակցել Մալակե Տաուսի տոնին:
– Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան գալ մեր սրբատեղի` ինչպես հայեր, այնպես էլ եզդիներ, անգամ զբոսաշրջիկներ: Այս տոնը հնարավորություն կտա ճանաչելու մեր ազգի անցյալն ու ներկան:
Հիշեցնենք, որ մեր սրբատեղին գտնվում է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում` ժամը 14:00-ին:
Զրույցը վարեց ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆԸ
Ակնալիճ-Երեւան
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
