Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

«ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

«ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»


«Իրավունքի» «Ուղիղ կապի» հյուրն է ՀՀ գյուղնախարարի տեղակալ ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Նշենք, որ փոխնախարարին ուղղված տասնյակ հարցերը մեծամասամբ վերաբերում էին ոռոգման խնդիրներին, այս տարվա բերքի ակնկալիքներին, ինչպես նաեւ` Գյուղնախարարության իրականացրած տարբեր միջոցառումներին:

«ԿԱՐԿՈՒՏԸ ԷԱԿԱՆ ՎՆԱՍ ՉԻ ՀԱՍՑՐԵԼ ԲԵՐՔԻՆ»

– Վերջերս տեղացած կարկուտը ի՞նչ վնաս հասցրեց  այս տարվա ծիրանի բերքին եւ ընդհանրապես մյուս պտղատեսակներին (ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ):
– Կարկուտը, որ գրանցվեց Երեւան քաղաքում եւ հարակից հատվածներում, բարեբախտաբար, որեւէ էական վնաս չի հասցրել բերքին: Մենք այդ տարածքներում, եթե այսուհետ եւս լինեն նորմալ բնակլիմայական պայմաններ, որեւէ խնդիր չենք ունենա:

Այս պահի դրությամբ մենք ամենուրեք ունենք բարձր բերքի ստացման համար լավ նախադրյալներ: Իսկ թե ինչպիսին կլինի հետագա ընթացքը, դա արդեն ցույց կտա ժամանակը: Բայց առաջ չանցնելով ժամանակից` նշեմ, որ հրաշալի գարուն է, հրաշալի բերքի հնարավորություններ կան: Ծիրանի բերքն արդեն ձեւավորվել է, դեղձենին հիմա ծաղկման փուլում է, տանձենին, կեռասենին, սալորենու բազմաթիվ տեսակներ սկսել են ծաղկել... Հուսանք, որ այդպես էլ կշարունակվի, չմոռանալով, որ ամենազորը բնությունն է եւ միշտ էլ կարող է իր վերջին սրբագրությունները կատարել:
– Ոռոգման հիմնական խնդիրները ե՞րբ վերջապես լուծում կստանան, ինչքա՞ն ժամանակ դեռ մեր գյուղացիները ոռոգման ջրի պատճառով պետք է տուժեն (ԱՇՈՏ, Մասիս):
– Սա ամենացավոտ խնդիրներից մեկն է, եւ մենք ենք միշտ այս հարցերի պատասխանները ստիպված տալ, թեեւ դրա համար չունենալով որեւէ լծակ, որեւէ հնարավորություն, քանի որ ջրային տնտեսության կոմիտեն այլ գերատեսչության ենթակայության տակ էր: Հիմա,  բարեբախտաբար, այն արդեն գործում է Գյուղատնտեսության նախարարության համակարգում, եւ մեր այդ ցավոտ հարցը լուծվել է: Նախորդ տարիների մեր բոլոր այցելությունների ընթացքում գյուղացու համար մեկ դժգոհությունը  ջրամատակարարմանն էր վերաբերում. կայուն ջրամատակարարման բացակայությունը լուրջ դժգոհությունների տեղիք էր տալիս: Եվ այս տարվա մեր ծրագրերում ուղղակի պլանավորել ենք այդ խնդիրը որքան հնարավոր է` արագ մեղմել: Նշեմ, որ ինքնահոս ջրամատակարարումն այս տարի շատ վաղ է սկսվել` մոտ մեկ ամիս առաջ: Որպես կանոն` ոռոգման սեզոնն սկսվում էր ապրիլի 15-ին, բայց դա մեր համոզմամբ սխալ մոտեցում է, քանի որ մի տարի կարող է ապրիլի 15-ը շատ վաղ լինել ոռոգման համար, մեկ ուրիշ տարի ընդհակառակը, կարող է մարտի 15-ն արդեն շատ ուշ լինել ոռոգումն սկսելու համար: Այնպես որ` մեր կարեւոր խնդիրն է` ժամանակին ապահովել կայուն ջրամատակարարում, եթե որոշ տարածքներ դեռեւս պոմպերի տակ են գտնվում, եւ ջրի խնդիր կա, դա առաջիկա օրերին միանշանակ կլուծվի: Եթե ինքնահոս ջրամատակարարման խնդիր է, ուրեմն` համոզված եղեք, որ դա պիտի արդեն լուծված լիներ, եւ եթե չի լուծվել, ուրեմն` այսօր կամ վաղը կլուծվի:

«ԽՈՇՈՐ ՋԵՐՄԱՏՆԵՐ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՐԴԻՆ»

– Հայաստանի բերրի հողերի զգալի մասը չի մշակվում: Չե՞ք մտածում խոպան հողերի նպաստավոր օգտագործման մասին, որն աշխատատեղեր կբացի գյուղացիների համար` միեւնույն ժամանակ զարգացնելով գյուղատնտեսությունը (ՄԱՐԻԱՄ, ք. Երեւան):
– Վերջին տարիներին Գյուղատնտեսության նախարարության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից մեկը հենց գուղացիական հողերի շրջանառության մեջ ներգրավելու խնդիրն է: Ընդամենը չորս տարի առաջ մեր վարելահողերի շուրջ 36-37 տոկոսը չէր օգտագործվում, բայց ձեռնարկված միջոցառումների արդյունքում այն այսօր կրճատվել է 26 տոկոսով: Իսկ 26 տոկոսը 100 հազար հեկտարից ավելի վարելահող է, որը չօգտագործելը մեր սակավահող հանրապետության համար մեծ շռայլություն է:
– Արարատի մարզում խոշոր ջերմատներ է կառուցվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու կողմից, որտեղ աճեցնում են լոլիկ, բողկ եւ այլն: Մինչդեռ այսօր գյուղացին մի փոքր հողակտոր է մշակում, բայց չի կարողանում ստացած մթերքը իրացնել: Ի՞նչ կասեք այս մասին (ԵՐՎԱՆԴ ք. Արտաշատ):
– Դա «Սպայկա» ընկերության կողմից է կառուցվել. համենայնդեպս դրա հետ կապված` Քոչարյան ազգանունը որեւէ փաստաթղթում չի նշվում: Չգիտեմ` ինչքանով Քոչարյան ընտանիքը կապ ունի այդ ընկերության հետ, բայց գիտեմ, որ այն համագործակցում է այդ ոլորտում գործող ֆրանսիական մի շատ հայտնի ֆիրմայի հետ: Նշեմ, որ  կառուցվել են 30 հեկտար տարածք ունեցող ջերմատներ, որտեղ հիմա ոչ թե լոլիկ եւ վարունգ, այլ առայժմ մշակվում է միայն ամսական բողկ, եւ հիմնական նպատակն է` այն արտահանել: Ճիշտ է` վերջին ամիսների ընթացքում զգալի քանակությամբ նաեւ մեր շուկա մտավ, եւ գյուղացիական տնտեսությունների կողմից որոշակի դժգոհություններ առաջացան, բայց մենք պետք է մի բան գիտակցենք` մեզ համար կարեւոր է, որ մեր հողատարածքները օգտագործվեն արդյունավետ եւ նպատակային: Ցանկալի է, որ փոքր գյուղացիական տնտեսությունները, ինչպեսեւ` խոշոր ընկերությունները կարողանան օգտագործել տարածքն ու եկամուտ ունենան: Եթե խոշոր ընկերությունները կարողացան կայուն արտահանում ապահովել, ապա համոզված եղեք, որ ձեր բերքն էլ իրենց հետ միասին անպայման արտահանվելու է: Իհարկե, եթե ինքներդ չեք ցանկանում արտահանել, ինչը հիմա շատ հեշտացված է: Բացարձակապես որեւէ խնդիր չկա` Հայաստանից գյուղացիական մթերքներ արտահանելու համար. միայն մաքսակետում աննշան վճարումներ կան մաքսային փաստաթղթերի ձեւակերպման համար: Ծագման փաստաթուղթը այլեւս չենք պահանջում, բուսասանիտարական փաստաթղթի համար մասնագետները զննում, անվճար լրացնում ու տրամադրում են մեր արտահանողներին: Այսինքն` գյուղացին ազատ, առանց որեւէ խնդրի կարող է արտահանել գյուղմթերք: Այնպես որ` մեկ խոշոր տնտեսության զարգացում չի կարող լուրջ ճնշել մնացած տնտեսություններին:

ԱՅՍ ՏԱՐԻ ԳՅՈՒՂՎԱՐԿԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 1 163 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ


– Այս տարի եւս շատ գյուղացիներ մեծ դժգոհություն են բարձրացրել` տրամադրվող վարկերի հետ կապված: Դեռեւս չեն կարողացել մարել նախորդ տարվա վարկերը եւ չեն կարողանում վարկ ստանալ: Բանկերը ժխտում են, որ վարկ չեն տրամադրում, սակայն իմ շրջապատում կան շատերը, որ պնդում են, թե կա՛մ վարկ չեն տալիս գյուղացուն, կա՛մ եթե տալիս են, ապա` շատ բարձր տոկոսադրույքով: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը (ՀՈՎՍԵՓ, ք. Արմավիր):
– Ընդհանրապես, գյուղացիական տնտեսությունների եւ վարկավորումը մեր  կարեւորագույն եւ առաջնահերթ խնդիրներից է: Հասկանալի է, որ այն վարկերը, որոնք տարիներ շարունակ տրամադրվել էին գյուղացիական տնտեսություններին, բարձր տոկոսադրույքներ ունեին եւ մատչելի չէին: Եվ բնական է, որ գյուղացին չի կարողանում վճարել այդ վարկի գծով պարտքերը` միաժամանակ իր համար որոշակի եկամուտներ ունենալով: Այդ իսկ պատճառով էլ Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է գյուղացիական վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը, եւ պիտի նշեմ, որ տարեցտարի դա ավելանում է: Եթե անցյալ տարի սուբսիդավորման համար նախարարությունը հատկացրել էր 870 միլիոն դրամ, ապա այս տարի այն արդեն հասնում է 1 163 միլիոն դրամի: Այն էլ` 8 տոկոսով (6 տոկոսային կետը սուբսիդավորում է պետությունը), երբ անցյալ տարի տրվում էր 10 տոկոսով (4 տոկոսային կետը սուբսիդավորում էր պետությունը). նախարարությունը գնաց այդ քայլին` հաշվի առնելով գյուղացու ցածր վճարունակությունը, նախորդ տարիների կուտակված պարտքերը եւ առկա դժվարությունները:
Բանկային համակարգում, իրոք, այս վերջին ժամանակաշրջանում կային խնդիրներ, կային անհանգստություն, մտահոգություն: Արդյունքում` առաջարկվող վարկերի տոկոսների որոշակի բարձրացման միտում նկատվում է, եւ բացի այդ` նաեւ առաջարկվում են տարադրամային` դոլարային վարկեր` պատճառաբանելով, որ հիմա էլ ավանդների հիմնական մասն արդեն տարադրամով է իրականացվում: Անշուշտ կա այդ խնդիրը, բայց նախարարությունը սուբսիդավորման ծրագիրն է իրականացնում, որպեսզի մեր գյուղացիական տնտեսությունները կարողանան դրանից օգտվել: Իհարկե` դա ամբողջ պահանջարկը չի ծածկում, ու դեռ խնդիրը ամբողջությամբ լուծված չէ: Բայց սա կարեւոր քայլ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ