ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ԹԻՄԸ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ԹԻՄԸ
Սենթ Լուիսում ավարտվեց ԱՄՆ-ի շախմատի առաջնությունը, որի շրջանակներում ելույթ էին ունենում նաեւ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Սամվել Սեւյանը: Հայազգի մարզիկները 11 հնարավորից վաստակելով 5.5-ական միավորª բաժանել են 5-7-րդ տեղերը: Վաստակած 8 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց Հիկարու Նակամուրան: Այդ արդյունքը հատկապես առաջնության ամենաերիտասարդ գրոսմայտերիª Սամվել Սեւյանի համար պետք է բարձր գնահատել: Այն առումով, որ նա առաջին անգամ էր մասնակցում նման հեղինակավոր մրցախաղի եւ ուժեղ խաղով ու տպավորիչ հաղթանակներով աչքի ընկնելուց զատª իր վարկանիշը բարձրացրեց 18 կետով:
Կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը 5,5 միավորով բաժանել է 4-8-րդ տեղերը: 8,5 միավորով չեմպիոնի տիտղոսը նվաճել է Իրինա Կրաշը:
Իսկ ահա մեկ այլ մրցաշարումª Դուբայում անցկացվող օփենում, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը յոթ տուրից հետո վաստակել է 5 միավոր, իսկ միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանն ունի 4,5 միավոր: Մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեեւը եւ ԱՄՆ-ն ներկայացնող Ալեքսանդր Շաբալովը: Ի դեպ, Դուբայի փառատոնի շրջանակներում անցկացված կայծակնային մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 11 հնարավորից վաստակել էր 8 միավոր եւ 76 մասնակիցների մեջ բաժանել 3-6-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը: Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանի արդյունքն է 7,5, գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանինը` 7 միավոր: Այս մրցաշարի ընթացքում ուշագրավ դեպք է գրանցվել. Գայոզ Նիգալիձեն որակազրկվել է` Տիգրան Լ. Պետրոսյանի դեմ պարտիայում հեռախոսից օգտվելու համար: Նիգալիձեն զուգարանում օգտվել է սմարթֆոնից, որը չի վրիպել կազմակերպիչների ուշադրությունից: Հաղորդվում է, որ Պետրոսյանն ավելի վաղ այդ մասին կասկած է հայտնելգլխավոր մրցավարին: Թեեւ Նիգալիձեն հերքել է, որ օգտվել է տեխնիկայից, սակայն կազմակերպիչները հայտնաբերել են ծրագիր, որը վերլուծում էր ընթացիկ պարտիան: Միջադեպի մասին զեկույց է ներկայացվելու Շախմատի միջազգային ֆեդերացիա: Նմանատիպ միջադեպերի համար շախմատիստները սովորաբար որակազրկվում են 3 տարով, իսկ կրկնվելու դեպքումª 15:
Ընթացիկ եւ ավարտված բոլոր մրցաշարերից զատª եւս մեկ խոշոր շախմատային իրադարձություն կհամախմբի ուժեղագույններին, այս անգամ հենց Հայաստանում: Հայտնի են ապրիլի 18-29-ը Ծաղկաձորում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնության մասնակից բոլոր թիմերի կազմերը: Մրցմանը մասնակցելու են 10 թիմեր, իսկ Հայաստան ժամանելուց հրաժարված Ադրբեջանի հավաքականին կփոխարինի Իսրայելի թիմը: ԱՄՆ-ի հավաքականի կազմում Ծաղկաձորում հանդես կգա նաեւ հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը:
Հայաստանի հավաքականի անդամներն այս օրերին նախապատրաստվում են աշխարհի թիմային առաջնությանը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
