ՊԱՏԱՐԱԳ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ. ԻՆՉ Է ԴԱ ՏԱԼՈՒ ՄԵԶ
Արխիվ 12-16ՊԱՏԱՐԱԳ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ. ԻՆՉ Է ԴԱ ՏԱԼՈՒ ՄԵԶ
Եվ այսպես, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւոր իրադարձություններից մեկը` Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես 20-րդ դարի 3 խոշորագույն ոճիրներից մեկը: Մյուս երկուսն են ֆաշիզմը եւ ստալինիզմը: Հռոմի պապի կողմից այդպիսի քայլը նշանակում է, որ այսուհետ աշխարհի 1 մլրդ կաթոլիկների համար Հայոց ցեղասպանության` ծանրագույն ոճիր լինելը անվիճելի փաստ է:
Ու բնական է Թուրքիայի հիսթերիան դրա առնչությամբ, իսկ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից մարազմատիկ պնդման տարածումը, իբր Պապն ունի 12 ոչ պաշտոնական կին, որոնցից 4-ը հայուհի են: Ի դեպ, շատ կարեւոր է եւ այն, որ Հռոմի պապի կողմից Նարեկացին ճանաչվեց Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետը:
ՄԵՐ ԵՐԿՐԻ ԿՇԻՌԸ ԲԱՐՁՐԱՑԱՎ
36 թիվը հայերիս համար կարեւորագույն թվերից մեկն է: Պատահական չէ, որ մեր այբուբենը բաղկացած է 36 տառերից, որոնք ինքը` Մաշտոցը, զետեղել էր արիների քաղաքակրթության հնագույն խորհրդանիշի` այսպես կոչված, սրբազան արեգակնային քառակուսու մեջ: Այն, որ Նարեկացին ճանաչվեց հենց 36-րդ վարդապետ, թերեւս ինչ-ինչ խորհրդանշական եւ խորհրդապահական իմաստ է պարունակում իր մեջ...
Սակայն հարցի միստիկ նշանակությունից անցնենք գործնականին: Իսկ գործնականն այն է, որ մեր ողբերգությունը կարեւորվեց համաշխարհային ընդգրկում ունեցող, այն էլ` չափազանց հին, ազդեցիկ եւ համաշխարհային գործընթացներում նշանակություն ունեցող կառույցի կողմից: Ու դա, չնայած շատ էական դավանաբանական տարբերությունների, Հայ առաքելական եկեղեցու եւ Վատիկանի միջեւ: Իզուր չէ, որ ՀՀ նախագահը իր ելույթում շեշտեց. "Հատկապես քրիստոնեության ընդունումից հետո (գիտեք, որ երկու երկրները քրիստոնեությունն ընդունել են գրեթե միաժամանակ` Հայաստանը 301թ., Հռոմը` 312թ.) երկու ժողովուրդները դարձան նույն արժեհամակարգի կրողներ, եւ առեւտրային ու ռազմական կապերն ամրապնդվեցին նաեւ քաղաքակրթական, մշակութային եւ հոգեւոր առնչություններով": Սերժ Սարգսյանը նաեւ մատնանշել է հետեւյալ նրբությունը. "Խորապես շնորհակալ ենք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին այս աննախադեպ պատարագի գաղափարի համար, որը տեղի է ունենում մեր Հայ առաքելական եկեղեցու կողմից Ցեղասպանության զոհերի սրբադասվելուց երկու շաբաթ առաջ` դրանով իսկ խորհրդանշելով քրիստոնյա աշխարհի համերաշխությունը մեր ժողովրդի հետ":
Մեր երկրի ղեկավարը նաեւ մատնանշեց, թե ինչքան կարեւոր է այն, որ Հայ Դատի շուրջ համախմբված ենք ազգովի, եւ դա բարձրացնում է մեր երկրի ներուժն ու հնարավորությունները. "Մենք` հայրենաբնակներս եւ սփյուռքահայերս, որպես ազգային հավաքականություն, մեծ ուժ ենք: Դրանում մենք պարբերաբար համոզվում ենք, մանավանդ, այն պահերին, երբ հրատապ անհրաժեշտություն կա համատեղելու եւ համադրելու ջանքերը` մարտահրավերներին դիմակայելիս":
"Վճռական պահերին մենք կամք եւ գիտակցություն ունենք միաբանվելու` ի մի բերելու մեր հնարավորությունները` հանուն համահայկական խնդիրների լուծման: Իտալահայ համայնքը ասվածի փայլուն օրինակներից է, եւ ես շնորհակալ եմ ձեզ ձեր պատրաստակամության համար: Սա ուժ է, որի հետ հաշվի են նստում եւ՛ մեր բարեկամները, եւ՛ ոչ բարեկամները":
Իսկ դա շատ կարեւոր է` որ քեզ հետ հաշվի նստեն ե՛ւ դաշնակիցները, ե՛ւ հակառակորդները: Ու, բնականաբար, մեր երկրի կշիռը բարձրացնելը իր անդրադարձն է ունենում եւ ներքաղաքական իրավիճակում:
ՆԵՐՔԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎԵԼ Է
Աչքով չտանք` 100-ամյակի կապակցությամբ միասնությունն ու համերաշխությունը, կարծես թե, ռեալ ստացվում է: Ու դրա արդյունքներից մեկն այն է, որ ներքաղաքական լարվածություն մեր երկրում գործնականում չկա: Հանրությունն էլ մերժողական վերաբերմունք է դրսեւորում ծայրահեղական հոսանքների նկատմամբ:
Խորհրդարանից դուրս պարզ երեւաց հետեւյալը` "100-ամյակն առանց ռեժիմի" շարժումը, մեղմ ասած, հանրության աջակցությունը չի վայելում: "Հիմնադիր խորհրդարանի" ղեկավար կազմի կալանավորումը հանրային ընդվզում չառաջացրեց, դրա առնչությամբ բողոքի ակցիաների մասնակցում է ընդամենը մի քանի տասնյակ մարդ: Եվ չեզոք վերաբերմունքը "Հիմնադիր խորհրդարանի" նկատմամբ փոխվում է դեպի բացասականը, եւ դա չնայած այն հանգամանքին, որ շարժման գլուխ կանգնածների մեջ կան Արցախյան պատերազմի տարիներին մեծ հռչակ ստացած 2 ազատամարտիկ` Ժիրայր Սէֆիլյանը եւ Պավլիկ Մանուկյանը: Այսինքն` բացասական վերաբերմունքը ապրիլի 24-ը հարամելու գաղափարի նկատմամբ շատ ավելի զորեղ գտնվեց, քան համակրանքն ու վստահության պաշարը այդ 2 անձանց նկատմամբ:
Իսկ ՀԱԿ-ի կողմից արտահայտվող ժխտողական եւ թուրքամետ գաղափարները արժանանում են հանրության նողկանքի, եւ այդպիսին է վերաբերմունքը Լեւոն Տեր-Պետրոսյանի, Լեւոն Զուրաբյանի, Հրանտ Բագրատյանի եւ այլոց ժխտողական ելույթներին: Պարզ է, որ մեծագույն հարցականի տակ է ՀԱԿ-ի ներկայությունը 2017-ին ընտրվելիք խորհրդարանում:
Ինչ վերաբերում է "Ժառանգությանը", ապա այդ կուսակցությունը, ընդհանուր առմամբ, խելքը գլխին չի կողմնորոշվել, սակայն անգամ ի դեմս այդ կուսակցության ամենաարմատական եւ ծայրահեղական դեմքի` Զարուհի Փոստանջյանի, տեսնում ենք հակադրություն ՀԱԿ-ին եւ վերջինիս առաջնորդին: Իսկ արմատականությունը այժմ արտահայտվում է ոչ այնքան հակաիշխանական, որքան Հայ Դատի դաշտում:
Պետք է նշել, որ մազութային սուլթանատի ձեռքերով անգլոսաքսերի եւ թուրքերի պատվերի կատարումը` հիբրիդային պատերազմը առավել լկտի ռազմական սադրանքների ու սանձարձակ քարոզչության տեսքով, այդպես էլ չի հասնում իր նպատակին, չի առաջացնում խուճապի եւ հոռետեսության տրամադրություններ երկրի ներսում, դուրս չի մղում ձգտումը` 100-ամյակի հետ կապված միասնաբար բոլոր անհրաժեշտ քայլերը կատարելու: Այսինքն` ե՛ւ մեր թշնամին, ե՛ւ նրա թիկունքում գտնվող համաշխարհային տիկնիկավարները չեն կարողանում հասնել իրենց նպատակին եւ չեզոքացնել հայկական գործոնը: Իսկ այդ գործոնի զորեղությունը մեզ համար օգտակար է նաեւ դաշնակիցների հետ հարաբերություններում, հատկապես այժմ, երբ ԵՏՄ շրջանակներում ձեւավորվում են խաղի կանոնները, եւ յուրաքանչյուր անդամ-պետություն դնում է իր դրվածքը: Այն առավելությունները, որոնք հնարավոր կլինի ստանալ հիմա, մեզ օգուտ կբերեն տասնամյակներ շարունակ, այնպես որ, որոշ ռիսկային ու ոչ միանշանակ դրվագները մեզ չպետք է վախեցնեն եւ հիասթափեցնեն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
