Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

ԻՆՉՈՒ ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ԱՊՏԱԿԵՑ ԱՆԿԱՐԱՅԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ԱՊՏԱԿԵՑ ԱՆԿԱՐԱՅԻՆ


Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից կիրակի օրը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագից միանգամից երկու առանցքային դրվագ էր աչքի զարնում: Առաջինը. թեեւ Վատիկանը դեռ 2000-ին է պաշտոնապես ճանաչել Ցեղասպանությունը, սակայն Պապի մատուցած պատարագն աննախադեպ էր:

ԱՆԿԱՐԱՆ ԿԸՆԴՈՒՆԻ՞ ՊԱՊԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ

Ավելին. աննախադեպ էր նաեւ պատարագին զուգահեռ Վատիկանի ցուցաբերած ընդգծված ջերմ վերաբերմունքը Հայ եկեղեցու (Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետների շարքը դասելն ամեն ինչ ասում է) եւ Հայոց պետականության հանդեպ: Եվ երկրորդը. սա, անշուշտ, հայաստանյան արտաքին քաղաքականության եւ, մասնավորապես, Վատիկանի դեսպանատան եւ դեսպան Միքայել Մինասյանի մեծագույն հաջողությունն էր: Ընդ որում` հայկական դեսպանատան գործունեությունը հատուկ ընդգծում ենք, ելնելով ոչ այնքան բարենպաստ մեկ այլ փաստից, որ մեր մյուս դեսպանատներից ու դեսպաններից շատերն անգամ ավելի համեստ հաջողություններով աչքի չեն ընկնում: Իսկ դա հուշում է, որ մեր դեսպաններից շատերն իրենց գործունեությունը պատկերացնում են մեր պետական փողերով ու դիվանագիտական հովանու տակ տարբեր երկրներ "սանատորիա" գնալու տեսքով, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Մինչդեռ հատկապես եվրոպական երկրներում հայաստանյան դիվանագիտական առաքելությունների ակտիվացումը գոնե այս փուլում ավելի քան կարեւոր էր, հաշվի առնելով հետեւյալ նյուանսը.
Վատիկանում ունեցած այս հաջողությունը, իհարկե, չի կարելի բացատրել միայն հայկական դիվանագիտության աշխատանքով: Նկատի ունենք, որ Վատիկանի այս քայլը, բնականաբար, չի կարելի դիտարկել միայն Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, կրոնական համերաշխության կամ` Հայաստանի նկատմամբ ջերմ վերաբերմունք ցուցաբերել ցանկանալու տրամաբանության մեջ: Այդ գործոնները, իհարկե, այս կամ այն չափով կան, առավել եւս հաշվի առնելով Ֆրանցիսկոս պապի բարոյական բարձր հատկանիշները: Բայց հայտնի ճշմարտություն է, որ Հռոմի պապերը պարտավոր են առաջնորդվել ոչ միայն բարոյականությամբ, այլեւ` քաղաքական հաշվարկներով: Եվ այդ համատեքստում նկատենք` այս քայլը, ինչքան հայամետ, նույնքան էլ` հակաթուրքական էր, ինչը առավել քան ընդգծված է դարձնում դրա քաղաքական բնույթը:
Իսկ եթե այս պահին քաղաքական նախապատվության նժարը թեքվել է Հայաստանի կողմը, նշանակում է, որ ստեղծվել է դրան նպաստող քաղաքական մթնոլորտ, իրավիճակ: Ընդ որում` այդ մթնոլորտը Եվրոպայում է, հաշվի առնելով, որ Հռոմի պապերը ոչ թե ընդամենը Վատիկանի, այլ Եվրոպայի դասական քաղաքական էլիտայի առանցքային առաջնորդներից են, եւ այդ քաղաքական կշիռն ունի նաեւ համաշխարհային բնույթ: Եվ եթե այս պահին Եվրոպայում կան Թուրքիայի ուղղությամբ նման գլոբալ քայլերի հնարավորություն տվող խորքային իրավիճակ, ապա մեր մյուս դիվանագիտական առաքելությունները եւս պետք է փորձեին դրանից օգտվել: Առավել եւս, որ այս նպաստավոր իրավիճակը նոր չէ, որ տեսանելի դարձավ. թեկուզեւ հիշենք, որ այս տարվա ընթացքում նախ` Եվրոպայի առաջատար քաղաքական ուժը` Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, ապա` Եվրոպական խորհրդարանը Ցեղասպանությունը դատապարտող բավականին կոշտ փաստաթղթերով հանդես եկան ¥Եվրախորհրդարանը վաղը կարող է եւս մեկ բանաձեւ ընդունել¤: Այս ամենն արդեն իսկ հուշում էր Հին աշխարհամասի եւ Թուրքիայի միջեւ գնալով խորացող հակասությունների առկայության մասին: Եվ նկատենք նաեւ, որ Ֆրանցիսկոսն էլ ոչ միայն պատարագով սահմանափակվեց, ինչը կնմանվեր Թուրքիային ցույց տրված հերթական "դեղին քարտին", այլեւ իր մյուս ընդգծված քայլերով, մասնավորապես, Ցեղասպանության իրականացումը հավասարեցնելով ֆաշիզմի հետ, պատկերավոր ասած` պապական գավազանը այն ուժով իջեցրեց Անկարայի գլխին, որ զրնգոցը դեռ երկար ժամանակ աշխարհում կլսվի: Եվ դա այն դեպքում, երբ Անկարան նախօրոք կաշվից դուրս եկավ` պապական պատարագը չեղյալ համարելու համար: Իսկ դա արդեն հուշում է, որ Թուրքիայի հետ ունեցած Եվրոպայի քաղաքական էլիտայի հակասությունները գնալով միայն խորանում են: Եվ դեռ կխորանան, հաշվի առնելով, որ պատարագից հետո Անկարան ցուցադրաբար պարզաբանումներ պահանջելով Վատիկանի դեսպանից, առնվազն փորձեց ցույց տալ, որ Պապի մարտահրավերն ընդունում է:

ԹՈՒՐՔ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԻԱՅՆ ՄԵՐ ՕԳՏԻՆ ԵՆ


Թե որոնք են Եվրոպա-Թուրքիա այս հակամարտության պատճառները, ժամանակին քանիցս անդրադառնալու առիթ ունեցել ենք եւ չկրկնենք: Հիշեցնենք միայն, որ առանց այդ էլ եղած բազում հակասություններն իրենց գագաթնակետին հասան, երբ Թուրքիան համաձայնություն տվեց դառնալ դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման հիմնական ուղղություններից մեկը, ինչը ԱՄՆ-Եվրոպա-Ռուսաստան ծայրահեղորեն սրված հակամարտության մեջ առանցքային ռազմավարական առավելություն տվեց Մոսկվային: Այսինքն` Վաշինգտոնը համառորեն Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով Ռուսաստանին դասական Եվրոպայից առանձնացնող բուֆերային գոտի է ստեղծում, բայց նույն պահին էլ Թուրքիան իր տարածքով ռուսական առանցքային գործիքներից մեկիª գազի դիմաց բացում է դեպի Եվրոպա ճանապարհը: Էլ չասած, որ նույն ռուսական գազամուղը Թուրքիայից դեպի Հունաստան հասցնելու վերջերս ստորագրված համաձայնագրերն արդեն հասցրել են նաեւ Աթենքին այնպիսի համարձակություն ներշնչել, որ վերջինս ամենակոշտ տոնայնությամբ է սկսել խոսել մինչեւ իսկ եվրոպական լիդեր Գերմանիայի հետ: Մինչդեռ հունական այդ ճգնաժամը, բազում հեղինակավոր վերլուծաբանների գնահատմամբ, ի զորու է հիմքից պայթեցնել ոչ միայն եվրոյի համակարգը, այլեւ` Եվրամիությունը: Էլ չասած, որ հունական "վարակը" արդեն իսկ սկսել է տարածվել ողջ Եվրամիությունով մեկ` ձեւավորելով ռուսական պատժամիջոցների դեմ ներեվրոպական "երկրորդ ռազմաճակատ":
Եվ ահա այս իրավիճակի սկիզբը հանդիսացած Թուրքիան ոչ մի կերպ չի համաձայնում փակել ռուսների ճանապարհը դեպի Եվրոպա: Հասկանալի էª այդ դեպքում Անկարան պետք է հրաժարվի նաեւ այն տնտեսաքաղաքական առավելություններից, որոնք նրան տալիս է ռուսական գազը, եւ այդ դեպքում Արեւմուտքի մտքով անգամ չի անցնում թուրքերի կորուստները փոխհատուցել: Ճիշտ է, ակնարկում են, որ ռուսականի փոխարեն Թուրքիայով դեպի Եվրոպա կհասցնեն ադրբեջանական եւ նույնիսկ` իրանական գազը: Բայց նման խոսակցություններ կային դեռ այն օրերին, երբ ԽՍՀՄ-ը նոր էր փլուզվել, եւ Թուրքիան մինչ օրս այդպես էլ գազափոխադրման խոշոր հանգույցի չվերածվեց: Դե, ուրեմն, ո՞րն է երաշխիքը, որ ադրբեջանական գազի հաշվին հիմա կհասնի իր այդ երազանքին, երբ արդեն ռուսները շոշափելիորեն վերականգնել են կորցրած դիրքերն աշխարհում եւ արագ թափով շարունակում են վերականգնել: Եվ ապագայում էլ, եթե այնուամենայնիվ ադրբեջանական գազ գնա դեպի Եվրոպա, ապա` ինչ կա որ, դա էլ ավելի կամրապնդի Անկարայի էներգետիկ լծակները` Եվրոպայի նկատմամբ:
Իսկ թուրքական այդ համառությունը, իհարկե, շատ ավելի վտանգավոր է հենց Եվրոպայի համար: Այն պարզ պատճառով, որ սա Վաշինգտոնի համար ընդամենը հակառուսական ինչ-որ գործընթաց է, որի մեջ ինչ-որ չափով ներքաշել է նաեւ Եվրոպային: Բայց մեկ-երկու ամսից կամ մեկ-երկու տարուց այդ գործընթացը կավարտվի, որից հետո, թե խողովակները որտեղից ուր կգնան, Վաշինգտոնի համար որեւէ վտանգ չեն ներկայացնի: Մինչդեռ Ռուսաստանից հումքից զրկված Եվրոպա էներգակիրներ տանելու թեման երկար տարիների համար է, եւ եթե ներկայիս գործընթացների պատճառով առանցքային խողովակաշարերից մեկն այսօր անցնի Թուրքիայով, ապա դրա քաղաքական հետեւանքները Եվրոպան դեռ տասնամյակներ է իր մաշկի վրա զգալու: Ուրեմն` քանի դեռ Ռուսաստանի հետ այս ընթացիկ "կռիվները" չեն վերջացել, պետք է արգելափակել թուրքական ուղղությունը: Իսկ դա ենթադրում է ճնշումներ Անկարայի վրա, ինչի համար Հայոց ցեղասպանության թեման լավ առիթ է: Էլ չասած, որ Հայաստանի "եվրոպականացման" թեման եւս դեռ Բրյուսելի օրակարգում է, եւ ինչ կա, կարելի է այս կերպ հա՛մ թուրքերին ապտակել, հա՛մ էլ` հայերին շոյել:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա անկախ նրանից, թե ինչ հիմքերի վրա է ակտիվացել Ցեղասպանության թեման, մեկ է, դա մեզ միայն ձեռնտու է. վերջին հաշով, երբ Պապը թուրքերին համեմատում է ֆաշիստների հետ, դա հենց այդպես էլ ֆիքսվում է պատմության էջերում, ասենքª ողջ կաթոլիկ աշխարհը այս պահին էլ է հենց այդ կերպ ընկալում Ֆրանցիսկոսի հայտարարությունը: Եվ, իհարկե, Հայաստանը պարզապես պարտավոր է նման իրավիճակից առավելագույնը քաղել: Իհարկեª նաեւ հնարավորինս արագ, հաշվի առնելով, որ Եվրոպան ու Թուրքիան անհամեմատ ավելի սերտ ֆինանսատնտեսական կապեր ունեն, եւ դժվար չէ կռահել, որ այն պահին, երբ եղած հակասությունները ինչ-որ կերպ հանգուցալուծվեն, եվրոպական քաղաքականությունը նորից վերադառնալու է իր անցած հարյուրամյա հուն:
Մեկ նյուանս եւս կա. եվրոպական քաղաքական էլիտայի առանցքային առաջնորդներից մեկի` Հռոմի պապի նման ընդգծված վերաբերմունքը կարող է որոշակի մտահոգություններ առաջ բերել ռուսական քաղաքական այն շրջանակներում, որոնք Հայաստանը պատկերացնում են աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ ու "իրենց գրպանում դրած": Առավել եւս, որ դրան նախորդեց նաեւ Չինաստանի ուղղությամբ ոչ պակաս հետաքրքիր ռեվերանսը: Չնայածª սա եւս մեզ համար միանգամայն ձեռնտու է:
Ամեն դեպքում նկատենք նաեւ, որ մինչ ապրիլի 24-ը այս բազմաքայլ կոմբինացիոն խաղը դեռ բազում ուշագրավ նյուանսներ ի հայտ կբերի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ