ՍԷՖԻԼՅԱՆԻ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ "ՕՅԻՆ ՉԵՆ"
Արխիվ 12-16ՍԷՖԻԼՅԱՆԻ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ "ՕՅԻՆ ՉԵՆ"
Մեր ընթերցողը հիշում է, թե ինչպես նախորդ տարի ապտակեցին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին, իսկ ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանին ու Մանվել Եղիազարյանին` քաշքշեցին: Պատգամավորի ու ազատամարտիկների վրա ձեռք բարձրացնողները, թեեւ տարբեր մարդիկ էին, բայց նախկին "եռյակը"` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, "Ժառանգությունը", մեծ աղմուկ բարձրացրին խորհրդարանում վերոնշյալ դեպքերի համար, չնայած ՀՀԿ-ՀՅԴ դատապարտող համատեղ հայտարարություն ընդունելուն, բոյկոտեցին խորհրդարանի աշխատանքը:
Արդեն մի քանի օր է, որ անազատության մեջ են "Հիմնադիր խորհրդարան" շարժման համակարգող քարտուղար Ժիրայր Սէֆիլյանն ու եւս մի քանի անդամներ, սակայն մեր ընդդիմադիրներն առաջվա նման կուրծք չեն ծեծում` Սէֆիլյանին ու նրա համախոհներին ազատության մեջ տեսնելու համար: Սա այն դեպքում, երբ "Հիմնադիր խորհրդարանն" իշխանափոխության հարցն է բարձրացնում, որն ամիսներ առաջ բարձրաձայնում էր նույն "եռյակը": Իսկ այսօր արդեն ՀԱԿ-ն ու "Ժառանգությունը", ԲՀԿ-ն էլ հետը, չեն շտապում իշխանափոխության մասին բարձրաձայն խոսել:
"Իրավունքը" ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանից պարզեց` ինչո՞ւ "Հիմնադիր խորհրդարանի" անդամների ազատության համար չեն կրկնում բոյկոտի նախադեպը: "Իսկ դրանով կազատե՞նք իրենց",- հարցին հարցով պատասխանեց ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:
Իսկ երբ ԱԺ նիստերը ԲՀԿ-ն բոյկոտում էր Արամ Մանուկյանի ու երկու ազատամարտիկի համար, արդյոք դրանից շահեցի՞ն նրանք, պատգամավորի խոսքով` իրավիճակն ու ընդհանուր մթնոլորտը հիմա ու այն ժամանակ տարբեր են: Մեկ հիմնական տարբերություն խնդրեցինք ասել ԲՀԿ պատգամավորին: "Այն ժամանակ կար հասարակական լայն կոնսոլիդացիա` քաղաքական ուժերի շուրջ, լուրջ իրավիճակ էր",- արդարացավ մեր զրուցակիցը:
Ստեփան Մարգարյանի համար անգամ նշանակություն չունի այն, որ "Հիմնադիր խորհրդարան" շարժումը պայքարում է իշխանափոխության համար:
Ինչ վերաբերում է Սեֆիլյանի ու նրա համախոհների ձերբակալությանը` ապրիլի 24-ին անկարգությունները կանխելու համար, Ստեփան Մարգարյանի խոսքով` ինքն այդ անկարգությունները չի տեսել: "Եթե ձերբակալությունն արվել է` առանց փաստ ունենալու, դա վատ է",- եզրափակեց քաղաքական գործիչը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
