ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ 100-ԱՄՅԱԿԻ ՇՈՒՐՋ
Արխիվ 12-16ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
100-ԱՄՅԱԿԻ ՇՈՒՐՋ
ՄՐՑԱԿՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՍՏՂԵՐԸ
Այն, որ Ցեղասպանության 100-ամյակի շուրջ պտտվում են տարատեսակ արտաքին քաղաքական գործընթացներ, եւ տարբեր պետությունները կյանքի են կոչում բավականին խուճուճ սցենարներ` ելնելով ինչպես սեփական շահից, այնպես էլ աշխարհում ձեւավորվող ինչ-որ տեղ պարտադրող մթնոլորտից, միանգամայն սպասելի էր: Սակայն կանգ առնենք մի հարցի վրա, որն արտաքնապես որեւէ կապ չունի քաղաքականության հետ, սակայն էապես ազդում է միջազգային տեղեկատվական միջավայրի վրա:
Գաղտնիք չէ, որ Քարդաշյանների այցը առաջացրել էր իսկական տեղեկատվական բում, եւ լրատվական հսկաները հետեւում էին նրանց ամեն քայլին եւ խոսքին: Դա նաեւ հարուցեց այլ աստղերի արձագանքը: Այսպես, Շերիլին Սարգսյանը (Շերը), լինելով Քարդաշյանի մրցակիցը, որոշեց նույնպես արտահայտվել Ցեղասպանության թեմայի շուրջ: Դա մրցակցության պոզիտիվ դրսեւորում է, սակայն նեգատիվ դրսեւորումներ էլ կան: Այսպես, Հոլիվուդի աստղ Փերիս Հիլթոնը, որը հրապարակավ չի էլ թաքցնում իր հակակրանքը Քիմ Քարդաշյանի նկատմամբ, հենց Քարդաշյանի ջիգրու հանդես եկավ առավել քան զազրելի թուրքասեր տեսաուղերձով:
Բայց անկախ նրանից, որ որոշ աստղեր նեգատիվ ձեւով են արձագանքում, նույնիսկ նրանց սկանդալային հայտարարությունները նպաստում են, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-ամյակը լինի համաշխարհային լրատվական դաշտի համակ ուշադրության ներքո: Տեղեկատվական-հոգեբանական ներգործության տեսանկյունից, քանի որ "աստղային" նորությունները ավելի շատ են հետաքրքրում մարդկանց, քան քաղաքականությունը, Ցեղասպանության առնչությամբ քաղաքական եւ "աստղային" լրատվահոսքերը միասին յուրահատուկ հանրային ռեզոնանս են առաջացնում:
Ի դեպ, դա շատ լավ հասկանում են քարոզչության եւ տեղեկատվական պատերազմի մասնագետները, եւ, օրինակ, ԱՄՆ-ի պարագայում դա արտահայտվեց յուրովի: Հռոմի պապի ելույթը եւ Քարդաշյանի այցի վերաբերյալ լրատվությունը, լիովին տարբեր լինելով հանդերձ, նույնիսկ անհամատեղելի բնույթի, այնուամենայնիվ, նույն ԱՄՆ-ում առաջացրել են ռեզոնանս, որը ստեղծում է Բարաք Օբամայի ու նրա վարչակազմի վրա բավականին զորեղ բարոյական ճնշման մթնոլորտ եւ սահմանափակում նրա գործելու ազատությունը: Անշուշտ, ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ի նախաշեմին լինելու է սթրեսի մեջ` թե ինչպիսի տերմինաբանությամբ արտահայտվել 100-ամյակի մասին: Ու, բնականաբար, ամերիկյան լրատվական հսկաները Սպիտակ տնից համապատասխան ցուցում ստացել են` փորձել մեղմել լրատվական ռեզոնանսի էֆեկտը: Հռոմի պապի մասին (ի տարբերություն թուրքական եւ ադրբեջանական քարոզիչների) բացասաբար արտահայտվել չեն կարող, այդ պատճառով ամերիկյան հեռուստաընկերությունները կենտրոնացել են Քիմ Քարդաշյանի դերը նսեմացնելու վրա: Եվ ամերիկյան հեռուստաեթերից մանթրայի պես հնչում է բանաձեւը, որ Քիմն ընդամենը սովորական դեմք է, ով հայտնի է միայն սրա-նրա սիրուհի լինելով:
Իսկ Հայ դատով զբաղվող կառույցները, բնականաբար, ձգտում են ուժգնացնել տեղեկատվական-հոգեբանական ռեզոնանսը, եւ դրան, անշուշտ, կնպաստի նաեւ այսօր ընդունվելիք Եվրախորհրդարանի բանաձեւը:
100-ԱՄՅԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔԻ ՎՐԱ
"Աստղային" մրցակցության երեւույթը, բնականաբար, չէր կարող շրջանցել եւ Հայաստանի ներքին կյանքը: Եվ տեղական արտադրության "աստղերն" ու "աստղակերպերը" Քարդաշյանի այցելության ֆոնի վրա նույնպես փորձում են մրցակցային միավորներ շահել` արտահայտվելով թեմայի շուրջ: Մեծ մասը դա անում են պոզիտիվի դաշտում, սակայն նեգատիվի դաշտում գործողներն արտահայտվում են այնպիսի թույնով, որ նման թույնը վայել կլիներ պահել արտաքին թշնամու համար: Այդտեղ, անշուշտ, առանձնահատուկ ձեւով առանձնացել է խառնածին Եվա Ռիվասը, որն արժանանալով լրատվամիջոցների եւ այլ հայտնիների խիստ հակազդեցությանը, հանկարծ որոշեց հիշել, որ ռուսական արյուն էլ ունի: Ինչ վերաբերում է հանրությանը, ապա բացի բուռն հետաքրքրությունից "նորույթի" հանդեպ, մեր քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը միանգամայն առողջ մոտեցում դրսեւորեց` ողջունել Քարդաշյանների այցը, բայց չձգտել նմանվել Քարդաշյաններին:
Ու, անշուշտ, նաեւ "աստղային" ու դրան մոտ լրատվահոսքում մեզ չշրջանցեցին տեղեկատվական-հոգեբանական պատերազմի հնարքներ կիրառողները: Ուղղակիորեն պաշտպանել ԼՏՊ-ի ու վերջինիս համախոհների թուրքասեր դիրքորոշումը, նրանք չեն կարող, քանզի ակնթարթորեն կարժանանան հանրային նողկանքի, ու ինչքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան ավելի դժվար է լինում լրատվական դաշտում գտնել կեղտոտ պատվերների պատրաստ անձանց: Ամեն ինչ արվում է անուղղակիորեն` ավելի շուտ ապատեղեկատվության տեխնոլոգիայի միջոցով: Այսպես, շրջանառության մեջ դրվեցին միանգամից երկու սադրիչ բլեֆներ: Մեկը` իբր հետեւելով Քիմի օրինակին` Հայաստան է մտադիր գալ Կոնչիտան, իսկ երկրորդը` իբր Շարլ Ազնավուրը որոշել է չգալ, որպեսզի, իր կարծիքով, չթշնամանա թուրքերի հետ: Երկու բլեֆներն էլ դարձան համացանցային բուռն քննարկումների առարկա, բայց մեծն շանսոնյեն անձամբ տեղեկացրեց աշխարհին, որ ապրիլի 24-ին լինելու է Հայաստանում: Ինչ վերաբերում է կոնչիտաներին, ապա բլեֆ լինելու հանգամանքը երեւում է շատ պարզ` ո՛չ տեղական, ո՛չ էլ արտերկրյա համասեռամոլական կայքերում ակնարկ անգամ չկա այդպիսի այցի մտադրության մասին, մինչդեռ կարելի է վստահ լինել, որ նման նույնիսկ թույլ մտադրության դեպքում առաջինը հենց այդ կայքերը կշտապեին թմբկահարել:
ՓՈՔՐ, ԲԱՅՑ ԿԱՐԵՎՈՐ ՕԳՏԱՊԱՇՏԱԿԱՆ
ՆԿԱՏԱՌՈՒՄ
Ներքաղաքական կյանքը գործնականում բավականին իներտ է, եւ քաղաքական ուժերը իրենց հիմնական գործողությունները հետաձգում են ապրիլի 24-ից հետո: Նույնիսկ Զարուհի Փոստանջյանի մոտ գրեթե չենք տեսնում հակաիշխանական դրսեւորումներ եւ, ընդհակառակը, նա գերադասում է խոսել Հայ դատի թեմաներով: Ինչ վերաբերում է հետաձգումներին, ապա տիպիկ օրինակ է Տիգրան Ուրիխանյանի ստեղծվելիք կուսակցությունը` հիմնադիր համագումարը նշանակված է մայիսի 16-ին:
Ներքաղաքական հանդարտության եւ կարողության, ազգային միասնության մթնոլորտը հրաշալի միջավայր է նաեւ համապետական խնդիրներ լուծելու համար: Խոսքը միայն քաղաքական խնդիրների մասին չէ, չպետք է մոռանալ եւ տնտեսության մասին: 100-ամյակին արտերկրյա հյուրերի այնպիսի աննախադեպ հոսք է լինելու, որ դա եզակի շանս է օգտվել առիթից եւ զարկ տալ տուրիզմի զարգացմանը` բարձրացնելով համապատասխան ենթակառուցվածքի որակը եւ իջեցնելով գները: Բայց ավաղ, մերոնք մեծամասամբ ունեն չարչիի հոգեբանություն, եւ համապատասխան ոլորտի բիզնեսը ուրախությամբ շփում է ձեռքերը, թե ինչքան փող կկլպի հյուրերից: Իսկ իշխանության հեչ վեջը չի, որ հակազդի դրան ու գործարարների նկատմամբ նաեւ անհրաժեշտ պարտադրանք կիրառի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
