ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՌԴ-Ի ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՅՑԸ
Արխիվ 12-16ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՅՑԸ
Ինչպես հայտնի էª ապրիլի 24-ի հետ կապված, ի թիվս բազմաթիվ երկրների պատվիրակությունների, Հայաստան կժամանեն նաեւ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները: Իհարկեª իմաստը Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելն է, բայց երկուսն էլ այն տրամաչափի գործիչներ են, որ նրանց ամեն այցելություն չի կարող չունենալ նաեւ քաղաքական խոր ենթատեքստ: Դե ուրեմն այդ տեսանկյունից ի՞նչ կարող ենք ակնկալել Վլադիմիր Պուտինից ու Ֆրանսուա Օլանդից. այցի ակնկալիքների եւ հետեւանքների շուրջ "Իրավունքը" զրուցեց հայաստանյան մի քանի վերլուծաբանների հետ:
Փորձագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ նկատեց. "Այս այցով նրանք ցուցաբերում են իրենց մոտեցումը 1915 թվականին կատարված Ցեղասպանությանը: Իհարկեª այդ այցելությունը մեծ նշանակություն ունի այն իմաստով, որ խոսքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկու երկրների ղեկավարների մասին է: Բայց այստեղ շատ կարեւոր է տեսնել, թե ինչպես է այս ամենի նկատմամբ այսօր բեկվում հասարակական կարծիքն ամբողջ աշխարհում: Օրինակ` Հռոմի պապի հայտարարությունը, որով նա մի շարքում դրեց երիտթուրքերին, Հիտլերին եւ Ստալինին, ընդ որումª չտարանջատելով մեկը մյուսից: Այս հայտարարությունը եւ Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների այցը Հայաստան, ավելի են ամրապնդում հասարակական կարծիքը 1915 թվականի Ցեղասպանության վերաբերյալ":
Թուրքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ նկատեց նաեւ, որ ի հակադրություն Թուրքիայի, ապրիլի 24-ին Հայաստան կայցելեն շատ երկրների պաշտոնատար անձինք. "Այստեղ կարեւորն այն է, որ ապրիլի 24-ին մեծ տերությունների ղեկավարներից ինչքան շատ ներկաներ լինեն, այնքան Ցեղասպանության ճանաչման ազդեցությունը մեծ կլինի: Բնականաբար անհետեւանք չի կարող մնալ հատկապես Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան: Թուրքիայի համար այս այցն անակնկալ չէր, քանի որ նա Անկարայում նախորդ տարի անդրադարձել էր Ցեղասպանությանը եւ կոչ արելª առերեսվել սեփական պատմության հետ: Իսկ Ռուսաստանը սեփական երկրի շահերից ելնելով` Թուրքիա կուղարկի իր պատվիրակությունը":
Քաղաքագետ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ խոսքով` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը բարձր մակարդակով նշելը խոսում է այն մասին, որ իրականում Ցեղասպանությունը ճանաչված է, թեեւ պաշտոնապես ընդունել են ամենեւին էլ ոչ բոլոր երկրները. "Ապրիլի 24-ին իսկապես Հայաստանում մենք սպասում ենք Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներին, կլինեն նաեւ 20 երկրների տարբեր աստիճանի ղեկավարներ: ՌԴ Պետական դուման երկու անգամ`1995 եւ 2000 թվականերին հատուկ որոշումներով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Իսկ Ֆրանսիան այն եզակի երկրներից է, որը ոչ միայն ճանաչել է Ցեղասպանությունը, այլեւ հետեւողականորեն զբաղված է Հայոց ցեղասպանության ժխտողականությունը դատապարտելու ուղղությամբ: Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր, մեր բարեկամների եւ կողմնակիցների թվում այն երկրների քաղաքական գործիչներն են եւ ղեկավարները, որոնք մեր կողքին կլինեն ապրիլի 24-ին: Ուզում եմ հիշեցնել դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի "Արմեոցիդը ճանաչված Ցեղասպանոթյուն է" գրքից հետեւյալ միտքը, որ 22 պետությունների կողմից ճանաչված Հայոց ցեղասպանությունը կարելի է համարել ճանաչված":
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
