"ՔԻՄՆ ԱՍՈՒՄ ԷՐ` ՀՊԱՐՏ Է, ՈՐ ԻՆՔԸ ՀԱՅ Է"
Արխիվ 12-16"ՔԻՄՆ ԱՍՈՒՄ ԷՐ` ՀՊԱՐՏ Է, ՈՐ ԻՆՔԸ ՀԱՅ Է"
Հայտնի է, որ Հովնանյան ընտանիքը հանդիպել էր Քարդաշյան ընտանիքի հետ եւ նվիրել էր հողակտոր Երեւանի եւ Հայաստանի ամենահեղինակավոր թաղամասերից մեկումª Վահագնի թաղամասում: Քարդաշյաններին իրենց նախնիների երկրում դիմավորել եւ բարի գալուստ էր մաղթել Վահագն Հովնանյանը: Թե ինչպես է անցել հանդիպումը եւ ինչ տպավորություններ ունեն Հովնանյանները Քարդաշյանների ընտանիքից, փորձեցինք պարզել Վահագն Հովնանյանի դուստր ՆԻՆԱ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում անդրադառնալով Քարդաշյաններին հողատարածք նվիրելուն` մասնավորապես ասաց.
-Տեղեկանալով, որ Քարդաշյանները այցելելու են Հայաստան, մենք որոշեցինք, որ պետք է նրանց ավելի պինդ, ամուր կապերով կապել Հայաստան երկրի հետ: Չէ որ իմ հայրը միշտ ասում էª ամեն սփյուռքահայ իր հողակտորը պետք է ունենա իր հայրենիքի մեջ: Որոշեցինք, որ նրանց հողատարածք նվիրելը շատ մեծ քայլ կլինի մեր կողմից, քանի որ դրանով նրանք այլ կերպ կսիրահարվեն իրենց երկրին: Իրենք շատ տպավորված եւ զգացված էին, դրանով էլ փաստեցին, որ ավելի ամուր թելերով կապվեցին իրենց հողին եւ երկրին: Եվ եթե նկատեցիք` նույնիսկ վերջին գիշերն անակնկալ մատուցեցին հայ երկրպագուներին: Մի խոսքով, վստահ եմ, որ Քարդաշյանները շատ տպավորված, ուրախ տրամադրությամբ հեռացան Հայաստանից` նորից վերադառնալու ակնկալիքով:
- Իսկ ինչպիսի՞ տպավորություն թողեց անձամբ Քիմ Քարդաշյանը Ձեր ընտանիքի վրա:
- Քիմն ասաց, որ նրանց այցի հիմնական նպատակներից մեկը Ծիծեռնակաբերդում լինելն էր եւ իրենց հարգանքի տուրքը մատուցելը Հայոց եղեռնի զոհերի հիշտակին: Քիմն ասում էր, որ հպարտ է, որ ինքը հայ է, քանի որ դա մեծ ազդեցություն է ունեցել իր թե՛ ընտանեկան եւ թե՛ անձնական կյանքում:
- Ի սկզբանե հողատարածք նվիրելու մտահղացումը անձամբ Վահագն Հովնանյանի՞նն էր, թե...
- Ոչ, անկեղծ ասած, այդ մտահղացումը առաջացավ իմ եղբոր փոքր տղայի` կրտսեր Վահագի մոտ: Նա հայրիկիս ասաց, որ լավ կլինի, քանի Քարդաշյանները հայրենի երկրում են, նրանց հողատարածք նվիրենք Վահագնի թաղամասում: Կրտսեր Վահագի մտահղացմանը սիրով եւ դրական արձագանքեցինք թե՛ հայրս, թե՛ եղբայրս եւ թե՛ ես: Հայրս` Վահագն Հովնանյանն էլ հավելեց, որ անշուշտ ամեն սփյուռքահայ արժանի է իր հողատարածքը ունենալ Հայաստանում, որը էլ ավելի ամուր թելերով կկապի Քարդաշյաններին Հայաստանի հետ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
