ԿՈՎԿԱՍԻ ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒՐԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՍԿ "ՊԵՏՈՒԹՅԱՆ" ՀԻՄՆԱԴՐԻՆ
Արխիվ 12-16
Բաքվում ադրբեջանական պետության հիմնադիր ՄԱՄԵԴ ԷՄԻՆ ՌԱՍՈՒԼԶԱԴԵԻ միակ կիսանդրին հանել են` դրա փոխարեն տեղադրելով Հեյդար Ալիեւինը: Այս մասին գրում է "Ազադլիգ" թերթը:"Էմին Ռասուլզադեի կիսանդրին Բաքվի մետրոպոլիտենի "Բակմիլ" կայարանին կից էր: Այսօր մետրոպոլիտենի ղեկավար Զաուր Հուսեյնովի հրամանով` կիսանդրին հանվել է եւ տարվել անհայտ ուղղությամբ",- ասված է հրապարակման մեջ: Թերթը գրում է, որ ինչ-ինչ նկատառումներից ելնելով` Բաքվի մետրոպոլիտենի ղեկավարն անհնարին է համարում Հեյդար Ալիեւի կիսանդրու կողքին Ռասուլզադեի կիսանդրու առկայությունը:
Հիշեցնենք, որ 1992-1993 թթ. Ադրբեջանի մի շարք շրջաններում գործադիր իշխանության կառույցների նստավայրերին կից տեղադրվել էին Ռասուլզադեի կիսանդրիները: Ավելի ուշ դրանք հեռացվել էին զանազան պատրվակներով: Մասնավորապես, 2000 թվականին Ադրբեջանի Աղջաբեդի շրջանում` գործադիր իշխանության նստավայրին կից տեղադրված Ռասուլզադեի կիսանդրին հանվել է` վերականգնողական աշխատանքների պատրվակով, սակայն դրա փոխարեն կիսանդրին պարզապես թաղել են հողի տակ: Սեփական "պետության" հիմնադրի ուրացումը հատկապես զավեշտ է նույն Ադրբեջանի` բազմահազարամյա պատմություն մոգոնելու ֆոնի վրա:
Ադրբեջանի յուրաքանչյուր շրջանում տեղադրված են նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանները: Բացի այդ, Ադրբեջանում Հեյդար Ալիեւի անունն են կրում 60 թանգարան, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հիմնական գազամուղը, միջազգային օդակայանը, պողոտան եւ այլն:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
