Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

"ՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ"

Արխիվ 12-16

"ՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ"


Գորիսի ԲՀԿ տարածքային կազմակերպության ղեկավար Ռոբերտ Հակոբյանի խոսքերով` օրեր առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի, հանրահռչակ Տիգրան Խաչատրյանը իր մեքենայով մոտեցել է Գորիսի կենտրոնում գտնվող խանութներից մեկին, որտեղ կանգնած է եղել Ռոբերտ Հակոբյանն ու հընթացս, իջեցնելով մեքենայի ապակին` սպառնալիքներ ու հայհոյանքներ է տեղացել Ռոբերտ Հակոբյանի հասցեին: ԲՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարը խնդրի առնչությամբ դիմել է իրավապահներին:
"Իրավունքը" այս եւ այլ հարցերի մասին զրուցեց ԲՀԿ առաջնորդ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:
–Տիկին Զոհրաբյան, իրավապահները որեւէ կերպ ընթացք տվե՞լ են վերոնշյալ միջադեպին:
– Մեր գործընկերը դեպքից հետո դիմել է ոստիկանություն, ինչպես վստահեցնում են մեր գործընկերը` Գորիսի տարածքային կառույցի ղեկավարը, ոստիկանությունն ասել է` իրենք անպայման կզբաղվեն գործով: Մենք ակնկալում ենք օպերատիվ արձագանք ոստիկանների կողմից, որն այս պահին չկա: Չեմ կարծում, որ դա բարդ ու խճճված գործ է ոստիկանների համար, որ ոստիկանների համար դրան արձագանքելն այսքան ժամանակ պահանջի: Մենք ամեն օր կապի մեջ ենք մեր գործընկերոջ հետ եւ նոր տեղեկատվություն իմանալու դեպքում անպայման կտրամադրենք լրատվամիջոցներին:
– Մտավախություն չունե՞ք, որ այս գործին իրավապահներն ընթացք չեն տա, քանի որ միջադեպն առնչվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ:
– Իհարկե ունենք: Դրա համար էլ ասում ենք` գործը լինելու է մեր ուշադրության կենտրոնում եւ անպայման հետեւելու ենք գործի ընթացքին եւ պարբերաբար արձագանքելու ենք:
– Փետրվարի 8-ին դաժան ծեծի ենթարկված ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի գործով կա՞ որեւէ նորություն:
– Ես դիմել էի ՀՀ ոստիկանապետին, իսկ հետո ինձ զանգահարեց ՀՀ փոխոստիկանապետը: Ստացել եմ գրավոր պատասխան, որում, սակայն, որեւէ նորություն չկա: Պատրաստվում ենք կրկին դիմել ոստիկանության համապատասխան կառույցին, որը զբաղված է գործի քննությամբ` հավելյալ պարզաբանումներ ստանալու համար:
– Իսկ ինչո՞ւ է գործի բացահայտումն այսքան ձգձգվում:
– Դժվարանում եմ պատասխանել: Հարցը պետք է ուղղեք ոստիկանությանը: Այդքան բա՞րդ է բացահայտել մի գործ, երբ, ինչպես վկայել են բազմաթիվ ականատեսներ, ամբողջ ճանապարհը, որտեղով անցել է այդ սեւ մեքենան, տեսախցիկներ են եղել: Մեզ համար հասկանալի չէ` ինչո՞ւ առ այսօր որեւէ նոր մանրամասն Արտակ Խաչատրյանի գործով չկա:
– Տիկին Զոհրաբյան, այսօր եւս մեկը` Ռաֆֆի Գյոզալյանը, ԲՀԿ ավագանու խմբակցությունից դուրս է եկել: Արդյո՞ք արտահոսք կլինի նաեւ ավագանու կազմից:
– Մենք ասել ենք, եւ մեր դիրքորոոշումը նույնն է մնում` ցանկացած կուսակցական, եթե այլ ծրագրեր ունի եւ դուրս է գալիս կուսակցությունից, բոլորին` այդ թվում նաեւ ԲՀԿ ավագանուց դուրս եկած երիտասարդին, մաղթում ենք հաջողություն: Ես սա ասում եմ ամենայն անկեղծությամբ: Ամեն օր, որպես կուսակցության նախագահ, ԲՀԿ-ին անդամակցելու մի քանի տասնյակ դիմումներ եմ ստանում:
– Արտահոսք չի՞ լինի ավագանու խմբակցությունից:
– Արտահոսք չկա եւ չի կարող լինել: Մեկ-երկուսի դուրս գալը չի կարող ազդել կուսակցության ամրության վրա: Ինչ վերաբերում է այն պատգմավորներին, որոնք դուրս են եկել կուսակցությունից, բոլորի հետ ունենք մարդկային ջերմ հարաբերություններ: Նրանց գերակշիռ մասը մասնակցում է խմբակցության նիստերին, ակտիվորեն ներգրավված են խմբակցության աշխատանքներում: Այնպես որ, բոլոր այն քաղաքական ուժերի ու կենտրոնների ծրագրերը` ԲՀԿ-ի կազմաքանդման ու կազմալուծման հետ կապված, անփառունակ կերպով տապալվեցին:
– Որպես քաղաքական գործիչ` ինչպե՞ս կգնահատեք ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
– Ես ինքս մասնակցել եմ այդ արարողությանը եւ պետք է ասեմ` արարողությունն անչափ տպավորիչ էր: Այն, ինչ տեղի ունեցավ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, պատմական իրադարձություն է: Պատահական չէ, որ Հռոմի պապի ելույթի ընթացքում, երբ նա հնչեցրեց, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, անմիջապես հինգ րոպե անց աշխարհի խոշոր հեռուստաընկերությունները` CNN, BBC, որպես գլխավոր վերնագիր, հրապարակեցին դա: Գիտեք նաեւ` Թուրքիան ինչպիսի տիտանական ջանքեր էր գործադրել` պատարագի չկայացման համար: Դրան հաջորդեցին նաեւ Թուրքիայի ծիծաղելի հայտարարությունները, թե դա Հռոմի պապի անձնական կարծիքն է, ինչպես նաեւ Թուրքիայի դեսպանի հետկանչը Վատիկանից: Գիտեք նաեւ, որ արարողության ընթացքում Հռոմի պապը սուրբ Գրիգոր Նարեկացուն սրբադասեց եւ հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Իսկ կաթոլիկ եկեղեցին ընդամենը 35 փիլիսոփա-մտածողի էր այդ կոչմանն արժանացրել: 36-րդը Գրիգոր Նարեկացին է: Սա եւս լրջագույն իրադարձություն եմ համարում: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագը հստակ կոչ էր համայն աշխարհին` ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
– Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագն իշխանության ձեռքբերումը չե՞ք համարում:
– Ես սա համարում եմ հայ ժողովրդի ձեռքբերումը: Իշխանություն-ընդդիմություն բաժանում ես չէի անի: Կան հարցեր, որոնց դեպքում, փառք Աստծո, մեր դիրքորոշումները միասնական են: Միասնական լինելով` մեզ համար գերակա հարցերում կարող ենք արձանագրել նման հաղթանակներ:
– Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը մեկնեց Հայաստանից: Նրա այցը Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա ի՞նչ ազդեցություն ունեցավ:
– Ինձ համար հասկանալի չէ այն մարդկանց դիրքորոշումը, ովքեր փորձեցին այդ տիկնոջ վրա ցեխ շպրտել: Ուզենք, թե չուզենք, Քիմ Քարդաշյանն ունի համաշխարհային ճանաչում: Քիմ Քարդաշյանի` Հայաստանում գտնվելու օրերին Google-ում "Հայաստան" բառը եղել է ամենափնտրվող բառը: Բազմաթիվ պարբերականներ Քիմ Քարդաշյանի այցի համատեքստում անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը: Դա պետք է համարել կարեւորագույն ձեռքբերում եւ շնորհակալություն հայտնել Քիմ Քարդաշյանին, ոչ թե անպարկեշտ ձեւակերպումներով փորփրել նրա անցյալը եւ հնչեցնել ոչ կոռեկտ գնահատականներ: Ի վերջո, հայ կինը եկել էր Հայաստան` գտնելու իր արմատները: Միայն նրա թվիթերյան գրառումն ունեցել է մի քանի միլիոն այցելու: Արդյո՞ք սա բավարար չէ` Քիմ Քարդաշյանին շնորհակալություն հայտնելու համար: Կարծում եմ` բավարար է:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ