ՆԱԽԿԻՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Երկու-երեք շաբաթ առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, թե. "Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հովսեփյանը, ով 2007-2008թթ.` ՀՀ պետեկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության 6-րդ բաժնի պետ եղած ժամանակ, գործարար Ռ. Ա.-ից կաշառք է ստացել 70.000 դոլար, որպեսզի Ռ. Ա.-ի ընկերությունում ստուգումների ժամանակ ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները անտեսի եւ թողնի անարձագանք":Նշենք, որ վերոնշյալ գործարարը, ով, ըստ մեր տվյալների, Ռուզաննա Աբրահամյանն է, "Ժերոնա" եւ "Տապինո" ՍՊԸ-ների սեփականատերն է: Թե ինչու է գործարար կինն իրավապահներին է դիմել կատարվածից յոթ տարի հետո, փորձեցինք ճշտել նրանից: Սակայն տիկին Աբրահամյանը համառորեն չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին: Միայն մեկ-երկու օր անց հաջողվեց կապ հաստատել, սակայն տիկին Աբրահամյանը հրաժարվեց պատասխանել որեւէ հարցիª միայն նշելով. "Բոլոր հարցերը ԱԱԾ-ից ճշտեք": Մինչդեռ նրա պարզաբանումները կարեւորվում էին նրանով, որ շրջանառվում են խոսակցություններ, թե այսքան ուշ իրավապահներին դիմելու պատճառն այն է, որ տիկնոջից կաշառքը վերցնելուց վերցրել են, բայց գործն այդպես էլ բարեխղճորեն ավարտին չեն հասցրել:
Սրան զուգահեռ, եղան նաեւ որոշ հրապարակային խոսակցություններ, որ այս գործի շրջանակներում հարցաքննվել են այլ պաշտոնյաներ եւս, ովքեր, չի բացառվում, որ առաջիկայում արժանանան Արամ Հովսեփյանի ճակատագրին: Խոսքը նախ Բաքվում սովորած եւ ապրած, 2006-2008թթ. ՀՀ պետեկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետ Արկադի Բալայանի ¥ով ժամանակին զբաղեցրել է նաեւ ԴԱՀԿ պետի պաշտոնը¤ եւ նախկին Մյասնիկյանի հարկային տեսչության պետ Գագիկ Մազմանյանի մասին է ¥վերջինս, ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով` այս պահին գտնվում է հանրապետությունից դուրս` ՌԴ-ում¤: Նույն խոսակցությունների համաձայնª այս "մութ գործից" քաջատեղյակ է նաեւ ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը:
Թե ով կձերբակալվի այս գործով, դեռ կտեսնենք: Ամեն դեպքումª առերեսման ժամանակ կասկածյալ բոլոր նախկին պաշտոնյաներն էլ հերքել են իրենց մասնակցության փաստը:
"ԵՍ ՈՉ ՄԻ ԿԱՊ
ՉՈՒՆԵՄ, ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ"
Այս ամենին զուգահեռ, կան տեղեկություններ, որ ազատության մեջ գտնվող Արկադի Բալայանը ջանք ու եռանդ չի խնայում օգտագործել իր հնարավոր եւ անհնարին կապերը` այս պատմությունից մաքուր դուրս գալու համար: Մեր աղբյուրների համաձայն` Բալայանին ջրից չոր հանելու համար փորձել է ստանալ Գենադի Սարգսյանի ¥ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հարսանիքի քավորն է, եւ ում շնորհիվ էլ Ա. Բալայանը դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք նշանակվել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետ¤ միջնորդությունը: Սակայն, ըստ երեւույթին, սպասված արդյունք չի եղել, եւ Բալայանը որոշել է ինքն իր հարցերը լուծել` վաճառքի հանելով ունեցվածքը: Մասնավորապես, տարածված լուրերի համաձայն` Արկադի Բալայանը շտապ վաճառքի է հանել, բնականաբար, փաստացի ոչ իր անուններով գրանցված, բայց իրեն պատկանող Հյուսիսային պողոտայի տասներորդ շենքի բնակարանը, Հրաչյա Քոչար 7 շենքի բնակարանը եւ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում գտնվող տասնյակ հեկտարներով հողատարածքները, որոնք իր անունով են եւ որոնց մասին փաստեց նաեւ Շորժայի գյուղապետ Շուշանյանը: Նախկին պաշտոնյան այնքան է նեղն ընկել, որ վաճառքի է հանել նաեւ Գյուլբենկյան-Քոչար խաչմերուկի վրա գտնվող առանձնատունը, որը վարձակալական հիմունքներով մինչեւ վերջերս հանձնել էր Քուվեյթի դեսպանատանը:
Ունեցվածքի վաճառքի եւ վերոնշյալ քրեական գործի շրջանակներում իրեն վերագրվող արարքների հետ կապված` փորձեցինք պարզաբանում ստանալ ԱՐԿԱԴԻ ԲԱԼԱՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում հերքեց թե՛ ունեցվածքի վաճառքի վերաբերյալ տեղեկությունները եւ թե՛ առհասարակ սույն գործին իր առնչությունը:
- Պարոն Բալայան, ճի՞շտ է, որ Դուք վաճառքի եք հանել Ձեր ողջ ունեցվածքը:
- Ես ԱԱԾ-ում քննվող գործի հետ ոչ մի կապ չունեմ եւ ոչ մի բան չեմ վաճառում իմ ունեցվածքից:
- Շորժայում ունեցած Ձեր հողատարածքները ե՞ւս չեք վաճառում:
- Ոչ, ես ոչ մի բան չեմ վաճառում:
- Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ Ձեր անունը եւս շրջանառվում է գործարար Ռ. Աբրահամյանի` ԱԱԾ-ում տված հաղորդման հիման վրա հարուցված քր. գործի շրջանակներում, Դուք նաեւ հարցաքննվել եք այդ գործի առնչությամբ:
- Ես խնդրում եմ` այս համարով այլեւս չզանգեք ու նման հարցեր չտաք, ես ոչ մեկի հետ ոչ մի կապ չունեմ, հանգիստ թողեք...
Չնայած պարոն Բալայանը փորձում էր հերքել իր առնչությունը վերոնշյալ գործին, բայց նկատենք, որ իր խոսքում առաջինն ինքը տվեց ԱԱԾ-ի անունը: Իսկ ինչ վերաբերում է նրա ունեցվածքը վաճառելու մասին լուրերի իսկությանը, որն ամեն գնով փորձում էր հերքել նախկին պաշտոնյան, այնուամենայնիվ, մեր աղբյուրների համաձայն` իսկապես վաճառում է, այն էլ` շտապ: Քանի որ, ըստ տարածված լուրերի, նա եւս փորձելու է հետեւել Գագիկ Մազմանյանի օրինակին եւ հեռանալ Հայաստանից:
Հետաքրքրականն այն է, թե ինչպե՞ս եւ ի՞նչ գումարներով է պետության աշխատավարձով ապրող նախկին պաշտոնյային հաջողվել այդքան ունեցվածք դիզել: Չնայած, ըստ մեր աղբյուրների, պարոն Բալայանը ՀՀ պետեկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետ նշանակվելուց անմիջապես հետո` մեկ-երկու օրվա ընթացքում աշխատանքից ազատել է 22 օպերատիվ հետախուզական վարչության բաժնի պետերի, իսկ նորերին աշխատանքի է ընդունել, համենայնդեպս, ոչ գեղեցիկ աչքերի համար: Այսքանից հետո դժվար չէ ենթադրել, թե որտեղից նախկին պաշտոնյային այդքան ունեցվածք:
Թե ինչ ընթացքի մեջ է վերոնշյալ գործով նախաքննությունը, փորձեցինք պարզել նաեւ ԱԱԾ-ից: Սակայն լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին ընդամենը հետեւյալը.
- Նախաքննությունն ընթանում է, քննության գաղտնիությունից ելնելով` գործի վերաբերյալ որեւէ տեղեկություն տրամադրել այս պահին նպատակահարմար չենք գտնում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
