ՍՊԱՆՎԱԾ ԴՐՈՅԻ ՏԱՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է
Արխիվ 12-16ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է
"Իրավունքը" անդրադարձել էր "Նուբարաշեն" ՔԿՀ-ի դիմաց հնչած կրակոցներից Երրորդմասցի Լյովիկի հետ սպանված Դրաստամատ Թադեւոսյանի` Դրոյի մոր` Սիրուն Նաջարյանի բնակարանում ոստիկանության աշխատակիցների կատարած խուզարկությանը:
Նշենք, որ Դրոյի մոր փաստաբան ԱՐՄԵՆ ՖԵՐՈՅԱՆԸ, խոսելով խուզարկության նպատակի մասին, մասնավորապես նշել էր. "Ոստիկանությունը չցանկանալով խուզարկությունը կապել մարտի 4-ին տեղի ունեցած սպանությունների հետ` փորձել է այլ պատճառ գտնել: Մասնավորապեսª ոստիկանության թիրախը, որպես այդպիսին, ընտրվել է Սեպուհ Թադեւոսյանը` Դրոյի եղբայրը: Իբր թե, ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Սեպուհ Թադեւոսյանը կասկածվում է գողություն կատարելու մեջ: Այդ հիմքով էլ դիմել են դատարանª Սեպուհի բնակարանում խուզարկություն անցկացնելու թույլտվության համար, մինչդեռ բնակարանը, որը խուզարկվել է, պատկանում է Սեպուհի մայրիկին, եւ այնտեղ, ի դեպ, բնակվել է նաեւ Դրաստամատ Թադեւոսյանը...": Եվ ահա երեկ փաստաբանը մեզ տեղեկացրեց, որ բողոքարկել է խուզարկության որոշումը, քանի որ.
- Խուզարկության կատարման համար հիմք հանդիսացած դատարանի որոշումը կայացվել է ակնհայտ կեղծ օպերատիվ տեղեկանքի հիման վրա: Այդ տեղեկանքով դատարանին հայտնվել է, թե իբրեւ օպերատիվ տեղեկություն է ձեռք բերվել այն մասին, որ գողացված ոսկյա զարդեր են պահվում Սեպուհ Թադեւոսյանի բնակարանում: Փաստորենª նման կեղծ տեղեկանք ներկայացնելով` ոստիկանությունը կարող է խուզարկություն կատարել ցանկացած բնակարանում: Սա համարվում է ոչ օրինական, խիստ տարածում ստացած արատավոր գործելակերպ:
Իրավապահներին պարզապես անհրաժեշտ էր խուզարկել Դրաստամատ Թադեւուսյանի բնակարանը, քանի որ նրանք, ըստ երեւույթին, փորձում էին ինչ-որ բան գտնել: Բայց թե ինչ եւ ինչու հենց միանգամից այդ գործով չեն դիմել խուզարկության իրավունք ստանալու համար, դա ինձ համար, համենայնդեպս մութ է մնում:
ՏԼԵՆ, ԾԳԼԸ ԵՎ ԳԱՍՏՐԻԿԸ ԻՐԵՆՑ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
Իսկ ահա Երրորդմասցի Լյովիկի եւ նրա մտերիմների սպանության մեջ կասկածվող հայտնի մականուններով Տլեն, Ծգլը եւ Գաստրիկը հրաժարվում են ցուցմունք տալուց եւ իրենց մեղավոր չեն ճանաչում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրանց փաստաբան ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԸ:
- Ապրիլի 15-ին Վերաքննիչ դատարանում կորոշվի` կփոխվի՞ արդյոք նրանց խափանման միջոցը` կալանքը, թե` ոչ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
