ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԵ՞Ն "ԱԼՅԱՆՍԻՆ"
Արխիվ 12-16
Օրեր առաջ "Քաղաքացիական շտաբի" նախաձեռնող խմբի կողմից հաղորդագրություն էր տարածվել, թե որոշում է կայացվել հիմնադրել "Ալյանս" առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որի հիմնադիրներից է նախկին ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նոր կուսակցության հիմնադրման մասին "Իրավունքը" փորձեց զրուցել Տ. Ուրիխանյանի հետ, սակայն պարզվեց, որ նա որոշել է լռել մինչեւ ապրիլի 24-ը, իսկ մեր հարցերի պատասխանը ստացանք նոր կազմավորվող քաղաքական կառույցի նորընտիր խոսնակ ՎԱՐԴԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ:-Արդյո՞ք ԲՀԿ կուսակցությունից դուրս եկած ԱԺ պատգամավորներից եւ ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչներից կան մարդիկ, ովքեր հայտ են ներկայացրել անդամակցելու "Ալյանս" կուսակցությունը:
- Ինչպես գիտեք, մենք արդեն հայտարարել ենք, որ մայիսի 16-ին տեղի կունենա "Ալյանս" կուսակցության հիմնադիր համագումարը, եւ Դուք կուսակցության անդամների, ժողովրդի թվի եւ քաղաքական կուրսի մասին կտեղեկանաք այդ ժամանակ:
- Իսկ հիմնադիր համագումարին հրավիրվելո՞ւ են այլ քաղաքական կուսակցություններից ներկայացուցիչներ:
- Իհարկե, նաեւ հրավիրված կլինեն տարբեր կուսակցություններ:
Հիշեցնենք, որ Տ. Ուրիխանյանը նախկինում ղեկավարել է Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը, որի վերջին` 10-րդ արտահերթ համագումարի ժամանակ ընդունել է այն կազմալուծելու ու "Բարգավաճ Հայաստան" կուսակցությանը միանալու որոշում, ինչի մասին լրատվամիջոցներից մեկին ասել է. "ԲՀԿ-ին միանալու առումով ոչ մի անձնական կամ խմբային հավակնություններ չունենք: Մեր հավակնությունները բացառապես քաղաքական են: Շարունակելու ենք իրագործել լիբերալիզմից սոցիալիզմ ընկած գաղափարական տիրույթում մեզ համար ընդունելի ցենտրիստական դրույթները` ներդնելով մեր անհատական, մասնագիտական ու կազմակերպական կարողությունները: ԲՀԿ-ն ցենտրիստական կուսակցություն է, հետեւաբար մեր քաղաքական գործելակերպում բովանդակային փոփոխություններ չեն լինի":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
