ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԻ «ՀՈԳԵՎՈՐ» «ՇԵՂՈՒՄՆԵՐԸ»
Արխիվ 12-16ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԻ «ՀՈԳԵՎՈՐ» «ՇԵՂՈՒՄՆԵՐԸ»
Նորություն չէ, որ աղանդավորները հաճախ են մեզ` քրիստոնյաներիս վիրավորում` անհարկի շահարկելով փրկչի` Հիսուս Քրիստոսի անունը: Նրանցից ոմանք սոցցանցերում պրոֆայլներ են բացում նրա անունով, ու չգիտես, թե ինչ մեղավոր մարդ է կանգնած դրա տակ: Իսկ հիմա էլ Հիսուսի անունով քաղաքական կայք են բացում... Սա, ուղղակի, բռնաբարություն է` բազմաթիվ հավատավոր մարդկանց անկեղծ զգացմունքներին, ովքեր ուղղադավան մնալով հավատքի ծիրին` դարեր շարունակ երկյուղածությամբ են տվել Տիրոջ անունը` փորձելով չխախտել տասնաբանյա պատվիրանը:
Այն, որ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ, սկանդալային Անի Զախարյանը քաղաքական գործիչ է, հայ հանրությունը մի կերպ համակերպվել էր այդ մտքին, բայց որ որոշել է հոգեւոր առաջնորդի դեր ստանձնել` սա արդեն, մեղմ ասած, անընդունելի է: Օրերս հենց նրա կողմից տարածված տեսանյութում տեսնում ենք, որ նա իր ֆրանսահայ անհայտ հոգեւոր գործունեությամբ զբաղվող ընկերներից մեկի հետ, ում մասին կնշենք ստորեւ, որոշել են բացել «Քրիստոս TV», որը զբաղվելու է հոգեւոր-քաղաքական գործունեությամբ: Նախ նշենք, որ չի կարելի Քրիստոսի անունը շահարկել` ինչ-որ նպատակներ իրագործելու համար, քանի որ քաղաքականությունը հոգեւոր աշխարհի հետ կապ չունի, եւ դա օրինաչափություն է: Ինչեւէ, տեսանյութից պարզվեց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը շահարկելով` Ա. Զախարյանը փորձում է իր, այսպես կոչված, հայացքներն ուղղել դեպի Եվրոպա, որտեղից էլ հենց աղանդավորները ներթափանցում են Հայաստան, ու պարզվում է նրան սատարում է ոմն Պողոս առաքյալ, որն իրեն իրավունքներ է վերապահում, աղանդավորական կոչեր անելով, նաեւ քաղաքական հրահանգներ կատարել:
Ի դեպ, մոտավորապես այսպես են աղանդավորները օգտագործում հասարակական, քաղաքական կազմակերպության առաջնորդներին, եւ սա առաջին դեպքը չէ, որ նման կազմակերպությունների միջոցով ընդհատակյա կեղծ գաղափարներ սնուցելով` հայ ազգի մեջ խաթարում են հայոց պետականության անվտանգությունը: Որոշ մանրամասներ պարզելու համար «Իրավունքը» փորձեց կապ հաստատել Ա. Զախարյանի հետ` հուսալով, որ նա չի պատկերացնում, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտել, բայց ապարդյուն, նրա հեռախոսահամարը լռում էր: Այնուամենայնիվ, հոգեւոր առումով սպառնալիք եւ քաղաքական առումով վտանգավոր այս իրողության ու դրա հետեւում կանգնած «առաքյալներին», կանդրադառնանք առաջիկայում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
