«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ, ԱՅԼ ՆՐԱ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՏՔԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է»
Արխիվ 12-16Ն. Լեւիչեւ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ, ԱՅԼ ՆՐԱ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՏՔԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է»
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի կողմից պատրաստված ծրագրի շրջանակներում երեկ Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովսկի դահլիճում տեղի է ունեցել «Հիշում եւ պահանջում եմ» խորագրով հուշ երեկո: Միջոցառմանը ներկա են եղել հայ եւ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ, ՌԴ Պետդումայի փոխնախագահ ՆԻԿՈԼԱՅ ԼԵՎԻՉԵՎԸ , ՌԴ դաշնության խորհրդի սենատորներ, Պետդումայի պատգամավորներ, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայ համայնքի հայտնի գործիչներ, ինչպես նաեւ մշակութային եւ հասարակական բնագավառների անվանի ներկայացուցիչներ: Հուշ երեկոյի ժամանակ ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալ Նիկոլայ Լեւիչեւը խոսելով Հայոց ցեղասպանության մասին` նշել է. «Նման ոճրագործությունները չունեն ժամանակավրեպության խնդիր, եւ դրանք անջնջելի են մարդկության պատմության էջերից: Ցեղասպանությունը ոչ միայն ժողովրդի, այլ նրա ավանդույթների եւ հավատքի հանդեպ հանցագործություն է: Այն հանդիսանում է ոճրագործություն ապագայի հանդեպ եւ, առհասարակ, ուղղված է քաղաքակրթության զարգացման դեմ: Այսօր մենք իրավունք չունենք մոռանալու այս ոճրագործությունը, քանզի ցեղասպանության փաստերի քողարկումը դռներ է բացում այլ բռնությունների իրագործման համար»: ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալը համոզմունք հայտնել նաեւ, որ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է մշակել վարակի նման տարածվող բռնության աղբյուրների դեմ անձեռնմխելիության մեխանիզմ` ներգրավվելով եվրասիական տարածքի բոլոր գործուն կառույցներին` ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական հասարակության մակարդակներում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
