ԱՇԽԱՐՀԸ ՊՏՏՎՈՒՄ ԷՐ ՔԱՐԴԱՇՅԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ
Արխիվ 12-16ԱՇԽԱՐՀԸ ՊՏՏՎՈՒՄ ԷՐ ՔԱՐԴԱՇՅԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ
Քարդաշյանների հայաստանյան այցը, ինչ խոսք, ուրախությամբ լցրեց մեր բոլորիս առօրյան` ժպիտ բերեց: Ամենուր մարդիկ ոչ թե խոսում էին քաղաքական հարցերից, արտագաղթից, գներից ու սպասվող թանկացումներից, այլ` Քարդաշյաններից: Երկրում ասես 5 օր մի յուրահատուկ տոն լիներ: Չանտեսենք նաեւ այն փաստը` ուզենք, թե`ոչ, ուրախանանք, թե տխրենք, միեւնույնն է, չենք կարող չասել, որ` ինչ Հայաստանում էր ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանը, կարծես մոլորակը սկսել է պտտվել հենց նրա շուրջ: Քիմի հայաստանյան այցը վերածվեց մեծ իրադարձության, ինչին համաշխարհային մամուլը ուշիուշով հետեւում էր եւ այցը լուսաբանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում:
ՔԱՐԴԱՇՅԱՆՆ ԻՐ ԱՅՑՈՎ ՄՈՏ 36,5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ
ԳՈՎԱԶԴԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Քարդաշյան ընտանիքի այցը Հայաստան առիթ դարձավ, որպեսզի այցն ակտիվ լուսաբանող համաշխարհային լրատվամիջոցները` Washington Post, Daily Mail, Guardian, New York Times, Telegraph, Mirror եւ այլ ԶԼՄ-ներ, եւս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռեն Հայաստանին եւ հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ամերիկայի մեդիա-մոնիտորինգի մասնագետների հաշվարկով` Քարդաշյան քույրերի Հայաստան այցի միայն առաջին երկու օրվա լուսաբանումը ԱՄՆ-ի ռադիոյով եւ
հեռուստատեսությամբ գերազանցում է 36,5 մլն դոլարը: Հաշվարկի մեջ ներառված չեն ԱՄՆ-ի թերթերը, կայքերը եւ միջազգային ԶԼՄ-ները, ինչպես նաեւ սոցցանցերի հետեւորդները:
Փորձագետները ակնկալում են Հայաստանի` որպես տուրիստական երկրի նկատմամբ հետաքրքրության մեծացում եւ տուրիստական հոսքի աճ:
Այսպես` ամերիկյան Hello ամսագիրը Քիմի այցից հետո Հայաստանը անվանել է այցելության լավագույն վայր, իսկ The Daily mail-ը, Քարդաշյանների այցելության հետ կապված, ընթերցողներին է ներկայացրել Հայաստանի որոշ գեղատեսիլ վայրեր, ժամանակակից Երեւանը` շեշտադրելով նաեւ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:
ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ
ԴԱՐՁԵԼ Է ՄՂՁԱՎԱՆՋ
Քարդաշյանների այցը, բնականաբար, անհանգստության եւ քննարկումների ալիք է առաջացրել Թուրքիայի եւ Ադրբեջանի ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում: 5 օրվա ընթացքում համաշխարհային մամուլում Ցեղասպանության մասին այնքան նյութ տպագրվեց, որ կարելի է միանշանակ ասել` Քարդաշյանի հայաստանյան այցը Թուրքիայի համար դարձել է իսկական մղձավանջ, որի դեմ այդ հզոր պետությունը փաստացի ոչինչ չի կարող անել: Թուրքական լրատվամիջոցները Քարդաշյանի այցը մեկնաբանել են այսպես. «Ծագումով հայ, ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանին, ով ընտանիքի հետ մեկնել է Հայաստան, այսպես ասած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ` թագավորական ընդունելության են արժանացրել»: Նկատի ունենալով կառավարական մակարդակով ընդունելության մասին, քանի որ Քարդաշյան քույրերին հաջորդ օրը ընդունեց ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:
ՔԱՐԴԱՇՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԸ ԼՈՒՌ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՆ ԷԻՆ ԱՆՈՒՄ
Այնուամենայնիվ, Հայաստանում եղան մարդիկ, ովքեր դեմ արտահայտվեցին աստղային
ընտանիքի հայաստանյան այցի մասին: Եվ մինչ որոշակի զանգված փորձում էր պիկետներ իրականցնել Քարդաշյանների` Հայաստանում գտնվելու ու ինչպես թուրքական լրատվամիջոցներն էին գրել` թագավորական ընդունելության համար, Քարդաշյան քույրերը լուռ իրենց մեծ գործն էին անում` խոսելով ու հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականին Ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայերին:
Ի դեպ, նրանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին գնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկներով, որը նախորդ օրը կայացած հանդիպման ժամանակ Քարդաշյաններին տվել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԵՎ ԳԱՐՇԵԼԻ ԱՐԱՐՔ Է»
Ծիծեռնակաբերդ այցից հետո ՔԼՈՅԵ ՔԱՐԴԱՇՅԱՆՆ իր Ինստագրամի էջում գրել է. «Ես եւ քույրս փորձում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ ընդհանրապես ցեղասպանություն երեւույթի վրա: Գիտելիքը ուժ է: Երբ մենք տեղեկացված ենք ինչ-որ բանի մասին, ապա կարող ենք ավելի ճիշտ քայլեր կատարել: Ցեղասպանությունը` զանգվածային մարդասպանությունը, դատապարտելի եւ գարշելի արարք է: Մի ամբողջ ազգ կամ ռասա բնաջնջելը Աստծո կամքը չէ: Պատմական ճշմարտացի իրադարձությունների մասին մարդկանց պատմելն ու սովորեցնելը մեր պարտքն է: Մեր պարտքն է նաեւ չլռել եւ բարձրացնել, երբ ինչ-որ մի ազգ կամ ռասա տառապում է: Լռությունը ուժ է տալիս չարագործներին եւ ոչնչով չի օգնում խոշտանգումների ենթարկվածներին»:
ՔԼՈՅԵ ՔԱՐԴԱՇՅԱՆ. «ՕՐՀՆՎԱԾ ԵՄ` ԼԻՆԵԼՈՎ ԱՅՍՏԵՂ»

Հայաստան ժամանելու հենց առավոտյան Քարդաշյան քույրերը` հաղթահարելով կասկադի բարձունքը, շփվելով, ինքնագրեր տալով ու լուսանկարվելով հայաստանյան երկրպագուների հետ, այցելել էին «Մայր Հայաստան» թանգարան, որից հետո Քլոյեն սոցցանցում գրել էր. «Երեւանում տեսա «Մայր Հայաստան» հուշարձանը, որը խորհրդանշում է խաղաղություն` ուժի միջոցով: Հայոց պատմության մեջ կանայք զենք են վերցրել եւ իրենց ամուսինների հետ պայքարել թուրքական զորքերի եւ քրդական հրոսակների դեմ: Ես կին եմ, լսեք իմ ճիչը: Օրհնված եմ` լինելով այստեղ»:
Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԵՐ ՓԵՍԱՆ` ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ
Քարդաշյան քույրերով տարված` հայ հասարակությունը մոռացել էր, որ Քիմը Հայաստան է ժամանալ ամուսնու` ոչ պակաս գերաստղ, ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասան 37-ամյա ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԻ հետ, ով արդեն հայերի կողմից ստացավ` մեր փեսա մականունը: Ուշագրավ էր այն, որ ԱՄՆ-ում ու աշխարհում Քիմ Քարդաշյանից ոչ պակաս հայտնի Քանյեն` ժամանելով Հայաստան, իհարկե, չդարձավ ո՛չ լայն հասարակության քննարկման թեմա, ո՛չ էլ առանձնահատուկ ուշադրության արժանացավ: Բայց հենց առաջին իսկ օրը աչքի ընկավ որպես հոգատար հայրիկ, ով իր խոշոր մարմնով ու ոչինչ չարտահայտող դեմքով, թեպետ միայն սեւամորթ լինելով էր տարբերվում Քարդաշյանների թիկնապահից, բայց պարզապես հնարավոր չէր չնկատել, թե ինչպես է նրբորեն ու զգույշ գրկին սեղմել փոքրիկ աղջկան, իսկ կնոջը` Քիմին ու քենուն` Քլոյեին, վստահել թիկնապահներին:
ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԲԱԽՏԸ ԲԵՐԵԼ Է

Ի դեպ, Քիմ Քարդաշյանի բախտը բերել է ոչ միայն ամուսնու, այլեւ սկեսուրի ու սկեսրայրի հարցում: Քանյե Ուեսթի հայրը` Ռեյ Ուեսթը, այժմ քրիստոնյա խորհրդական է, իսկ Ուեսթի մայրը` դոկտոր Դոնդա Ուեսթը, անգլերենի պրոֆեսոր էր Կլարք-Ատլանտայի համալսարանում եւ անգլերեն բաժնի նախագահ Չիկագոյի համալսարանում, մինչեւ որ դարձավ Ուեսթի մենեջեր:
Անդրադառնանք նաեւ Քանյե Ուեսթի ստեղծագործական գործունեությանն ու մինչ քարդաշյանական անձնական կյանքին. 21 Գրեմմի մրցանակի դափնեկիր Ուեսթը համարվում է բոլոր ժամանակների "ամենավաճառվող" արտիստներից մեկը: Նա ամբողջ աշխարհում վաճառել է 21 միլիոն ալբոմ եւ 66 միլիոն թվային սինգլ: 2002 թվականից Ուեսթը սկսել է հանդիպել դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ, սակայն նրանք բաժանվել են 2008 թվականին: Նույն տարում նա սկսել է հանդիպել մոդել Էմբեր Ռոուզի հետ, սակայն նրանց հարաբերությունները ավարտվել են 2010-ի ամռանը: 2012 թվականի ապրիլին Ուեսթը սկսում է հանդիպել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ, իսկ հաջորդ տարվա հունիսին ծնվում է նրանց դուստրը` Նորթ Ուեսթը: Ուեսթը եւ Քարդաշյանը ամուսնացել են 2014 թվականի մայիսի 24-ին Ֆլորենցիայում ու, «սատանի ականջը խուլ», գրեթե մեկ տարի է ապրում են ընտանեկան համերաշխ ու երջանիկ կյանքով:
ՈՒԵՍԹԻ ԱՅԴՊԻՍԻ ՀԱՄԵՐԳՆԵՐՆ ԱՐԺԵՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ, ԲԱՅՑ ԿԱՐԱՊԻ ԼՃՈՒՄ ԵՐԳԵՑ ԱՆՎՃԱՐ
Մեր փեսան այնքան էր ոգեշնչվել Հայաստանով ու հայերով, որ ցանկություն էր հայտնել մենահամերգ ունենալ հենց Երեւանի սրտում` Կարապի լճում:
Ի դեպ, չմոռանանք, որ Ուեսթի այդպիսի համերգներն արժեն միլիոնավոր դոլարներ, բայց միլիոններ «արժեցող»` 21 Գրեմմիի մրցանակակիր երգիչը Կարապի լճում երգեց անվճար եւ մեկ ժամով պարգեւեց այնքան ուրախություն ու դրական լիցքեր, որ շատերը ստացած դրական լիցքերից ամբողջ գիշեր չկարողացան քնել:
ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ԿԱՐԱՊԻ ԼՃԻ ՋՐԻ ԳԻՆԸ

Բայց ինչ գերաստղ` առանց անակնկալների. Քանյե Ուեսթը համերգի ընթացքում բազմահազար հանդիսատեսին անակնկալ մատուցելու համար ցատկեց ջուրը: Նրան հետեւեցին բազմաթիվ երկրպագուներ, որից հետո համերգն ընդհատվեց: Համաշխարհային ճանաչում վայելող մեգաաստղի այս քայլը, սակայն բարձրացրել է Կարապի լճի ջրի գինը: Համերգից հետո Քանյեի հայաստանյան երկրպագուներից մեկը Twitter-յան էջում գրել է. «Վաճառում եմ Կարապի լճի ջուրը: Քանյեի մարմինը դիպչել է այս ջրին»:
ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԴՍՏԵՐԸ ՄԿՐՏԵՑ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Պարզվում է, Հայաստանից հետո աստղային զույգը մեկնել է Երուսաղեմ, որտեղ կնքել են իրենց դստերը` Նորթին, ով հունիսին կդառնա 2 տարեկան: Մկրտության համար ընտրվել է Երուսաղեմի պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց մայրավանքը, որը գտնվում է քաղաքի Հայոց թաղում: Բացի այդ, Քարդաշյանն ամուսնու հետ նախատեսել է այցելել Սուրբ Հարության տաճար, այնուհետեւ կմեկնեն Հորդանան:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
